Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստական բանականության սերունդ» ծրագրի առաջին տարվա ձեռքբերումները․ 10-րդ դասարանցիների առաջին սերնդի և ուսուցիչների անցած ուղին

Հունիս 25,2024 20:44

Հունիսի 25-ին առաջին ուստարվա արդյունքներն ամփոփվեցին Հայաստանում ապագա նորարարների կրթական ուղին ձևավորող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի դպրոցական նախագծում։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) «Կոնգրես Երևան»-ում կայացած մեծ միջոցառմանը գործընկեր կառույցների, ուսուցիչների, աշակերտների և վերապատրաստողների լայն համայնքի հետ ամփոփեց 2023-ի սեպտեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում փորձարկվող «ԱԲ սերունդ» ծրագրի 2023-2024 ուստարվա ձեռքբերումները՝ ներկայացնելով ծրագրի մասնակից 350-ից ավելի աշակերտի ուսումնական ուղին և ուսուցիչների վերապատրաստման արդյունքները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը․ «Սա այն կարևոր ծրագրերից է, որի մեկնարկն ուղղակիորեն աջակցում է կրթության ընդհանուր ռազմավարության իրագործմանը։ Ծրագիրը ցույց տվեց, որ երեխաները կարող են ոգևորված լինել կրթության բովանդակությամբ, վարակել ու վարակվել նախաձեռնողականության ոգով։ Մեզ համար նշանակալի է, որ բոլորս կիսում ենք նույն տեսլականը և համատեղ աշխատում ծրագրի բարելավման և ընդլայնման ուղղությամբ»։

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, կարևորելով արհեստական բանականության զարգացումներին հարմարվելու անհրաժեշտությունը, նշեց․ «ԱԲ-ն արդեն մեր ներկան է, և կարևոր է, որ այս ուղղությամբ կրթությունը սկսվի հենց դպրոցից։ Ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներում որակական տարբերությունն ակնառու է, և նախարարությունը հաստատակամ է աջակցելու ծրագրին՝ նպաստելով նրանց գիտելիքի կիրառմանը հատկապես մարզերում»։

FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն էլ ամփոփեց ծրագրի բաղադրիչներն ու նպատակը․ «Մոտիվացիան մեկն է՝ կրթել ապագա նորարարների՝ հնարավորություն տալով իրենց ներուժն իրացնելու Հայաստանում և ի շահ Հայաստանի։ Առանցքայինն այս ծրագրում մրցունակ կրթության հասանելիության ընդլայնումն է․ դրան է ուղղված մաթեմատիկահեն կրթության մեծ բաղադրիչը, որը աշակերտներին տալիս է նաև ԱԲ-ին կից ոլորտներում՝ ռոբոտաշինության, ինժեներիայի մեջ ներգրավվելու հնարավորությունը։ Կարևոր է նաև մասնագիտական կողմնորոշման կողմն ու անմիջականորեն ոլորտային կառույցների և մասնագետների հետ ծանոթանալու սովորողների փորձառությունը։ Python ծրագրավորման լեզվի ուսուցումն էլ այն կարևոր տեխնոլոգիական հիմքն է, որն անհրաժեշտ է սովորողների մասնագիտական կայացման համար»։

Միջոցառման երկրորդ կեսում «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին ամփոփվեցին FAST-ի հետ գործընկերության շրջանակում իրականացված Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման արդյունքները՝ եզրափակվելով «ԱԲ սերունդ»-ում ներգրավված մաթեմատիկայի և ԹԳՀԳ (Python)-ի 39 ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով վերապատրաստման պատասխանատու գործն իրենց վստահելու համար, առանձնահատուկ կարևորեց վերապատրաստողների և ուսուցիչների դերը ծրագրի հաջողման գործում․ «Վերապատրաստողները, մենտորները, դասալսողները որոշակիորեն անտեսանելի, բայց ծավալուն աշխատանք են կատարել՝ իրենց փորձն ու գիտելիքը փոխանցելով վերապատրաստվող մասնագետներին։ Շնորհավորում եմ ծրագրի ուսուցիչներին, որ համարձակությունն ունեցան նորը սովորելու, փորձարկելու և մասնակիցը դառնալու նման կարևոր առաքելությանը»։

Զուգահեռ, ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրի մասնակից 15 ավագ դպրոցների աշակերտների նախագծային աշխատանքներին՝ ցուցադրված միջոցառման էքսպո անկյունում։

——————————————————————————————————————————-

 

«ԱԲ սերունդ»-ը բազմաշերտ ու համապարփակ կրթական ծրագիր է, որը FAST-ը իրականցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ձևավորելու ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին՝ դպրոցից մինչև դոկտորական մակարդակ։ Ծրագրի առաջին՝ դպրոցական բաղադրիչի փորձարկումը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ հնարավորություն տալով աշակերտներին ձևավորելու արհեստական բանականության ոլորտում մասնագիտացման համար անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները, մեծացնելու հետաքրքրությունն ԱԲ-ի, մաթեմատիկահեն մասնագիտությունների և նորարարության հանդեպ, ինչպես նաև բացահայտելու Հայաստանի զարգացման համար նոր հեռանկարներ բացող ԱԲ-ի ոլորտում առկա հնարավորությունները։

 

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930