Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի թույլ տալ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի անցկացում

Հունիս 26,2024 13:30

«Եվ փոխանակ պայքարեն, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական, իրավական պետություն, նրանք ծափահարում են դատարանների կազմաքանդմանը, քաղաքական հետապնդումներին»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը:

– Ժողովրդավարական ուժերի պլատֆորմ ձեւավորած քաղաքական ուժերը, նրանց միացած ՀԿ- ները եւ անհատները իշխանությունից պահանջում են աշնանը հանրաքվե անցկացնել Հայաստանում` ԵՄ-ին անդամակցության հարցով։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին, մանավանդ որ, ձեր ղեկավարած հասարակական կազմակերպությունն այդ պլատֆորմին միացած Արեւելյան գործընկերության հայաստանյան պլատֆորմի անդամ էր։

-Նախ արձանագրենք, որ պարտադիր չէ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու համար։ Տեղի է ունեցել հակառակը՝ հանրաքվեի միջոցով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալը։ ԵՄ-ին անդամակցելու համար տվյալ երկրի իշխանությունը հայտ է ներկայացնում ԵՄ։ Երկրորդ, ընդունենք, որ Հայաստանը հայտ է ներկայացնում ԵՄ-ին անդամակցելու համար։ Եվ ի՞նչ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն անմիջապես գրկաբաց կընդունի Հայաստանին։ Հաստատապես ասում եմ՝ ոչ և ևս մեկ անգամ ոչ։ ԵՄ անդամակցությանը հերթ են կանգնած Թուրքիան, Սերբիան, Բոսնիա և Հերցոգովինան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Մոնտենեգրոն, որի ազգային արժույթը եվրոն է, դեռևս ԵՄ անդամ չի։ Եվ, պայմանականորեն ասած, ԵՄ-ն չի «շտապում» այդ երկրներին իր շարքերն ընդունելու համար։ Պատճառներն ամեն երկրի համար տարբեր են։ Թուրքիայի դեպքում, ԵՄ-ն անհանգստանում է թուրքերի ԵՄ տարածք ազատ տեղաշարժի և հնարավոր ժողովրդագրական փոփոխություններով և որպես պատրվակ, օգտագործում է մեր ողբերգությունը՝ Թուրքիայից պահանջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սերբիայի դեպքում, ԵՄ-ն պահանջում է Սերբիայից ճանաչել Կոսովոն։ Մյուս երկրների պարագայում, ԵՄ-ն բերում է այլ պատրվակներ, օրինակ՝ արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ և այլն։ Եթե իսկապես, ԵՄ անդամության պայմաններից է արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ, ապա այնպիսի երկրների անդամակցության հայտերը, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան, պետք է մերժված լինեին։ Իրականում, ԵՄ-ն խոստումներ կտա, բայց և ինչպես նշեցի, չի շտապի ոչ Ուկրաինային, ոչ Մոլդովային, ոչ Վրաստանին, հատկապես Հայաստանին ԵՄ անդամ ընդունել։ Ընդունել ԵՄ անդամ վերոնշյալ երկրներին, նշանակում է կրել լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ երկրներին տնտեսապես աջակցելու համար։ Եթե հաշվի առնենք, որ արևելաեվրոպական երկրներն, առանց այդ էլ ֆինանսատնտեսական բեռ են ԵՄ-ի համար, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Ուկրաինային միլիարդավոր եվրոների աջակցությունը, ապա վստահ կարելի է պնդել, որ դեռևս երկար ժամանակ հերթի կանգնած երկրները չեն դառնա ԵՄ անդամներ։ Հայաստանի պարագայում, դրան գումարվում է, որ ԵՄ-ն չի ցանկանա նեղացնել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային։ Արդյոք, այս ամենը հասկանո՞ւմ են խորհրդարանական լսումների մասնակիցները։ Չեմ կարծում, որ նրանք բոլորն այդքան միամիտ են, որ այս ամենը չեն հասկանում։ ԵՄ-ին անդամակցության քողի տակ, նրանք տանում են պատվիրված հակառուսական քարոզչություն։

Ինչ վերաբերում է մեր՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ին, ապա մենք եղել ենք ԵՄ «Արևելյան գործընկերության» ակունքներում, գործընկերության քաղհասարակության պլատֆորմի հիմնադիր անդամ։ Նշեմ, որ 2007 թվականին Բրյուսելում կայացած ԵՄ -Արևելյան գործընկերության հիմնադիր համաժողովին, Հայաստանից ներկա էինք ես ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Արդեն, երկար տարիներ ես և մեր կազմակերպությունը չենք մասնակցում պլատֆորմի գործունեությանը։ Պարզվեց, որ այդ պլատֆորմի եթե ոչ բոլոր, ապա անդամների գերակշիռ մասի համար կարևոր են ոչ թե ԵՄ-ի կողմից հռչակված՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ արժեքները, այլ միայն ու միայն իրենց անձնական, նյութական շահը։ Հակառակ դեպքում, նրանք առնվազն չէին լռի Հայաստանում կատարվող աղաղակող անօրինականությունների ականատես լինելիս։ Եվ փոխանակ պայքարեն, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական, իրավական պետություն, նրանք ծափահարում են դատարանների կազմաքանդմանը, քաղաքական հետապնդումներին։

– Հանրաքվեի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ բավական ուշագրավ բաներ եղան. Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ քաղհասարակությունն ու ժողովրդավարական ուժերը նվազեցնում են իշխանության քննադատությունը, որ օգնեն ու քաջալերեն նրան` գնալ եվրաինտեգրման ճանապարհով, Արման Բաբաջանյանը ՀՀ ԱԺ ամբիոնից ԵՄ դրոշը կախեց ու ՀՀ ինքնիշխանությունից խոսեց, նաեւ «աղբ» անվանեց իրենց կարծիքը չկիսողներին եւ այլն. հետեւե՞ լ եք այդ ամենին, ի՞նչ տպավորություն ստացաք։

– Անկեղծ ասած, ջղեր չունեմ, ձեր հիշատակած անձանց լսելու համար։ Նրանք բոլորն իրենց գործունեությամբ ապացուցել են իրենց անսկզբունքային լինելը։ Նկատեցի՞ք, փաստորեն, ձեր նշած առաջին անձը հաստատեց իմ դիտարկումը։ Ըստ նրա եւ մյուսների, եվրաինտեգրման ճանապարհով կարելի է գնալ ընդդիմադիրներին հալածելով, խաղաղ ցուցարարներին խոշտանգելով։ Ահա թե ինչ են նրանց համար եվրոպական արժեքները։ Իրենց դիրքորոշմամբ, նրանք նաեւ հաստատեցին, որ նրանց համար Արցախը, Տավուշը, վաղը Սյունիքը հայրենիք չեն։ Ինչ վերաբերում է այն անձին, որը «աղբ» է անվանել իրենց հետ չհամաձայնողներին, ապա միայն նրա ներկայությունն այդ խորհրդարանական լսումներին, արդեն կարելի է այդ լսարանը համարել աղբանոց։ Մարդ, որը փաստաթղթեր է կեղծել՝ բանակից ազատվելու համար, ապա հարցաքննության ժամանակ չքմեղանալով, մեղքը գցել է հարազատ մոր վրա, այսօր խոսում է արեւմտյան արժեքների մասին եւ այլոց «աղբ» անվանում։ Ոչ միայն եվրոպական, այլեւ ցանկացած այլ երկրում անհնար է, որ նման մարդը լիներ հասարակական-քաղաքական գործիչ, դեռ մի բան էլ հիմնադրեր սեփական կուսակցություն։ Լսումներին ներկա էր նաեւ նախկին կոմունիստ, մարքսիզմ-լենինիզմի մասնագետ, հետեւաբար՝ աթեիստ, այժմ թունդ հակառուս, արեւմտամետ, քրիստոնյա գործիչ։ Սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունը չի առաջնորդվում բարոյական չափանիշներով։ Ի դեպ, լսումներին ներկա գործիչներից շատերը մաս են կազմում, վարչապետ կոչեցյալին կից, այսպես կոչված՝ արտախորհրդարանական ուժերի ձեւաչափին։ Այդ հանդիպումների ընթացքում, նրանք հանձնարարականներ են ստանում վարչապետ կոչեցյալից եւ հաջորդ իսկ օրվանից տարբեր իշխանական լրատվամիջոցներով համապատասխան քարոզչություն իրականացնում։ Այնպես որ, համոզված եմ, որ հանրաքվեի առաջարկությունը նույնպես վարչապետ կոչեցյալի պատվերն է։ Ամենայն հավանականությամբ, եվրաինտեգրման անվան տակ, հանրաքվեն կներառի նաեւ վարչապետ կոչեցյալի կողմից ասված Հայաստանի տարածքների հանձնման հարցը եւ այն կհրամցվի որպես «հասարակական պահանջ»։

– Հանրաքվեի առաջարկի հեղինակները մի քիչ մեղադրեցին ՔՊ-ին` ՀՀ եվրաինտեգրման ընթացքը դանդաղեցնելու համար, ՔՊ ներկայացուցիչ Արման Եղոյանն էլ նեղսրտեց, թե իրենց համար լսումներ են կազմակերպել` հնարավորություն տալով խոսել, մի բան, որ նախկինում չկար ու կառավարության գործունեությունից վկայակոչումներ արեց, որոնք տանում են ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, խոսում են իշխանության քաղաքական կամքի մասին. Ձեր հետեւությունը ո՞րն է։

– Հերթական համաձայնեցված բեմադրությունը։ Այդ գործիչներն ուզում են ցույց տալ, որ իրենք շատ ավելի արմատական հակառուս են, քան գործող իշխանությունը, անընդհատ պահանջելով, որ Հայաստանը դուրս գա ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, ինչպես նաեւ հեռացնել ռուսական ռազմաբազան։ Ինչպես նշեցի, նրանք բոլորը կատարում են վարչապետ կոչեցյալի հանձնարարությունները, հող նախապատրաստելով այդ ամենն իրականացնելու համար։

– Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա, ի՞նչ սպասելիքներ կարող ենք ակնկալել՝ հաշվի առնելով իշխանության ցածր վարկանիշը։

– GoBackQ- Հայաստանի ողջ պատմությունը, սկսած 1919 թվականից, ցույց է տալիս, որ անկախ թե ովքեր են իշխանության՝ ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, թե ՔՊ-ն, բոլոր ընտրություններն ու հանրաքվեները կեղծվում են, հօգուտ գործող իշխանության։ Այսպիսին է հայ ժողովրդի հոգեկերտվածքը։ Միակ բացառությունը 2003 թվականին կայացած սահմանադրական հանրաքվեն էր, որը չստացավ անհրաժեշտ ձայները։ Դա ունի իր բացատրությունը։ Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխությունները կապված էին Հայաստանի Եվրոպայի Խորհրդի անդամակցության պահանջների հետ։ Դրանցով, որոշակի սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Նախագահն այլեւս չէր կարող լուծարել խորհրդարանը, նշանակել Երեւանի քաղաքապետ, լինել արդարադատության խորհրդի նախագահ՝ նշանակելով դատավորներ։ Եվ համոզված եմ, որ այդ էր պատճառը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այն «ձախողեց»։ Հիշեցնեմ, որ հանրաքվեն անցկացվում էր խորհրդարանական ընտրություններին զուգահեռ։ Եվ անհասկանալի է, որ ժողովուրդը մի կողմից անվստահություն է հայտնում իշխանությանը, մերժելով նրա կողմից առաջարկված Սահմանադրությունը, մյուս կողմից իր վստահությունը հայտնում՝ քվեարկելով իշխանական կուսակցությունների օգտին։ Հաջորդ, արդեն «հաջողված» սահմանադրական հանրաքվեն անցկացվեց 2005 թվականին, բայց հիմնական դրույթներն ուժի մեջ էին մտնելու միայն 2008 թվականից, այսինքն, որպես նոր նախագահի լիազորություններ։

Ցանկացած արտահերթ ընտրության կամ հանրաքվեի մասին խոսակցությունները, որպես պայքարի միջոց, համարում եմ անիմաստ։ Ինչպես 2021 թվականին, իշխանությունը կկիրառի ողջ վարչական ռեսուրսները, կարձանագրի իրեն ցանկալի արդյունք։

Հիշեցնեմ, որ նույնիսկ Երեւանում, որտեղ իշխանության վարկանիշն ամենացածրն է, անցյալ տարի Երեւանի ավագանու ընտրություններում «հաղթեց» ՔՊ-ն։

Այնպես որ, կասկած չունեմ, որ այդ սպասվելիք հանրաքվեի արդյունքները լինելու են կեղծված՝ հօգուտ իշխանության։ Իհարկե, ընդդիմությունը կլծվի հակաքարոզչության, գուցե հետո դիմի սեդասաֆարյանական ՍԴ, գործելով միայն խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Ուղղակի չի կարելի թույլ տալ հանրաքվեի անցկացում։ Իսկ թե ինչպե՞ս, արդեն չգիտեմ, քանի որ 2021 թվականից սկսած, բոլոր ընդդիմադիր շարժումները հաջողության չեն հասել։

Հուսանք՝ առայժմ։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930