Եթե իշխանամերձ շրջանակներից որևէ մեկը այս հոդվածը ընթերցի, ապա խնդրում եմ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա իր հետ հեծանվազբոսանքների դուրս եկող հեծանվորդների առաջ ի թիվս իր նշած պայմաններին ավելացնի ևս մեկ պայման, այն է․ ազգային անվտանգության շահերից ելնելով՝ մասնակիցների սաղավարտները ոչ մի դեպքում կարմիր գույնի չպետք է լինեն, այլապես, թող զգուշացնի, որ ինքը չի երաշխավորում, որ պատերազմ չի լինի։
Թեեւ ի՞նչ եմ ասում։ Մեր սիրելի վարչապետը իր սիրելի կնոջ հետ բնության գրկում հանգիստ իրա համար պառկած նկարվել էր, ոչ ինքն էր կարմիր շորով, ոչ էլ տիկին Աննա Հակոբյանը, բայց միևնույն է ցուլի կերպարանքով որոշ կատաղած ոչխարների դուրը չէր եկել։
Ի դեպ, մեր «լավ ապրել» սիրող վարչապետին հուշեմ, որ ձիարշավությունն էլ շատ հետաքրքիր զբաղմունք է։ Պաղեստինի անկախությունը ճանաչելուց հետո, կարծում եմ արաբական աշխարհը չի զլանա մի հազար հատ արաբական նժույգ նվիրի Հայաստանի ինքնիշխան հանրապետությանը։ Իրենց էլ անպայման կզգուշացնեք, որ նույնիսկ հեռավոր կարմիր գույն հիշեցնող գույներով նժույգներ չուղարկեն, թե չէ նրանց շատ չկա, կբռնեն մուգ կարմիր գույներով նժույգներ կուղարկեն Հայաստան ու դե տղա ես քշի այդ նժույգները։
Բայց դրան էլ ձև կա։ Թող ուղարկեն։ Հինգ հարյուր հատը էժան գնով կվաճառեք Ռոբերտ Քոչարյանի վրա կամ Տոյոտաների հետ կփոխանակեք, հինգ հարյուր հատն էլ Սերժ Սարգսյանի վրա կվաճառեք ու դե թող իրենց կողմնակիցների հետ ձիարշավներ կազմակերպեն։ Ինչ կլինի՝ թող իրենց պատճառով լինի, դուք այստեղ ի՞նչ մեղավոր եք։ Մոռացե՞լ են, որ իրենք են առաջինը Պաղեստինը որպես պետություն ճանաչել, թե դա էլ եք դուք արել։ Կամ լավ, էդ սաղ մի կողմ, իրենք չե՞ն տեսնում, որ նժույգները կարմիր են, ինչո՞ւ են դրանցով փողոց դուրս գալիս։ Մի խոսքով, ամեն ինչին էլ ձև կա էլի, հո ես չեմ ձեզ սովորեցնելու։
Կարդացեք նաև
Այս համատեքստում կա մի ճշմարտության նշույլ, որը թեև թույլ, բայց հայեցի շողաց Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքների ընթացքում՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ելույթի ժամանակ, որտեղ նա շատ հիմնավորված կասկածներ հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ձգտումների կապակցությամբ։ Շատ ողջունելի է, որ դրա մասին խոսում է իշխող կուսակցության ներկայացուցիչը։ Փաստորեն արդեն Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունում էլ են գիտակցել, որ կարմիր շոր հագնենք թե այլ գույնի կամ հեծանիվ քշենք թե արաբական նժույգ, միևնույն է՝ մեզ հակադրվելու համար մեր հարևանները միշտ ինչ որ բան գտնելու են։
Այստեղ շատ բարդ մաթեմատիկական խնդիր չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է, հարգելի իշխանություններ, հասկացեք վերջապես, որ մենք պետք է կառչած մնանք մեր սրբազան ավանդություններից, Հայկական իշխանությունները չպետք է պատերազմեն Արցախի դեմ, Սփյուռքի դեմ, խաչի դեմ։ Չպետք է պատերազմեն խաչքարերի դեմ, Խաչյալ Հիսուսի ու նրա ճշմարիտ հետևորդների դեմ։
Այլ խոսքով, հարգելի պարոն Փաշինյան, դժվար է Ձեզ հետ չհամաձայնել, որ «լավ ապրելը» լավ բան է, բայց հավատացեք ինձ․ ճիշտ ապրելն ավելի լավ բան է։ Ինչքան ուզում ես լավ ապրի, եթե սխալ ես ապրում՝ ապահով չես ապրում։ Մի՛ ապրեք ինչ որ մեկի ինադու, պարզապես մնացեք հայ ու ապրեք հայեցի։ Աստված մարդուն ապաշխարելու համար միշտ ժամանակ տալիս է, բայց չպետք է չարաշահել Նրա համբերությունը։ Ես չէի ասի այս ամենը, բայց տեսնում եմ, որ Դուք ու ձեր համախոհները դրա կարիքն ունեք։ Իջեք երկնքից ու քայլեք երկրի վրա, դուք դա կարող եք անել։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ