Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիտելիքահենք ճանապարհ դեպի բարդ նպատակներ

Հունիս 26,2024 12:00

Կիբերանվտանգության մասնագետ Կարեն Ղազանչյանն առանձնահատուկ ուսումնասիրում է կիբերանվտանգության աշխարհի նորարարությունները եւ դրանք կիրառելու հնարավորությունները: Նա նաեւ ռոբոտաշինության եւ ծրագրավորման մարզիչ է, աջակցում է երիտասարդներին եւ սկսնակներին զարգացնել իրենց հմտությունները: Ակտիվորեն զբաղվում է կամավորական աշխատանքով:

Մասնագիտական ճանապարհի, կրթության կարեւորության եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Կարեն Ղազանչյանի հետ:

– Մարդն իր կյանքում միշտ առաջնահերթություններ է սահմանում։ Հետաքրքիր է՝ որո՞նք են քո առաջնահերթությունները… 

– Առաջնահերթություններն իմ կյանքում միշտ փոխվում են՝ իրավիճակից եւ նպատակներից ելնելով: Սակայն հիմնական արժեքները մնում են նույնը՝ անձնական աճը, որակյալ կրթություն ստանալը, իմ հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքը եւ իմ արժեքների հետ ներդաշնակ ապրելը։ Անձնական կյանքում կարեւորում եմ հարազատների եւ ընկերների հետ իմ հարաբերությունները, իսկ մասնագիտական կյանքում՝ շարունակական սովորելը եւ ինքնազարգացումը:

– Ժամանակակից աշխարհում ամեն օր նոր բան է փոխվում։ Քանի որ «Էրազմուս+» ծրագրով եղել ես տարբեր երկրներում եւ մասնագիտական տեսանկյունից նոր աճ ես գրանցել, խնդրում եմ պատմիր այդ մասին։ 

– Քանի որ կարեւորում եմ կրթությունը, որոշեցի «Էրազմուս» ծրագրերով սովորել տարբեր երկրներում, որպեսզի ժամանակի հետ քայլեմ եւ փորձը բերել իմ հայրենիք։

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում տարբեր երկրներ այցելելը ինձ համար իսկապես արժեքավոր փորձ եղավ։ Սա հնարավորություն տվեց ինձ ծանոթանալ նոր մշակույթների, լեզուների եւ կրթական համակարգերի հետ, որոնք բացեցին իմ հայացքները եւ ընդլայնեցին մտահորիզոնս։ Սա նաեւ հնարավորություն տվեց ինձ ձեռք բերել նոր գիտելիքներ եւ հմտություններ, որոնք կամա թե ակամա նպաստեցին իմ մասնագիտական զարգացմանը:

– Չմոռանանք, որ հաղթող ես ճանաչվել «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում։ Պարտավորեցնելուց բացի, ի՞նչ է տվել այդ հաղթանակը քեզ:

– «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթանակն ինձ համար մեծ պատիվ էր եւ խթան՝ շարունակել աշխատել նույն ջանասիրությամբ։ Այս մրցանակը չնայած պարտավորեցնող էր, այնուամենայնիվ, նաեւ շատ ոգեւորիչ էր, քանի որ ճանաչումը տրամադրեց ինձ ավելի մեծ վստահություն եւ ուժ՝ հետապնդելու նոր ու ավելի բարդ նպատակներ:

– Ի՞նչ ես կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի կրթությունը, որ բավարարի մեր սերնդի ձգտումները։

– Կարծում եմ, որ 21-րդ դարի կրթությունը պետք է լինի ճկուն, բազմաոլորտ եւ կյանքի համար պատրաստված։ Ուսանողները պետք է պատրաստվեն ոչ միայն մասնագիտական կարիքներին, այլեւ անձնական ու սոցիալական զարգացումների վրա։ Կրթությունը պետք է խրախուսի ստեղծագործական մտածելակերպը, ինչպես նաեւ պատրաստի ուսանողներին տարբեր ոլորտներում գործելու ունակություն ունենալուն: Ցավոք, Հայաստանում շատ քիչ դպրոցներում կարող ենք տեսնել որակյալ կրթություն:

– Երիտասարդ մասնագետի համար ի՞նչ հնարավորությունների երկիր է Հայաստանը։ 

– Հայաստանը երիտասարդ մասնագետի համար ունի բազմաթիվ հնարավորություններ, բայց ունի նաեւ որոշ մարտահրավերներ, հատկապես տնտեսական եւ ենթակառուցվածքային տեսակետից: Սակայն այստեղ կարելի է գտնել հետաքրքիր նախագծեր եւ գործընկերներ, որոնք կարող են նպաստել մասնագիտական աճին:

– Ի՞նչն է քեզ ոգեշնչում կամ առաջ մղում։

– Իմ ոգեշնչման աղբյուրները բազմազան են՝ սկսած անձնական փորձերից մինչեւ արվեստը, բնությունն ու տարբեր մշակութային միջոցառումները: Ինքս էլ ձգտում եմ լինել իմ սեփական ոգեշնչման աղբյուր՝ մշտապես նոր բաներ սովորելով եւ փորձելով:

– Երբ մտովի վերադառնում ես մանկություն, ինչպե՞ս ես հիշում քեզ, ինչպիսի՞ երեխա ես եղել:

– Մանկության մասին հիշողություններս հիմնականում ուրախ են։ Շատ ակտիվ, հետաքրքրասեր ու վառ երեւակայությամբ երեխա եմ եղել, որը միշտ փորձել է նոր բաներ սովորել եւ ձգտել լավագույնին: Մինչեւ  հիմա բնավորությանս այդ գծերը պահպանվել են։

– Ի՞նչ դեր ունեն ընկերները քո կյանքում:

– Լավ ընկերն իմ կյանքում շատ կարեւոր դեր ունի: Ընկերը ոչ միայն ինձ աջակցում է դժվարին պահերին, այլ նաեւ ապահովում է էմոցիոնալ աղբյուր: Ընկերային հարաբերություններն օգնում են պահպանել իմ սոցիալական կապերը։

– Վերջին շրջանում ամենաշատն ինչի՞ց ես հիասթափվել։ 

– Խորապես հիասթափվում եմ, երբ բախվում եմ անարդարության: Ինձ հուսահատեցնում են նաեւ փոխադարձ վստահության բացակայությունը կամ անտեղի մեղադրանքները։ Բայց նման իրավիճակներում հայտնվելով՝ նաեւ դասեր ես քաղում, գնահատում ես հնարավոր բարդությունները եւ փորձում ես գտնել ճիշտ ուղիներ դրանցից դուրս գալու համար:

– Ի՞նչ նախասիրություններ ունես արվեստում:  

– Սիրում եմ երաժշտությունը, որն ինձ համար հանդիսանում է արտահայտման եւ կյանքի գեղեցկությունը ընկալելու միջոց:

 Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930