«ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ իմ հանդիպումներից իմ եզրահանգումն այն է, որ նրանք հանձնառու են խաղաղության գործընթացի հետ կապված, բայց մենք Ամերիկայի հայկական համագումարում լուրջ մտահոգություն ունենք Ադրբեջանի՝ հանձնառու լինելու հետ կապված՝ հիմնված ռազմատենչ և դատարկ խոստումների երկար տարիների պատմության վրա»,- ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցկացված «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Քննարկման ընթացքում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան, հղում կատարելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, նշեց, թե իբր ՀՀ-ն չի կատարում իր պարտավորությունները՝ մասնավորապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով։
Նա ասաց, թե իբր ՀՀ-ն ոչինչ չի անում ապահովելու կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Կարդացեք նաև
Այս առիթով Բրայան Արդունին, կրկին հիշատակելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նշեց․ «Նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորություն էր ստանձնել ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, որը Ադրբեջանին պարտավորեցրել էր նաև միջազգային դատարանը։ Համաձայնագրի կետերից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը պարտավորվում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Բայց Ադրբեջանը այդ պարտավորությունը չի կատարում, ընդհակառակը, ավելացնում է գերիների թիվը՝ ներառյալ Արցախի առաջնորդներից շատերին, որոնք շարունակում են ազատազրկված մնալ, ունեն սահմանափակ հաղորդակցություն իրենց ընտանիքների հետ, ոմանք ենթարկվում են խոշտանգումների, և ոչ ոք չի կարող օգտվել օրենքի պատշաճ ընթացակարգից: Ազատազրկման մեջ են գտնվում Արցախի նախկին նախագահներ, նախարարներ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը համաշխարհային հայկական համայնքի ամենաճանաչված առաջնորդներից է։ Նա ակտիվորեն ներգրավված է եղել տարբեր տնտեսական և հումանիտար ծրագրերում Հայաստանում և Արցախում՝ իրականում մոտ 700 ծրագրերում: Ապրիլին ի նշան իր ապօրինի բանտարկության՝ նա սկսեց 21-օրյա հացադուլ։ Ապրիլին այդ մասին իրականում ոչ ոք չգիտեր, մենք ավելի ուշ իմացանք:
Ի պատասխան Ադրբեջանը նրան ստիպում էր ժամերով կանգնած մնալ, թույլ չէին տալիս քնել, զրկել էին խմելու ջրի հասանելիությունից։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին։
Իրոք, դժվար է պատկերացնել իրական խաղաղություն Ադրբեջանի հետ, երբ նա շարունակում է պահել քաղբանտարկյալներին՝ ըստ էության որպես պատանդների, և պետք է նշել, որ ԵՄ-ն, Կոնգրեսի անդամները, ներառյալ վերջերս սենատոր Մարկին և Ֆրանսիայի Սենատը, կոչ են արել խաղաղության համաձայնագրի, որը ներառում է այս բանտարկյալների ազատ արձակումը։ Պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որն ընդգծում է Ադրբեջանում մարդու իրավունքների մի շարք կարևոր խնդիրներ: Ես չեմ պատրաստվում անդրադառնալ այդ ամենին, բայց, ըստ էության, զեկույցը խոսում է ապօրինի և կամայական սպանությունների մասին. անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումների և դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի մասին՝ երբեմն կյանքին սպառնացող բանտային պայմաններ. կամայական կալանավորումներ, դատական իշխանության անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, քաղբանտարկյալներ և կալանավորներ, լուրջ չարաշահումներ հակամարտության հետ կապված՝ ներառյալ քաղաքացիական բնակչությանը պահանջվող ապրանքների կանխամտածված զրկելը և մարդասիրական օգնության մերժումը, խոսքի և լրատվամիջոցների ազատության լուրջ սահմանափակումներ և այլն։
Մենք շարունակում ենք մնալ խորապես անհանգիստ և շարունակում ենք կոչ անել ազատ արձակել բոլոր հայ գերիներին»։
Էսմիրա Ջաֆարովան արձագանքեց՝ Ադրբեջանը 2020-ի պատերազմից հետո 200 հայ ռազմագերիների է ազատ արձակել, իսկ նրանք, որոնք այժմ ազատազրկման մեջ են, նրա բնորոշմամբ իբր քրեական հանցագործներ են Ադրբեջանի Սահմանադրությամբ․ «Այդ թվում Վարդանյանը, որն իրականացնում էր ապօրինի գործողություններ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ