«Հայաստանում լուրջ ընդդիմություն չկա», – սիրում են կրկնել իշխանության ներկայացուցիչներն ու երկրպագուները: Նրանց համար դա, որպես կանոն, բռնաճնշումների եւ վայրագությունների արդարացում է: Եթե «լուրջ չեն», ապա կարելի մարդկանց բանտ նետել, նրանց գլուխները ջարդել եւ նրանց վրա լուսաձայնային նռնակներ կիրառել:
Երբեմն «անլրջության» թեմայով խոսում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, հավակնում են տեղ զբաղեցնել քաղաքական համակարգում, բայց ինչ-ինչ պատճառով դա չեն կարողանում անել:
Քանի որ ես ո՛չ «տիտղոսավոր», ո՛չ էլ «անտիտղոս» ընդդիմության հետ որեւէ կապ չունեմ (դե, իշխանության մասին էլ չենք խոսում), փորձեմ օբյեկտիվ լինել: Ինչով է չափվում ընդդիմության «լրջությունը»: Առաջարկում եմ 3 չափանիշ:
1/ Կարողացե՞լ է արդյոք ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնել: Ոչ, չի կարողացել: Նույնիսկ ամենամարդաշատ միջոցառումներին փողոց է դուրս եկել այնքան մարդ, որ իշխանությունն իր բազմահազար «բերետներով» կարողացել է ցույցերը ճնշել: Հետեւաբար, ընդդիմությունը չի կարողացել հասնել իր հայտարարագրած նպատակներին եւ այդ առումով լուրջ չէ:
Կարդացեք նաև
2/ Արդյոք կիրառվող քաղաքական տեխնոլոգիաներով ընդդիմությունն ավելի համոզիչ է, քան իշխանությունը: Դարձյալ ոչ: Բանսարկությունների, պիտակավորումների, ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով կոլեկտիվ հարձակումներ կազմակերպելու, մարդկանց ուղեղները լվալու առումով այսօրվա իշխանություններն անգերազանցելի են, եւ այդ տեսանկյունից ավելի լուրջ են:
3/ Գաղափարական առումով ներկայիս ընդդիմությունն առավելություն ունի: Փաշինյանն ու նրա թիմը գովազդում են Էրդողանի ու Ալիեւի անվերջանալի պահանջներին ընդառաջ գնալու եւ դրանով Հայաստանում իբր «լավ կյանք» ապահովելու «գաղափարախոսությունը»: Դա չափազանց անլուրջ է, որովհետեւ բերելու է թե՛ պատերազմի, եւ թե՛, ի վերջո, պետականության կորստի: Այդ առումով նման խելահեղ «գեդոնիզմին» հակադրվող գաղափարներն ավելի լուրջ են:
Բայց այստեղ պետք է վերապահում անել, որ նախորդ եւ այս իշխանություններն այնքան են այլասերել մեր քաղաքացիներին (ռուսերեն բառ կա՝ «растлить»), որ նրանց մեծամասնությունն այլեւս չի հավատում ոչ մի լուրջ գաղափարի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ