Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենատարածված ու սիրված գործիքի՝ կիթառի առաջին մրցույթը Հայաստանում

Հունիս 26,2024 13:00

Առաջին անգամ Հայաստանում կայացավ Դասական կիթառի հանրապետական մրցույթ՝ կազմակերպված Primavera Foundation of Armenia-ի կողմից:  Մրցույթը տեղի ունեցավ 2024թ. հունիսի 17-20-ը՝ Իջեւանում եւ Երեւանում:

Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլեւան մեզ հետ զրույցում ասաց, որ դասական կիթառն այն գործիքն է, որը շատ մոտ է գրեթե յուրաքանչյուրի սրտին եւ այդ գործիքի անունն անգամ դրական զգացմունքներ է առաջացնում: Նա նշեց, որ միայն 2023թ.-ին տարբեր երաժշտական գործիքներ տիրապետող երիտասարդների ու պատանիների համար իրականացրել են թվով 90 վարպետության դասեր: Հայաստանյան եւ արտերկրից ժամանած լավագույն մասնագետները վարպետության դասեր եւ համերգներ են իրականացրել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում՝ շրջելով Նոյեմբերյանից մինչեւ Ագարակ: Արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ամենատարածված երաժշտական գործիքներից մեկը կիթառն է, կան հրաշալի, տաղանդավոր կիթառահարներ, ինչը եւ պատճառ հանդիսացավ հիմնադրամի համար առաջին հանրապետական մրցույթն իրականացնել հենց դասական կիթառահարների շրջանում:

Մրցույթի ժյուրիի նախագահ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների մրցանակակիր Նունե Բադալյանը նշեց, որ մրցույթին մասնակցում էին երեք տարիքային խմբեր՝ մինչեւ 9 տարեկան, 10-ից 12 եւ 13-16 տարեկան: Եզրափակիչ փուլ անցավ 10 մասնակից, որոնց գրեթե բոլորին ճանաչում էր, իր համար հայտնություն էին միայն Իջեւանից ժամանած երկու շատ տաղանդավոր կիթառահարներ: Նունե Բադալյանը հատուկ շեշտեց «Պրիմավերա» հիմնադրամի բարձր պրոֆեսիոնալիզմի եւ նվիրված աշխատանքի մասին եւ հավելեց. «Չեմ ուզում ժամանակից շուտ բացել գաղտնիքները, բայց առջեւում հիմնադրամի հետ մեծ ծրագրեր ունենք, որոնց մասին շուտով կլսեք»:

Ժյուրիի անդամ, միջազգային մրցույթների դափնեկիր, կիթառահար Նիկիտա Նեդելկոն, ով նաեւ հիմնադրամի ուսուցիչներից է, ասաց, որ անցած տարի վարպետության դասեր է ունեցել Երեւանում եւ Հայաստանի մարզերում: Ոգեւորիչ է, որ շատ տաղանդավոր պատանի կիթառահարների է բացահայտել եւ այս տարի տեսնում է նրանց մասնագիտական աճը: Կարեւորում է, որ մրցույթի շրջանակներում կարող են նրանց խրախուսել, աջակցել եւ մղել նորանոր նվաճումների: Հարցին, թե ինչպե՞ս անցավ հայ կոլեգաների հետ իր համագործակցությունը եւ արդյոք ժամանակ ունեցա՞վ աշխատանքից դուրս շփումների համար եւ ոչ միայն, երաժիշտն ասաց, որ ուրախ էր, բացի ժյուրիի անդամի աշխատանքներից, մրցույթի եզրափակչին համերգով հանդես գալ հայ կիթառահարների հետ, հատկապես, երբ միասին ելույթ ունեցան նաեւ քառյակով: Իսկ առհասարակ, հյուսիսից եկած մարդու համար, իհարկե, այստեղ շատ շոգ է եւ մի փոքր դժվար է հարմարվել չափազանց արեւոտ Երեւանին: Նույն ջերմությամբ իրեն այստեղ ընդունում են մարդիկ, բոլորը բարեհամբույր են, շտապում եմ ծանոթացնել քաղաքի տեսարժան վայրերին. «Հայաստանից իմ սրտում կտանեմ միայն ջերմ ու դրական զգացմունքներ»:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 10 մասնակիցները ստացան հատուկ մրցանակներ D’ADDARIO & CO միջազգային ընկերության կողմից, հիշարժան մրցանակներ, դրամական պարգեւներ, ինչպես նաեւ ուսումնական ձեռնարկներ: Դրամական պարգեւներ ստացան նաեւ բարձր տարիքային խմբի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերի հաղթողների ուսուցիչները: Գրան պրին շնորհվեց Քասախի մշակութային դպրոց-ստուդիայի սան՝ 13-ամյա Ռոլանդ Բաղդասարյանին: Նա որպես մրցանակ ստացավ դասական կիթառ՝ Cbonds եւ Yamaha MUSIC SHOP Armenia ընկերությունների կողմից:

Դասական կիթառի 1-ին հանրապետական մրցույթն իրականացվեց Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի եւ Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի համագործակցության արդյունքում:

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930