Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության բաժիններում փաստաբանների բռնությունների դեպքերը չեն բացահայտվում, ի սկզբանե ակնհայտ էր, որ ունենալու ենք պետության հեղինակության համար խայտառակ իրավիճակ»

Հունիս 26,2024 13:41

Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր։ «Մեդիա» կենտրոնում «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը նշեց, որ շատ կարեւոր է պետական մարմինների կողմից խոշտանգման դեպքի նկատմամբ պատշաճ ու օպերատիվ արձագանքը։ Ըստ նրա՝ ողջունելի են նաեւ 2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգմանը վերաբերող մի քանի դրույթները, ըստ որոնց՝ խոշտանգման հանցակազմի դեպքում վաղեմության ժամկետներ չեն կիրառվում։

Փաստաբան Կարեն Ալավերդյանը նշեց. «Եթե գնահատելու լինենք օրենսդրական դաշտը, կոնկրետ ներպետական մակարդակում, ՀՀ-ում, այո, իրավակարգավորումների առումով կարծես թե որեւէ լուրջ խնդիրներ չկան։ Կոնվենցիայի ոգուն համահունչ՝ մշակված են բոլոր օրենսդրական մեխանիզմները, առկա են բոլոր իրավակարգավորումները։ Սակայն դրանց պրակտիկ կիրառման առումով արդեն ունենք չափազանց մեծ խնդիրներ։ Կարծում եմ, որ եթե հետխորհրդային պետությունների մակարդակով եթե նայենք, ՀՀ-ում տիրող իրավիճակը բավական մտահոգիչ է։ Խոսքը վերաբերում է կոնկրետ փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում արձանագրված դեպքերին եւ դրանց քննության ընթացքում արձանագրված բավական մտահոգիչ պատկերին։

Փաստաբանի խոսքով՝ արձանագրված դեպքերը տարակուսանքի տեղիք են տալիս՝ համոզմունք ձեւավորելով, որ ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտը, նաեւ փաստաբանի մասնագիտական գործունեությունը բավականաչափ երաշխավորված չէ։ «Փաստորեն փաստաբանության ինստիտուտը Սահմանադրությամբ ամրագրված ինստիտուտ է, բայց փաստաբանները չեն գտնվում որեւէ պաշտպանության ներքո։ Հետագայում դրանց տրված արձագանքը, քննության ընթացքը տպավորություն էր ստեղծում, որ սրանք էպիզոդիկ դեպքեր չեն»,- հավելեց Կարեն Ալավերդյանը։

Անդրադառնալով իր եւ իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանության բաժանմունքում կիրառված ֆիզիկական բռնությանը ու դրան հաջորդած քննությանը՝ նա ասաց. «Ինձ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ ունենալու ենք մտահոգիչ, եթե չասեմ պետության վարկի եւ հեղինակության համար խայտառակ իրավիճակ, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, քրեական վարույթն ուղղորդվում է այն ուղղությամբ, որ ունենալու ենք պատկեր, որ քրեական գործը մնալու է չբացահայտված։ Քանի որ որեւէ տարբերակ չկա հերքելու, բացառելու, որ իրականում այդ դեպքը տեղի է ունեցել՝ բռնության գործադրումը եւ պաշտպանյալիս, եւ իմ նկատմամբ, ունենալու ենք մի իրավիճակ, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արձանագրվելու է, որ ճիշտ է, դեպքը տեղի է ունեցել, բայց չի հաջողվել պարզել, թե ովքեր են դրան մասնակցություն ունեցել։ Մենք նաեւ շատ ցայտուն օրինակ ունեցանք, երբ ՆԳ նախարարը ԱԺ ամբիոնից, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, ում քիթը ջարդել էին ցույցերի ժամանակ, ասաց՝ եթե դուք կարողանաք պարզել, թե ով է եղել այդ ոստիկանության ծառայողը, ես երաշխավորում եմ, որ նա անպայման կպատժվի։ Դե կներեք , տուժողը երեւի չի իմացել, որ հանցագործությունների կանխարգելումը, նաեւ բացահայտումը, որը իրավապահների գործն է, ինքը պետք է մասնակցի»։

Փաստաբանը նշեց, որ կոնկրետ իրենց նկատմամբ բռնություն կիրառելու ժամանակ դեպքի վայրում ներկա են եղել առնվազն չորս պարեկային ծառայողներ, որոնց ամրակցված տեսաձայնագրող սարքերը բոլորինը նույն պահին չգիտես ինչու անջատվել են՝ պատճառաբանելով, թե լիցքաթափվել են։ «Չկա որեւէ միամիտ անձ, որն այս փաստարկին կհավատա։ Բնականաբար, այս ամենը կատարվել է շատ հստակ եւ ապացույցները ոչնչացնելու միտումով։ Առաջնահերթ գործողությունները տուժողի հետ կապված կատարվել են բավական ուշացումով։ Խոշտանգումը շատ նուրբ քննության տակտիկա ունի, այդ պատճառով Քննչական կոմիտեում ստեղծված է համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում։ Եթե դեպքին անմիջապես հաջորդող կարճ ժամանակահատվածում այս ապացույցները չեն ամրագրվում, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ այդ ապացույցները հավաքելն արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում»,- նշեց նա։

Ըստ փաստաբանի՝ Հայաստանում մի իրավիճակ է, երբ չկա ցանկություն իրավապահ մարմիններում տեղի ունեցող դատապարտելի երեւույթներին պատշաճ արձագանք ցուցաբերել ու քննություն անցկացնել այդ դեպքերով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930