Ինձ հետեւողները գիտեն, որ Հայաստանի կառավարությանը խիստ քննադատողն եմ, սակայն միշտ փորձում եմ մնալ առարկայական եւ արդար, անկախ անձնական նախապաշարմունքներից: Որպես այդպիսին, ասում եմ, որ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ ողջունում եմ որոշումը։ Ոմանք կարող են կասկածի տակ դնել շարժառիթը, ժամկետը, նպատակը, չեմ խորանալու այս մանրամասների մեջ եւ կվերլուծեմ եւ կքննարկեմ սա զուտ քաղաքական այս տեսանկյունից, առանց որեւէ անձնական բարդույթի։
Իսրայելը պատմականորեն եւ միշտ մնում է ամուր ռազմավարական դաշնակից Բաքվի եւ Անկարայի հետ, նրանք ոչ միայն համագործակցում են, այլ նաեւ ռազմական, ռազմավարական դաշնակիցներ եւ գործընկերներ են, Իսրայելը Բաքուն զինել է ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերով:
Թուրքիան ճանաչեց Իսրայել պետությունը 1949 թվականի մարտի 28-ին եւ առաջինն էր մուսուլմաններով մեծամասնություն կազմող երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Իսրայելը եւ կարճ ժամանակ անց հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Ադրբեջանը ճանաչեց Իսրայել պետությունը 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի անկախացումից անմիջապես հետո։ Այնուամենայնիվ, երկու երկրները պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 1992 թվականի ապրիլի 7-ին։
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը տարիների ընթացքում նշանակալի է եղել, որի գագաթնակետն է մի քանի համաձայնագրեր եւ դաշնագրեր: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ամենաուշագրավ ռազմական պայմանագիրը ստորագրվել է 1996թ.-ին: Այս համաձայնագիրը նշանակալից քայլ է երկու երկրների միջեւ ռազմավարական, ռազմական եւ պաշտպանական համագործակցության մեջ: Այս պայմանագրի հիմնական բաղադրիչները ներառում էին փոխադարձ ուսումնական վարժանքներ, հետախուզության փոխանակում, ռազմական տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, ռազմածովային համագործակցություն: 2024 թվականին Ադրբեջանը Իսրայելից զգալի քանակությամբ զինտեխնիկա է գնել, որոնց սպառազինության գործարքների ընդհանուր արժեքը հասնում է մոտ 5 միլիարդ դոլարի։
Կարդացեք նաև
Չնայած այս դաշինքին, թուրքական դիվանագիտությունը եւ քարոզչությունը մնում են չափազանց խորամանկ, փորձելով խեղաթյուրել փաստերը եւ Էրդողանին ներկայացնել՝ որպես Պաղեստինի եղբայր եւ մահմեդականների իրավունքների պաշտպան: Էրդողանը շահագործելով մուսուլմանական կրոնական զգացմունքները, ներթափանցեց արաբական աշխարհ, ավերելով Սիրիան եւ մրցելով Լիբանանում Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ, ՍԱ-ի ազդեցությունը Լիբանանում նպաստել է կայունությանը աջակցելով չափավոր մուսուլման սուննի ուժերին, որոնք պահպանել են բարեկամական հարաբերություններ հայերի հետ, լիբանանահայ երկու քաղաքական կուսակցություններ` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը եւ ռամկավարները, նույնիսկ դաշինքներ կնքեցին ՍԱ աջակցություն վայելող մահմեդական սուննի չափավոր ազատական «Ապագա» շարժման հետ, իսկ երբ թուրքական ազդեցությունն ուժեղացավ Լիբանանում, նրանք փորձում են հրահրել ծայրահեղ կրոնական շարժումներ լիբանանահայ համայնքի դեմ: Էրդողանը նույնը փորձում է անել արաբական այլ երկրներում, կրոնական բացասական տրամադրություններ հրահրելով հայերի դեմ։
Տարիներ շարունակ արաբական երկրներում հայերը հակազդում են թուրքական նենգ քարոզչությանը` ներկայացնելով թուրք Էրդողանի ալիքը, որպես մուսուլմանամետ շարժում, որը համակրում է արաբական արդար գործին, մինչդեռ իրականում անվերջ պատմական մեղրամիսն է Իսրայելի հետ:
Հիմա Երեւանը խելամիտ քայլ արեց, արաբները մեր բնական դաշնակիցներն ու բարեկամներն են, մեր շահերը համապատասխանում են արաբ ընտանիքին, արաբները պատմականորեն ընդունել են Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, այս քայլը գործնականում նպաստում է արաբական երկրներում հայ համայնքների անվտանգությանը, բարելավում է մեր հարաբերությունները արաբական աշխարհի հետ եւ խեղված է, ըստ էության, Էրդողանի պլանը: Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան վերջին տասնամյակում լուրջ պայքարի մեջ են: Մի փայլուն օրինակ է Կատարի ճգնաժամը, տասնյակ սցենարների թվում: Այն սկսվեց 2017 թվականին, Թուրքիան անցավ Կատարի կողմը այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը շրջափակեցին երկիրը: Թուրքիայի ռազմական աջակցությունը եւ Քաթարում ռազմակայանի ստեղծումը ավելի են լարել նրա հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ:
Սիրիա եւ Լիբիայի հակամարտություններ. Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան տարածաշրջանային հակամարտություններում աջակցել են հակառակորդ խմբավորումներին: Լիբիայում Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության կառավարությանը (GNA), մինչդեռ Սաուդյան Արաբիան ԱՄԷ-ի եւ Եգիպտոսի հետ աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերին:
Երեւանի քայլի վերաբերյալ դրական արձագանքներ են արաբական մամուլում
www.youm7.com. Պաղեստինի պետության արտաքին գործերի եւ արտագաղթողների նախարարությունը ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը։ Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարարությունը նույնպես ողջունեց այսօր՝ ուրբաթ, Հայաստանի Հանրապետության հայտարարությունը Պաղեստին պետությունը ճանաչելու մասին։ Իր հերթին Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կարեւոր քայլ, որն արտացոլում է Հայաստանի կողմից միջազգային իրավունքի կանոններին եւ միջազգային լեգիտիմության համապատասխան որոշումներին համապատասխանելը։
Քուվեյթի պետությունը նույնպես ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը։ Արաբական խորհրդարանը ողջունել է Պաղեստին պետությունը որպես անկախ, ինքնիշխան պետություն ճանաչելու Հայաստանի Հանրապետության որոշումը:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը ողջունել է Հայաստան պետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը։
www.alaraby.co.uk. Ուրբաթ օրը Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ Երեւանին «խիստ հանդիմանելու» այն բանից հետո, երբ նա հայտարարեց Պաղեստին պետությունը ճանաչելու մասին, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխն ասել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի բարեկամ պետության կողմից Պաղեստին պետության ճանաչումը միջազգային իրավունքի եւ միջազգային օրինականության համաձայն»: …Շնորհակալ եմ, բարեկամ Հայաստան: Իր հերթին ՀԱՄԱՍ-ը ողջունել է հայկական հռչակագիրը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թագավորությունը «ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի կառավարության որոշումը»։
Դոհայում Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը»։
Քուվեյթում արտաքին գործերի նախարարությունը քննարկել է Հայաստանի կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը նույնպես ողջունել է Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու Հայաստանի որոշումը:
www.alkhaleej.ae. Արաբական պետությունների լիգան եւ նրա երկրները եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել են ավելի շատ երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։ Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը։
Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի որոշումը:
qudspress.com. Ուրբաթ օրը Հորդանանը ողջունեց Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես «կարեւոր քայլ, որն արտացոլում է Հայաստանի կողմից միջազգային իրավունքի կանոններին եւ համապատասխան միջազգային լեգիտիմության վերաբերյալ բանաձեւերին համապատասխանելը»։ Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ հաստատել է, որ Հորդանանը բարձր է գնահատում Հայաստանի կողմից ընդունված որոշումը եւ աջակցությունը:
Ինչպես են արձագանքում հանրային գործիչները
Հարութ Սասունյան, ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր եւ հրատարակիչ. «Հայաստանը ճիշտ արեց, բայց ինչու սպասեց էսքան երկար տարիներ Պաղեստինը ճանաչելու համար։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չփորձեց մի բան ստանալ Պաղեստինից, օրինակի համար՝ Ցեղասպանության ճանաչումը»։
Արարատ Կոստանյան, միջազգայնագետ, արեւելագետ, Ավսրալիայի Ազգային Համալսարան, Ինդոնեզիայի Միջազգային Իսլամական Համալսարան. «Ողջունելի արարք է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը պաշտոնապես։ Կարող եմ հայտարարել, որ նաեւ ուշացած որոշում էր՝ հաշվի առնելով Իսրայելի դաշնակցային հարաբերություններն Ադրբեջանին, 44-օրյա պատերազմում Ադրբեջանին տրամադրած քաղաքական, ռազմական եւ տեղեկատվական օժանդակությունը։ Նաեւ, Իսրայելի աջ ծայրահեղականների թշնամանքը հայերի նկատմամբ պետք էր հակադարձվեր պաղեստինցիների հետ հարաբերությունների վերսկսման»։
Սերոբ Սահակեան, Երուսաղեմի Հայկական գաղութի ակտիվիստ, հորդանանահպատակ.
«Մենք Իսրայէլին որեւէ բան պարտական չենք ու չենք էլ եղած: Ընդհակառակը, Իսրայէլն է, որ թուրքին խաթեր, ամբողջ 40 տարի մերժածն է մեր ցեղասպանութեան ճանաչման պահանջքը:
Իսրայէլն է, որ ամբողջ 25 տարին զինած է մեր 5000 տղաների արեան պատուհաս Ազրպէյճանը»:
Աշոտ Բագրատունի, լիբանանահայ երիտասարդ ակտիվիստ. «Պաղեստինի եւ հայ ազգերը շատ նույնանման են, սա լավ քայլ է թեկուզ ուշ, բայց գնահատելի է: Դժբախտաբար այդ մեկը անլը՝ թրքական պատվերով՝ Արցախը չճանաչած եւ կորցված՝ հանձնած կառավարության, մի կողմից ծիծաղելի է»:
Յակոբ Քուփճեան, հայրենադարձ. «Ինքնիշխան Հայաստանը պէտքէ ճանաչեր Պաղեստինի անկախութիւնը եւ ոչ ուրիշ երկրի թելադրանքով»:
Նազո Ճերեճեան, լիբանանահայ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Լիբանանի շրջանի վարիչ մարմնոիյ նախկին անդամ, Հայկական Սահակեան Քոլեջի տնօրեն. «Որպէս ամերիկա-սիոնական կառավարող ռեժիմին կողմէ 1948 էն ասդին արհեստական պետութեան մը բարբարոսութիւններէն խորշանք ապրած անձ, ինչպէս նաեւ` արցախեան բոլոր հանգրուաններուն Ատրպէյճան-Իսրայէլ բացայայտ հակահայ ճակատի գոյութեան ականատես, կը ողջունեմ Հայաստանի Հանրապետութեան կողմէ Պաղեստինի պետութեան պաշտօնական ճանաչումը։ Երկու կետ կ’ուզեմ աւելցնել փակագիծերու մէջ։
Առաջին։ Երանի թէ, օր ըստ օրէ աւելցող այս ճանաչւմները քաղաքական լուրջ նշանակութիւն մը ունենան։ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ալ բազմաթիւ երկիրներ կամ խորհրդարաններ ընդունեցին։ Պաղեստինեան պետութեան իրողապէս ճանչնալու բանալիները կը գտնուին Միացեալ Նահանգներու եւ Ռուսիոյ կառավարող ուժերուն գրպաններուն մէջ։
Երկրորդ։ Չեմ հասկնար, թէ այս նոյն Պաղեստինի պետութիւնը ճանչցողները (մերինն ալ մէջն ըլլալով) Արցախի պետութեան պաշտօնական ճանաչումը ինչո՞ւ չկատարեցին»։
Գեներալ Նարեկ Աբրահամեան (Լիբանանի նախկին գեներալ).
«Հայաստանի, այդ պետութիւնը ճանչնալու հիմքը սկզբունքային է, միշտ աջակցիլ մարդկութեան արդար խնդիրներու խաղաղ հանգուցալուծման, որոնց զոհերէն առաջինները 20-րդ դարուն եղած են հայը եւ իր դարաւոր բնօրրանը հայկական բաձրավանդակը։ Յուսանք այս բարձրհոգի նախաձեռնութիւնը օրինակ կ՛ըլլայ ուրիշ պետութիւններու եւ ժողովուրդներու նոյնանման մօտեցում ունենան մարդկային նման խնդիրներու հանգուցալուծման ի նպաստ»։
Սարգիս Եարեալան, Քուվեյթ, Հնչակեան կուսակցութեան Տխրունի Ուսանողական Երիտասարդական միութեան ուսանողական դիվանի նախկին դիվանապաետ.
«Սա ողջունելի քայլ է, բայց ինչու հիմա, ինչ պատճառներ դրդեցին այս որոշմանը, ինչ են դիտավորությունները: Այս կառավարության գործելաոճը ցույց տվեց, որ չունի հստակ ուղղություն՝ արդյոք արկածախնդրական պատեհապաշտ պահի տակ ինչ որ պարտադրանքի կամ շահադիտական մոտեցման արդյունք է, արդյոոք կարճատես թելադրանքի տակ արված»:
Սոնա Աղեկյան, քաղաքական ակտիվիստ. «Նիկոլ Փաշինյանը Պաղեստինը ճանաչեց որպես պետություն այն հանգամանքից հետո, երբ հանդիպեց Էրդողանին հունիսի 20-ին, նաեւ հատկանշական է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն անմիջապես ողջունեց Երեւանի այդ քայլը։ Էս ամենը մտածելու տեղիք է տալիս»։
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.06.2024