Ազգային ժողովրդավարական Բեւեռի (ԱԺԲ) անդամ Վահագն Ավագյանի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց նիստը նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանի հարցադրումներով:
«Տպավորություն է, որ մենք ոչ թե գործընթաց ենք իրականացնում, այլ փորձում ենք դրսեւորել ամբիցիոզ վարքագիծ: Կա դատավարական կարգ, ինչ ենք փորձում դրանով ասել, ես սա չեմ ուզում, ես այսպես եմ ուզում»,- հարցրեց դատավորը՝ դիմելով մեղադրյալ Ավագյանին:
«Նախորդ նիստին դուք ասացիք, որ նախազգուշացում կհայտնեք, եթե ես չկանգնեմ: Ես ասացի, որ խնդիր չունեմ, պատրաստ եմ կանգնել, եթե չկանգնելուս պատճառով խոսքիս ազատության իրավունքը պետք է սահմանափակվի: Բայց հանրությունը թող ֆիքսի, որ իմ պաշտպանվելու իրավունքը չսահմանափակելու համար եմ կանգնում, սա դատական նիստ չէ, որ ձեզ հարգելով կանգնեմ: Ես կանգնում եմ, որ իմ նկատմամբ շարունակական բռնությունները նաեւ հետագա դրսեւորում չունենան»,- բացատրեց Ավագյանը:
Դատավոր Շահվերդյանը զարմացավ՝ որտեղի՞ց եք վերցնում էդ բառերը հետապնդում. «Հիմա էլ թե դատարանն է ձեզ հետապնդում: Ձեզ ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ՝ ինչով եք զբաղվում, որ մի հատ էլ հետապնդեմ: Դատարանը ինչու պետք է ձեզ հետապնդի»:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ Ավագյանն արձագանքեց. «Անցած նիստերին ես հրապարակային ապացույցներ եմ ներկայացրել, որ Հայաստանում դատական իշխանությունը տապալված է ու հակառակի մասին ո՛չ դատարանը, ո՛չ դատախազը ապացույցներ չի ներկայացրել, չի էլ վիճարկել: Պարզապես իմ բերած միջնորդությանը, որ այս դատական նիստը չի կարող օրինական համարվել, դուք ընդամենը ասացիք, որ ձեր կարծիքով ձեր օրինականությունը չի տուժում նրանից, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է…»:
Նիստը նախագահող դատավորը կրկնակի զարմացավ երիտասարդի այս վերլուծությունից ու հետաքրքրվեց՝ ինչու է կարծում, որ դատարանը պարտավոր է իր ամեն բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, կամ հակառակում նրան համոզել. «Կարծիք եք ուզում հայտնել, հայտնեցիք, ինչ կապ ունի՝ ես այդ կարծիքը կիսում եմ, չեմ կիսում կամ ձեր այդ կարծիքը իրականությանը համապատասխանում է, թե ոչ»:
Ավագյանն էլ հայտնեց, որ ինչքան ուսումնասիրել է նիստը նախագահող դատավորի գործունեությունը, հասկացել է, որ քաղաքական գործերը Նիկոլ Փաշինյանն հենց նրան է ուղարկում, օրինակ բերեց Աշոտ Փաշինյանի գործը:
Նիստը նախագահող դատավորը հստակեցրեց՝ չի ուղարկում, համակարգն է մակագրում:
Այսքանով ավարտվեցին ԱԺԲ անդամի վերլուծությունները եւ անցան բուն թեմային: Նա հետաքրքրվեց մեղադրող դատախազից՝ որ ապացույցները պետք է ուսումնասիրվեն: Ի պատասխան ասաց՝ մեղադրական եզրակացության մեջ եղածները՝ տուժողի ցուցմունքը, դատաբժշկական եզրակացության արդյունքները, դեպքի վայրի զննության արձանագրությունները, գործով վկաներ չկան:
Վահագն Ավագյանը մեղադրվում է 2022 թվականին մի քաղաքացու երկու անգամ ծեծելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ