Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն ողջ կյանքի ստեղծածն ու կառուցածն են թողել հայրենի Արցախում, այլ՝ տարիների վաստակը. արցախցիների աշխատանքային փորձի հաշվարկներում խնդիրներ կան

Հունիս 26,2024 16:02

Բժիշկ–թերապևտ Կարինե Բաղյանը Արցախից բռնի տեղահանվելուց կարճ ժամանակ հետո աշխատանքի առաջարկ ստացավ երևանյան բուժհիմնարկներից մեկում։ Աշխատանքի ընդունվելիս այլ փաստաթղթերի հետ՝ նաև մասնագիտական փորձի վերաբերյալ տեղեկանք էր անհրաժեշտ։

Կարինե Բաղյան

Կարինեն դիմեց ՀՀ պետռեգիստր, բայց պարզվեց, որ ոչ միայն ողջ կյանքի ստեղծածն ու կառուցածն է թողել հայրենի Արցախում, այլ՝ տարիների վաստակը։

Կարինեի աշխատանքային ստաժի մասին ինֆորմացիան պետռեգիստրում բացակայում էր։ Աշխատանքային գրքույկը, որ բերել է իր հետ Արցախից տեղահանվելուց, տեղեկանք տրամադրելու հիմք չհամարվեց։ Պատճառաբանեցին, որ այն թվայնացված չէ էլեկտրոնային համակարգում։

«2014թ․-ից աշխատանքային գրքույկ ունենալը պարտադիր չէր Արցախի Հանրապետությունում, քանի որ քաղաքացիների աշխատանքային փորձի (ստաժի) տվյալները թվայնացված էր էլեկտրոնային ցանցում,- պարզաբանում է արցախցի փաստաբան Վադիմ Հայրապետյանը,- Իսկ մինչև 2014-ը քաղաքացիների աշխատանքային փորձի վերաբերյալ տվյալները պահպանվում էին ԱՀ Պետական եկամուտների կոմիտեի, նախկին հարկային ծառայության բազայում»:

Աշխատանքային փորձի բացը արցախցի բժիշկը լրացեց մասնագիտական վերապատրաստումներով․ ստացավ կրեդիտներ, աշխատելու հավաստագիր և հիմա աշխատում է Երևանի «Արաբկիր» հիվանդանոցում։

Կարինե Բաղյանը 24 տարվա մասնագիտական աշխատանքի փորձը ունի՝ չհաշված ծառայության և ուսման 8 տարին։ Դեռ ուսանողական տարիներից է սկսել աշխատել։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Շուշիի պաշտպանական շրջանի գնդում դաշտային բուժքույր էր։ 2000թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, վերադարձել Արցախ, աշխատել Շուշիի շրջանային հիվանդանոցում, ապա՝ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։

«Տարիներ շարունակ մեզանից պարտադիր կենսաթոշակային գումար է գանձվել։ Ունեմ նույնիսկ նամակ ստացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ կուտակային կենսաթոշակի վերաբերյալ։ Հարց է առաջանում, եթե ես չեմ աշխատել, ապա ինչպե՞ս եք գանձել այդ գումարները, և ո՞ւր են գնացել այս տարիներին վճարած իմ հարկերը»:

Կարինեի օրինակը եզակի չէ։

Սոցիալական հարթակներում այս թեմայով անցկացրած կարճ հարցումը բազմաթիվ նման պատմություններ բացահայտեց։ Գրառմանը մեկ օրվա մեջ շուրջ 50 մարդ արձագանքեց՝ ուսուցիչներ, բժիշկներ, փաստաբաններ․․․ Պատմում էին, որ իրենց աշխատանքային փորձի մասին տվյալները նույնպես անհետացել են պետռեգիստրից։ Իսկ կենսաթոշակային տարիքի հասած մարդիկ չեն կարողանում ձևակերպել թոշակը, քանի դեռ էլեկտրոնային բազայում նրանց աշխատանքային փորձի մասին տվյալները չեն վերականգնվել։

Պարզաբանելով իրավիճակը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Մանուկյանը հաստատում է, որ բռնի տեղահանված արցախցիների կենսաթոշակների հետ կապված խնդիրներ եղել են, որոնք հիմա լուծվում են։

«Նախարարությունն արդեն ստացել է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազան, որը ներկայումս շահագործվում է։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում, վճարվում են ԼՂ կենսաթոշակառուների կենսաթոշակները»:

Եթե կենսաթոշակը Արցախում է ձևակերպված եղել և տվյալները առկա են ԱՀ կենսաթոշակային բազայում, ապա մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ի աշխատանքային և զինվորական թոշակը հաշվարկվում է այդ բազայում առկա ստաժով՝ առանց վերանայելու կամ լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու:

2023թ-ից հետո իրենց կենսաթոշակը ձևակերպող մարդկանց աշխատանքային ստաժը հաստատվում է Լեռնային Ղարաբաղում պահպանված և ՀՀ պետական մարմիններին փոխանցած արխիվային տեղեկատվությամբ։ Այն ներառում է 2004-2013թթ անձնավորված հաշվառման և 2014-2023թթ ԼՂ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բազայի տվյալները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն ստացել է ԼՂ անձնավորված հաշվառման թվայնացված բազան։ Այն ներառվել է տեղեկատվական շտեմարանում և կիրառվում է նոր թոշակներ նշանակելու դեպքում։

ԼՂ ՊԵԿ բազայի տվյալների մուտքագրումը ընդհանուր տեղեկատվական շտեմարան ընթացքի մեջ է։

«Այս բազաներից դուրս չպահպանված տեղեկատվությունը ՀՀ-ում վերականգնել հնարավոր չէ,- ասում է նախարարության գլխավոր մասնագետ Գ․ Մանուկյանը,- Առանձին դեպքերում ստաժը հնարավոր կլինի հաստատել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ դատական կարգով կամ քաղաքացիների ներկայացրած՝ իրենց մոտ պահպանված արխիվային տեղեկանքներով»:

 

Իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տվյալները վերականգնելու համար արցախցիները սկսել են արդեն դատարան դիմել։ Փաստաբան Վադիմ Հայրապետյանն այսպիսի շատ գործեր ունի։ Դիմում են մարդիկ, ովքեր իրենց փաստաթղթերը թողել են Արցախում կամ ում տվյալները չեն պահպանվել էլեկտրոնային բազայում։

Փաստաբանը խորհուրդ է տալիս աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրների դեպքում առաջին հերթին դիմել համապատասխան պետական կառույցներին։ Եթե մերժում ստանան, դրանից հետո միայն փորձեն վերականգնել իրենց իրավունքները դատարանում։ Դատական փուլում կարևոր են քաղաքացու ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են իր աշխատանքային փորձի ուղղակի և անուղղակի ապացույցները լինել։

 

Վեհանուշ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930