Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ցավ գոյություն ունի՛: Արժանապատվություն՝ նույնպես

Հունիս 26,2024 14:00

Դրանց «անզգայացումը» ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանություններին

«Ինչո՞ւ է իմ կենդանի մարմինն ավելի իրական, բանական ու սրբազան, քան իմ ժողովրդի մարմինը: Կասեն, որ ժողովրդական մարմինը, ինչպես եւ ժողովրդական ոգին, ընդհանրապես գոյություն չունի, որ հասարակական, հավաքական օրգանիզմը միայն փոխաբերություն է՝ առանձին մարդկանց հանրագումարն արտահայտելու համար: Բայց չէ՞ որ այդպիսի, բացարձակապես մեխանիկական տեսանկյունից պետք է գնալ ավելի հեռուն. Իրականում չկա նաեւ անհատական օրգանիզմ եւ անհատական հոգի, այլ գոյություն ունի միայն տարրական նյութական միավորների զուգորդում»: Այդ միտքը 19-րդ դարի վերջում արտահայտել է ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը:

Իսկապես, եթե ընդունում ենք, որ գոյություն ունի ձեւ (փիլիսոփայական իմաստով), միասնականություն, ամբողջականություն անհատական մակարդակի վրա, ապա պետք է ընդունենք, որ այն կա ավելի բարձր մակարդակներում՝ ընտանիք, ազգ, մարդկություն: Եվ եթե դա ճիշտ է, ապա հպարտությունն ու նսեմացումը, հաջողությունն ու տապալումը վերաբերում են ոչ միայն անհատին, այլեւ անհատների այս կամ այն խմբերին:

Մենք ասում ենք, օրինակ, «ընտանիքը մեծ կորուստ է ունեցել» կամ՝ «ընտանիքը ցավ է ապրում»: Արդյո՞ք դա «փոխաբերություն» է: Եթե ոչ, ապա նույնը կարելի է ասել նաեւ ազգի մասին:

Հայաստանում պաշտոնական քարոզչությունը փորձում է համոզել, որ ազգային զգացմունքներ, ցավեր գոյություն չունեն, եւ եթե դրա մասին նույնիսկ խոսվում է, ապա դրանք խաբկանք են, սուտ են, պատրանք: Փոխաբերություն, մի խոսքով:

Ի՞նչը այդ դեպքում կարող է մարդկանց միավորել: Թե՞ նման բան էլ պետք չի: Ամեն մեկը քաշվում է իր անկյունը եւ վայելում է իրեն բաժին հասած նյութական բարիքները: Եվ որպեսզի մեկը մյուսի բարիքներին վնաս չտա, նրանց մեջ պետք է լինեն պայմանագրային հարաբերությունները:

Անշուշտ, դրանք անհրաժեշտ են: Բայց ի՞նչն է ավելի ուժեղ՝ «պայմանագիրը» (ասենք, բիզնեսում), թե՞ լոյալությունը, որը պայմանավորված է մեկ ընտանիքին պատկանելիությամբ: Ընտանիքին՝ լայն իմաստով:

«Պայմանագիրը» ժամանակավոր է, կարող է խզվել, բայց երբ դու ընդունում ես քո խմբի շահերը որպես քո սեփականը, դա փոխում է իրավիճակը: Վարձու, «պայմանագրային» զինվորը կարող է անցնել հակառակորդի կողմը՝ ավելի լավ վարձատրության դեպքում: Ազգային բանակի զինվորը (19-րդ դարից, Նապոլեոնի պատերազմներից սկսած) շատ ավելի ուժեղ մոտիվացիա ունի:

Ինչո՞ւ է ներկայիս իշխանությունը պարբերաբար հարձակվում ազգային խորհրդանիշների, արժեքների վրա՝ Մասիս սարի, Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ զինանշանի, վերջերս էլ՝ խաչքարների վրա: Հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ ազգ, որպես մարդկանց համախումբ, իրականում գոյություն չունի, դա ընդամենը «փոխաբերություն» է: Որ գոյություն ունի միայն մեր «էգոն»՝ մեր մարմնական հաճույքներով:

Ինչի՞ համար է դա արվում, պարզ է՝ իշխանությունը պահելու համար. եթե մարդիկ Հայաստանում հիմա տանեն ազգային տրավմա, զգան ազգային նվաստացում, ապա նրանք չեն հանդուրժի այս իշխանությունը, որը ստեղծված իրավիճակի պատճառն է: Իսկ այսպես՝ պառակտված, անհատականացված, «անզգայացած» վիճակում կարելի է առայժմ շարունակել իշխել:

Եվ հանկարծ չմտածե՛ք, որ մենք 10 միլիոն ենք, հանկարծ չզգա՛ք, որ մեծ թիմի անդամ եք: Ընդհանրապես մոռացե՛ք, որ Հայաստանից դուրս հայեր կան, որոնք նույնպես ազգային զգացմունքներ ունեն:

Իշխանության այս ամբողջ քարոզչությունը, եկեք ճշմարտությանը բաց աչքերով նայենք, այս պահին չափազանց արդյունավետ է ու լվանում է հարյուր հազարավոր մարդկանց ուղեղը:

…2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես ամեն առավոտ արթնանում եմ ամոթի զգացողությումբ: Եվ այդ զգացմունքը կապ չունի իմ անհատական հանգամանքների հետ: Դա ազգային ամոթ է, ազգային խայտառակություն, անպատվություն: Մյուս կողմից՝ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն այս զգացողությունը չի կիսում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    The current government and our intellectual class did have the option to save our people’s self-esteem and national pride. Instead of diffusing their individualistic ideology and blaming anyone but themselves they could’ve emphasized a more honest message that I’m sure our nation would have lucidly accepted: ‘Kiss the hand that you cannot cut’ … it would have at least been an honest acceptance of the reality.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930