Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նրանք երեւի չեն էլ կարդացել Շուշիի հռչակագիրը, որտեղ հստակ ձեւակերպումները կան. Թուրքիա-Ադրբեջան՝ ըստ էության, մեկ դաշնակցային պետության տեսլականն է. Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»

Հունիս 26,2024 11:09

«Հրապարակի» զրուցակիցն է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

– Հայ-թուրքական հարաբերությունները հիմա ի՞նչ կարգավիճակում են, ի՞նչ պրոցեսներ են ընթանում: 

– Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը պետք է երկու առումով գնահատել․ առաջինը` ջանքեր ցույց տալու, որ գործընթացը շարունակվում է, գործընթացում կան ինչ-որ ձեռքբերումներ, առաջխաղացումներ, որոնք իրականում արվում են այս իշխանությունների կողմից, նաեւ իշխանություններին սատարող, այսպես կոչված, վերլուծաբանների կողմից, բայց որեւիցե կապ իրականության հետ չունեն: Երկրորդը․ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունները կարող ենք բնութագրել որպես հայկական սկզբունքային գծերի, ազգային եւ պետական արժանապատվության անկման փուլ, որովհետեւ չեն պահպանվել այն կարմիր գծերը, որոնք տասնամյակներով ձեւավորվել են մեր պետության եւ ազգի համար: Կարմիր գծեր եւ անգամ մեր հայկական խոսույթում մեր պետականությունն ու մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող ձեւակերպումներ, ինչպիսին են՝ Արարատ սարից հրաժարվելը՝ որպես սիմվոլ, Ցեղասպանության հարցի հետ կապված զարմանալի ձեւակերպումների կիրառումը։ Այնքան զարմանալի, որ հարուցել է անգամ Լեմկինի ինստիտուտի որոշակի վերաբերմունքը, եւ նմանատիպ այլ խնդիրներ: Ուստի կարող ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերություններում չլինելով որեւէ դրական առաջընթաց, ավելացել է արժանապատվության զգալի հետընթաց, որը միշտ՝ սկսած 1991 թվականից, մեր պետականության համար կարեւորագույն գործոններից ու խրամատներից է եղել, ու բոլոր իշխանություններն այդ հարցում, ըստ էության, որեւէ զիջում չեն արել՝ պահպանելով ազգային ու պետական արժանապատվությունը:

 – Ձեր նշած, այսպես կոչված, վերլուծաբանների կատեգորիան փորձում է հայ հանրությանը համոզել, որ Թուրքիան Արեւմուտքի գործընկերն է, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի առանցքում բազմաթիվ տարբերություններ ու հակասություններ կան: Այս պնդումը որքանո՞վ է առնչվում իրականության հետ: Այդ մարդիկ համոզում են, որ Թուրքիայի կողմից արվող քայլերը չպետք է ընկալվեն որպես աջակցություն Ադրբեջանին, նույնիսկ եթե այդ մասին բացեիբաց հայտարարում է Թուրքիան: 

– Առաջինը. նրանք չեն հասկանում այն խնդիրը, ինչի մասին խոսում են, որովհետեւ այդ ձեւակերպումները ցույց են տալիս գիտելիքների զրոյական մակարդակը: Երկրորդ․ նրանք երեւի չեն էլ կարդացել Շուշիի հռչակագիրը, որտեղ շատ հստակ ձեւակերպումները կան, եւ երկար պրպտումներ կամ վերլուծություններ պետք չէ անել՝ տեսնելու համար, թե իրականում ինչ է թաքնված այդ՝ Շուշիի հռչակագիր կոչված երեւույթի տակ, որը Թուրքիա-Ադրբեջան՝ ըստ էության, մեկ դաշնակցային պետության տեսլականն է, եւ այնտեղ ֆիքսված են նաեւ խնդիրները, շահերը, առաջնահերթությունները եւ այլն: Ոչ միայն Թուրքիայի հայտարարությունները, այլ նաեւ Թուրքիայի քայլերը ցույց են տվել Ադրբեջանի հանդեպ նրա ոչ թե աջակցությունը, այլ, ըստ էության, ադրբեջանական խնդիրներն առաջ տանելու եւ իր խնդիրը համարելով լուծելու ջերմեռանդությունը: Այնպես որ, այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը եւ չեն հասկանում, թե խնդիրն ինչի մասին է, կա՛մ խաբում են ժողովրդին, մինչեւ ժողովրդին խաբելը՝ խաբում են իրենք իրենց: Ես չեմ կարող հիշել որեւէ լուրջ վերլուծաբանի, առավել եւս՝ թուրքագետի, որը իր մասնագիտական սկզբունքներին եւ մասնագիտական ճշմարտություններին հավատարիմ մնալով՝ կկարողանա անել նման վերլուծություններ եւ նման ձեւակերպումներ:

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930