«Սիրելի′ Ալան, մաղթում եմ, որ Դուք ունենաք դինամիկ, որքան հնարավոր է խաղաղ հնգամյա աշխատանքային ժամկետ, և, իհարկե, անհամբեր սպասում եմ Ձեր արդյունավետ և Վեհաժողովի հետ համատեղ աշխատանքին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ողջունելով ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին՝ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։
Ընտրությունների երկրորդ փուլում շվեյցարացի քաղաքական գործիչ Ալան Բերսեթը 114 ձայնով՝ Վեհաժողովի ձայների մեծամասնությամբ ընտրվեց ԵԽ գլխավոր քարտուղար։ Մյուս թեկնածուները Ինդրեկ Սաարը (Էստոնիա) և Դիդիե Ռեյնդերսը (Բելգիա) ստացել էին համապատասխանաբար 85 և 46 ձայն։
Ալեն Բերսեթը 2012-ից 2023 թվականներին եղել է Շվեյցարիայի կառավարության անդամ։ Այդ ընթացքում նա երկու անգամ զբաղեցրել է Համադաշնության նախագահի պաշտոնը՝ 2018 և 2023 թվականներին: Որպես նախարար՝ պարոն Բերսեթը ղեկավարել է Ներքին գործերի դաշնային դեպարտամենտը: Նախքան կառավարությանը միանալը՝ նա 2003-2011 թվականներին եղել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի անդամ, իսկ 2008-2009-ին նախագահել է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը։
Ալան Բերսեթը շնորհակալություն հայտնեց ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին հնգամյա արդյունավետ աշխատանքի համար բարդ ժամանակահատվածում։
Կարդացեք նաև
Այնուհետև դիմելով Վեհաժողովին՝ ասաց․ «Մեր աշխարհամասում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները զարգացնելու՝ մեր կարողությունների հիման վրա մեզ հավաքական կերպով են դատելու։ Այս ճանապարհը հարթ չէ, հեշտ չէ, բայց կարևոր է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ