Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 20-ին Տավուշի մարզի բողոքի ակցիաների և իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ գլխավոր դատախազություն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ստացվել:
ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ մայիսի 20-ին՝ երեկոյան, պաշտպանի ներկայացուցիչն այց է իրականացրել Նոյեմբերյանի բաժին, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, արգելանքի վերցված անձանց իրավունքներին առնչվող որոշ հարցեր քննարկել նաև Նոյեմբերյանի բաժնի իրավասու ներկայացուցչի հետ:
ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար վարչական ձերբակալման են ենթարկվել և Նոյեմբերյանի բաժին են տեղափոխվել 13 անձինք: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել տվյալ պահին բաժնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ:
Կարդացեք նաև
Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք հայտնել են, որ արգելանքի են վերցվել ժ.16.15-ից ժ.16.30-ի սահմաններում Ծախկավան-Կիրանց ճանապարհատվածից:
Մ.Թամրազյանի պնդմամբ՝ վարչական ձերբակալման ենթարկվելիս իր նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, հարվածներ է ստացել գլխին, որովայնին, կողոսկրերին և ոտքին, Մ.Թամրազյանի առողջական վիճակով պայմանավորված շտապօգնության կանչ է գրանցվել Նոյեմբերյանի բաժին, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Ա.Ազիզյանը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ ոստիկանության ծառայողները առանց օրինական պահանջ հնչեցնելու, բիրտ ուժի կիրառմամբ արգելանքի են վերցրել իրեն, հավելել է, որ արգելանքի վերցվելիս ոստիկանության ծառայողների կողմից հնչել են արժանապատվությունը նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածներ են հասցրել ոտքերի շրջանում:
ՄԻՊ աշխատակազմի հաղորդման հիման վրա ՀՀ քր. օր. 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հունիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ