Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին

Հունիս 26,2024 14:49

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին։

Վերջիններս պետք է ընդգրկված լինեն աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհի ցանկում՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին 75 բուհի ցանկում՝ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։

Կրթաթոշակ կարող է տրամադրվել լրիվ բեռնվածությամբ և առկա ուսուցմամբ սովորող կամ դիմորդ հանդիսացող ՀՀ քաղաքացուն, եթե նրա ներկայիս կամ ապագա գործատուն իրականացնում է ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցում։ Պետությունը կրթաթոշակը տրամադրում է գործատուի փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը։

Կարգում ամրագրվում է նաև, որ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո աշխատանքի անցնելու կամ շարունակելու հանձնառության պայմանագիր, որը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

Եվ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ տվյալ հաստատությունում ուսումնառությունը կիսատ է թողնում, գործատուն ՀՀ պետական բյուջե է փոխանցում հրաժարագին՝ պետության տրամադրած ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի աշխատաշուկան նոր և մրցունակ կադրերով ապահովելու գործընթացին։

«Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 12-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7381 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930