Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել այդ խախտումները և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ

Հունիս 26,2024 11:29

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պատկանող ունեցվածքի անօրինական օտարումը և բնակեցման փորձերը կասեցնելու վերաբերյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը խստագույնս դատապարտում է Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պատկանող ունեցվածքի անօրինական օտարումը և բնակեցման փորձերը։ Այդ արարքը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և ոտնձգություն բնիկ հայ բնակիչների իրավունքների ու արժանապատվության նկատմամբ, ովքեր բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղն էթնիկապես զտվեց իր հայ բնակչությունից, և Բաքուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շարունակում է զրկել միջազգային պաշտպանության ներքո իրենց տներ վերադառնալու հիմնարար իրավունքից, որն ամրագրված է մարդու իրավունքների միջազգային տարբեր փաստաթղթերում:

Ավելին, Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության շարունակական ապականումն ու ոչնչացումը ջնջում է հայերի պատմական ներկայության հետքը տարածաշրջանում, ինչը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն։

Հանձնախումբը կարևորում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական պատանդների և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման խնդիրը։ Նրանց շարունակվող կալանքը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտում է: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու այդ անձանց և ապահովելու նրանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել այդ խախտումները և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման և Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի բանաձևի հիման վրա:

Հրամայական է, որ քննարկումները ներառեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ և անարգել հավաքական վերադարձը իրենց տներ՝ միջազգային պաշտպանության ներքո: 

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930