Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը եկել, մեր ձեռից վերցրել է Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետ են գնացել. Արմեն Գրիգորյան

Հունիս 26,2024 12:46

Այսօր Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վերլուծական կենտրոնի ԱՊՐԻ ֆորումում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ սխալ է «ձվերը մի զամբյուղի մեջ դնել» ու խոսելով վեկտորի փոփոխության մասին՝ նշեց, որ շրջադարձ են անում դեպի աշխարհ:

Aravot.am-ը Արմեն Գրիգորյանին հարցրեց՝ մտավախություն կա, որ այդ ձեր քաղաքականությունը մեզ դարձնելու է Ուկրաինա ու պատերազմի թատերաբեմ ենք լինելու՝ նա պատասխանեց. «Իսկ մինչեւ այդ պատերազմի թատերաբեմ չէի՞նք դարձել, երբ այլ էր իրավիճակը, երբ ամբողջովին կախված էինք Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել, ունեցել ենք, չէ՞: Ես հասկանում եմ այդ նարատիվի առաջմղման նպատակը, բայց եկեք արձանագրենք նաեւ փաստերը: Արձանագրենք այն փաստը, որ մինչ այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով է, որ մենք հայտնվել ենք պատերազմում եւ որոշակի չափով այս փոփոխություններով մենք փորձել ենք կայունություն բերել: Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու: Մեր տարածաշրջանը նույնը չի մնացած տարածաշրջանների հետ եւ կարծում եմ, արդյունավետ օրինակներ են դրանք»:

Հարցրեցինք՝ իսկ կարո՞ղ է ավելի վատ վիճակում հայտնվենք, մինչեւ այդ մենք ունեցել ենք ՌԴ-ի հետ սերտ դաշնակցային հարաբերություններ՝ նա պատասխանեց. «Ունեցել ենք պատերազմ եւ ռուսները եկել են, ՌԴ-ն եկել է, Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին ու վերադարձել են Ռուսաստան, սա է տեղի ունեցել, չէ՞, երբ որ մենք ամբողջովին կախված ենք ՌԴ-ից: Ռուսաստանը եկել, մեր ձեռից վերցրել է Ղարաբաղը, հայերից վերցրել է, վերադարձրել է Ադրբեջանին, հետ են գնացել, սա է իրականությունը»:

Ճշտեցինք՝ Ռուսաստանը վերցրե՞լ է, թե՞ մենք տվել ենք, նա արձագանքեց. «Ռուսաստանը վերցրել է, սա ես պնդում եմ»:

Հարցրեցինք՝ մենք այստեղ կապ չունե՞նք, բա Հայաստանի դերակատարությունը ո՞րն է, մենք էինք ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, Պրահայում Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանի կազմում ճանաչել՝ նա պատասխանեց. «Առանց ՌԴ-ի թույլտվության այս պատերազմը չէր լինի: Մինչեւ Պրահան եղել է ՌԴ նախագահի հարցազրույցը, հարցազրույցները, որտեղ նա ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս»:

Մանրամասները տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930