Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը չի բացառում ցմահ ազատազրկում պատժատեսակ նշանակելու հնարավորությունը.

Հունիս 26,2024 15:32

Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունիսի 14-ին գրավոր ընթացակարգով քննել է Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 30-ի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ պաշտպաններ Ա. Ղազարյանի, Լ. Սահակյանի եւ Կ. Տոնոյանի վճռաբեկ բողոքները:

Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ գործով, հունիսի 14-ի թիվ ԿԴ1/0059/01/16 որոշմամբ, անդրադառնալով գործող քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ տեսակի վերացման պայմաններում կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցին, վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռևս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացում, քանի որ բովանդակային առումով սպանության տվյալ որակյալ տեսակը ոչ թե վերացվել է, այլ փոխվել են դրան հակազդելու մեխանիզմները՝ պայմանավորված օրենսդրի կողմից նշված երևույթին տրված նոր արժեքային գնահատմամբ»։ Ըստ վճռաբեկի, կատարված փոփոխությունը ձևական (կամ տեխնիկական) բնույթ է կրում, և արարքը շարունակում է հանցավոր ու պատժելի լինել նաև նոր փոփոխված քրեական օրենսդրության պայմաններում։

Անդրադառնալով քննարկվող արարքի դեպքում ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ երկու կամ ավելի անձանց սպանության նկատմամբ օրենսդիրն իր պատժողական քաղաքականությունը չի փոխել՝ առավել ևս՝ մեղմացման առումով:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 18:46-ի սահմաններում, իր հորեղբորորդուց հեռախոսով տեղեկանալով, որ իր հայրը չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության և կռվի մեջ Է մտել Վարդան և Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը և պատճառել մարմնական վնասվածքներ, վրեժխնդրության շարժառիթով ՝ նույն օրը իր կողմից վարած ՎԱԶ 2121 մակնիշի 80 DD 004 հ/հ ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք և հրազենով կրակոցներ է արձակել Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի և Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջիններս մահացել են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Այս գործով դատական գործընթացների մասին կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930