ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ատելության խոսքի հակազդում կրթական հաստատությունների կարողությունների հզորացման միջոցով» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պապամիխայիլը, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ:
Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի շրջանակում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել ՄԻՊ-ին և միջազգային գործընկերներին՝ ջանքերը համախմբելու և միասնաբար ատելության խոսքի դրսևորումների դեմ հետևողական ու պատշաճ աշխատանք իրականացնել համար:
Կարդացեք նաև
«Ժամանակակից աշխարհում տեղեկատվական հոսքերն իրենց ծավալով ու հաճախականությամբ մեծ ազդեցություն ունեն յուրաքանչյուրիս վրա, ինչին դիմակայելու համար համապատասխան հմտություններ ու կարողություններ են անհրաժեշտ: Տեղեկատվական հոսքերում փաստարկված նյութը մանիպուլյացիաներից զատելը հաճախ բավականին բարդ է: Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները միտված են մեդիագրագիտության կարողունակության ձևավորմանը. կրթական նոր չափորոշիչներում, սկսած նախադպրոցական կրթությունից, մեդիագրագիտությունն ամրագրել ենք որպես կարևոր և առանցքային ունակություն: Կրթական հաստատություններն ունեն հատուկ հանձնառություն՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում մեդիակրթությունը դիտարկել կրթական ծրագրերի անբաժան մաս»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքի դրսևորումներ հաճախ նաև ակադեմիական միջավայրերում են հանդիպում, ինչը պետք է բացառվի. «Ադմինիստրատիվ ու վարչական եղանակներով նման դրսևորումներն արգելելը չի կարող բավարար արդյունավետություն ապահովել, պետք է ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքը ինքնաբերաբար դուրս կմղվի: Պետք է շատ ջանքեր ներդնենք՝ հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու պատճառները, և ինչ կարող ենք անել, որ անցանկալի դրսևորումները դառնան ավելի հազվադեպ՝ ընդհուպ մինչև լիարժեք բացառում,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել,- ընդհանրապես կրթությունն ու ատելության խոսքը հակադիր երևույթներ են: Ակադեմիական կրթության մեջ ինքնին դրված է մտքի գաղափարը. երբ միտքդ աշխատում է, անհամաձայնություններդ փաստարկների ու հիմնավորումների միջոցով են արտահայտվում, իսկ ատելության խոսքը հնչում է այն ժամանակ, երբ ավարտվում է միտքը, և առաջ են գալիս անվանարկումն ու վիրավորանքը: Հետևաբար, մտքի աշխատանքը զարգացնելը կրթական ոլորտի գործն է»:
Նախարարի գնահատմամբ՝ ՄԻՊ-ի նախաձեռնած հարթակն օգնելու է ընդհանուր աշխատանքում առաջ գնալու և արդյունքներ գրանցելու հարցում:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ ատելության խոսքին վերաբերող խնդիրները մերօրյա իրականության լրջագույն խնդիրներից են:
«Երբեմն հասարակական միջավայրում չենք պատկերացնում, որ մեր խոսքն իրավաչափ չէ և չի ենթարկվում խոսքի ազատության միջազգային չափանիշներին: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համանման խոսքը տարածվում է շատ լայն մասշտաբով, այդ թվում՝ ակադեմիական ոլորտում, ինչն առանձնակի ցավալի է, որովհետև դա այն միջավայրն է, որը պետք է օրինակելի վարքագիծ թելադրի երիտասարդների համար: Եվ մենք նախորդ տարվանից մտածել ենք ատելության խոսքին առնչվող խնդիրները հասցեավորել ոչ միայն հանրային գործիչներին, այլև կրթական, ակադեմիական ոլորտներում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Նա շնորհակալություն է հայտնել գործադիր մարմնին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությանը և միջազգային գործընկերներին, որոնք կարևորում են հիմնախնդիրը: Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սա ոչ թե մեկանգամյա միջոցառում է, այլ մի հարթակի մեկնարկ, որը պետք է վերաբերի կրթության և ակադեմիական միջավայրում ատելության խոսքին առնչվող հարցերի հասցեագրմանը:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել են մասնակցային քննարկումների կազմակերպումը՝ դպրոցների, քոլեջների ու բուհերի սովորողների ներգրավմամբ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ