Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա հասարակություն եւ երկիր, որտեղ անձինք չեն օգտագործում թմրամիջոցներ». ՀՀ քննչական կոմիտեի վարչության պետ

Հունիս 26,2024 13:24

«Յուրաքանչյուր մարմին, որ պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ օգտագործման դեմ, ցանկանում է իր ուժերի ներածին չափով նշված խնդրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել» ,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:

Հովհաննես Համբարյան

Նա որոշ վիճակագրական տվյալներ նշեց. «2022թ Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2266 դեպք, մինչդեռ 2023թ դեպքերը աճել են 123,7 տոկոսով,եւ արձանագրվել է 5070 դեպք: Նշված դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների ապօրինի իրացմանը… Մեծ թիվ են կազմել համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը»:

Հովհաննես Համբարյանը 2024թ առաջին եռամսյակի պատկերն էլ ներկայացրեց. «2024թ առաջին եռամսյակում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք՝ նախորդ տարվա նույն շրջանի 981-ի դիմաց, ինչը նշանակում է, որ աճը կազմել է 14,1 տոկոս»:

Ընդգծեց, որ ունեն թվերի աճ՝ պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ, եւ եթե 2023թ առաջին եռամսյակում քրեաիրավական պատասխանատվության է ենթարկվել 144 անձ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 301 անձ: Վարչության պետը հավելեց, որ 2024թ առաջին եռամսյակում արձանագրվել է աճ՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող թմրամիջոցների առումով: Եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նման 26 դեպք էր գրանցվել, ապա այս տարվա առաջին եռամսյակում այդ դեպքերի թիվը հասել է 182-ի:

Համբարյանի խոսքով, օրինակ` անցյալ տարի ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 1105 գործ է դատարան է ուղարկվել՝ 1307 անձի վերաբերյալ, ինչը նրա ձեւակերպմամբ, կապված է աշխատանքի արդյունավետության եւ դեպքերի բացահայտելիության հետ: «Չկա հասարակություն եւ երկիր, որը չի առնչվում նշված խնդրի հետ եւ որտեղ անձինք չեն օգտագործում թմրամիջոցներ: Իսկ դեպքերի թվի աճը, բնականաբար, անհանգստացնող է, եւ դրանից ելնելով էլ ձեռնարկվել են միջոցառումներ, ուժեղացվել է դրա դեմ պայքարը»,-ասաց Հովհաննես Համբարյանը:

Սուրեն Նազինյան

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն ասաց, որ անցյալ տարի իրենց կենտրոնում բուժում է ստացել 2125 բուժառու, որոնցից 210-ը թմրամիջոցներով պայմանավորված հիվանդություններով, մնացածը՝ ալկոհոլով: «Ցավալիորեն որոշակի աճ կա թմրամիջոց գործածողների թվաքանակի, դիմելիության: Բացահայտումները եւ դիմելիությունը պայմանավորված են երկու հանգամանքով՝ եւ թմրամիջոցների գործածության տարածման աճով, եւ մեր կենտրոնի պայմանների բարելավմամբ: Նարկոլոգիական բուժումը որոշակի պահանջարկ ունի»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930