Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից տարածքային պահանջ Հայաստանին՝ մինի ֆուտբոլի միջոցով․ ի՞նչ է սադրում Ադրբեջանը

Հունիս 25,2024 19:35

Վաղը՝ հունիսի 26-ին, Ադրբեջանում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի» մինի ֆուտբոլի գավաթի խաղարկություն։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած այս տեղեկությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ « Շատ «խաղաղ» ադրբեջանցիները պատրաստվում են մինի ֆուտբոլի Արևմտյան Ադրբեջանի գավաթին…

Դե, իսկ մենք էլ շատ հնազանդ ու խղճուկ ընդունում ենք Բաքվի՝ մեզ ստորացնելու բոլոր քայլերը, քանի որ Ալիևը մեզանից վրեժխնդիր է լինում ու քանի որ հայ ժողովրդի ինչ֊որ մի հատված հանդուրժում է Նիկոլ Անհողին…»։

Aravot.am -ի հետ զրույցում քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այս քայլով Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ինքը չի հրաժարվում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։

«Ադրբեջանի իշխանությունները համարում են, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն անունով երկիր գոյություն չունի և այդ երկրի ամբողջ տարածքը հերթական անգամ ներկայացնում են որպես Արևմտյան Ադրբեջան։

Ադրբեջանի այս լկտիությունը պայմանավորված է Հայաստանի գործող իշխանությունների թրքամետ արտաքին քաղաքականությամբ և Նիկոլ Փաշինյանի կողմից Ալիևի շանտաժ-պահանջները շատ արագ կատարելով։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանն ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլի վերջին, անցկացրեց համադպրոցական օլիմպիադիա․ 9-10-րդ դասարանի երեխաները շարադրություն էին գրում, թե ինչպես էին իրենք պատկերացնում վերադարձը դեպի Արևմտյան Ադրբեջան։ Նույն խորագրով էլ անցկացվում էր օլիմպիադան՝ երեք փուլով։

Ի դեպ, երրորդ փուլն անցկացվում էր Հեյդարապատ և Սադարակ քաղաքներում, որոնք գտնվում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային մասում՝ հենց Հայաստանի Հանրապետության սահմանակից շրջանում, և ամբողջ ադրբեջանական մամուլը ողողված էր այդ միջոցառումների լուսանկարներով։

Էլ չասեմ, որ Ադրբեջանի իշխանությունների անմիջական ակտիվ մասնակցությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունը, որը երեք լեզուներով առավոտից իրիկուն ներկայացնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես իբր թե պատմական Ադրբեջանի տարածք և մեր բոլոր պատմական հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական հուշարձաններ։

Կրկնում եմ՝ սա ՀՀ գործող իշխանությունների ոչ ադեկվատ և թրքամետ արտաքին քաղաքականության հետևանքն է»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930