Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են հունիսի 24-ին աշխատանքից ազատված ու խիստ նկատողություն ստացած ոստիկանները

Հունիս 25,2024 23:23

Հունիսի 24-ին ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի որոշմամբ՝
ոստիկանության մեկ ծառայող ենթարկվեց կարգապահական պատասխանատվության՝ «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժի, եւս մեկի նկատմամբ կիրառվեց «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ տույժերի ենթարկված ոստիկանների կամ նրանց տույժերի ենթարկելու պատճառների մասին ոչ մի տեղեկություն չկա: Երբ փորձեցինք ճշտել ՝ ովքեր են կամ ինչի համար են տույժերի ենթարկվել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ եթե պետք լիներ, այդ տեղեկությունը կհրապարակեին: Իսկ եթե մեզ շատ է հետաքրքրում, կարող ենք գրավոր հարցում ուղարկել:

Պարոն Գաբրիելյանն ասաց նաեւ, որ չի կարող հայտնել, թե տույժերն արդյոք կապ ունեին «սրբազան շարժման» ժամանակ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հետ:

ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված ոստիկանների տույժերը որեւէ կապ չունեն ցույցերի հետ, այլ տվյալներ նա չհայտնեց:

Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին չի զարմացնում փաստը, որ հունիսի 12-ին քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ ու հատուկ  միջոցներ կիրառած որեւէ ոստիկանի նկատմամբ դեռեւս չկա աշխատանքից ազատում կամ որեւէ այլ տույժ:

«Դեպքերի հետ կապված քննությունը դեռ ընթանում է, այն բավականին երկար ժամանակ կտեւի: Հետո կտեղեկացվեք, որ որոշ մարդկանց նկատմամբ գուցե ինչ-որ տեսակի գործողություններ՝ գուցեեւ նկատողություն, մինչեւ իսկ աշխատանքից հեռացում կարող է լինել: Բայց այդ բոլոր մարդիկ կարճ ժամանակ հետո հայտնվելու են ավելի բարձր պաշտոններում ու պրեմիաներով: Այդպես է եղել նախկինում, այդպես է լինելու վաղը, որովհետեւ այս համակարգում որեւէ բան չի փոխվել» ,- մեզ հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը:

Ինչ վերաբերում է հունիսի 24-ին տույժերի ենթարկված ոստիկանների տվյալները ու տույժերի ենթարկվելու պատճառները ՆԳՆ-ի կողմից չհրապարակելուն՝ Նինա Կարապետյանցը նկատեց. «Չեմ կարծում, որ օրինակ որեւէ ոստիկան, ուսադիր ունեցող պաշտոնյա, ավելի բարձր պաշտպանվածություն պետք է ունենա, քան դատավորները: Եթե դատավորների վերաբերյալ կարգապահական նիստերը հրապարակային են, նրանց վերաբերյալ կարգապահական որոշումները հրապարակային են` հետեւաբար ոստիկանների նկատմամբ կիրառված որոշումները եւս պետք է լինեն թափանցիկ: Մենք ոչ միայն վերջնական որոշումը տվյալ անձի նկատմամբ պետք է իմանանք, այլեւ տվյալ ոստիկանի անուն, ազգանուն ու թե ինչ հիմնավորումներով է նրանց նկատմամբ որոշումը կայացվել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930