Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մանրամասներ է ներկայացրել հունիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:
Ֆիդանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները:
«Մենք դրանք մանրամասն քննարկելու հնարավորություն ունեցանք»:
Թուրք նախարարը կարևորել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաջողված համագործակցությունը Սիրիայի առումով:
Կարդացեք նաև
«Մեր և Ռուսաստանի համար սիրիական տարածքը չափազանց կարևոր է, երկկողմ համագործակցության մեջ էներգետիկ հարցերն էլ չափազանց կարևոր են»,- հավելել է նա:
Ֆիդանը նշել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ուկրաինայի խնդրի վերաբերյալ, ինչը ևս Թուրքիայի համար մեծ կարևորություն ունի:
Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է թուրքական կողմի դիրքորոշումը և մտահոգություն հայտնել այն մասին, որ պատերազմի շարունակականությունը կարող է էլ ավելի մեծացնել ռիսկը՝ աշխարհին և տարածաշրջանին նյութական վնասներ պատճառելու տեսանկյունից:
«Աշխարհագրությունը մեթոդային ձևով կարող է ընդլայնվել: Միջուկային զենքերը կարող են օրակարգ բերվել: Այս մտքին եմ հանգել Չինաստան և Ռուսաստան ունեցած այցի ընթացքում»:
Ֆիդանը հայտնել է նաև, որ Պուտինից բացի հանդիպումներ են ունեցել այլ պաշտոնյաների հետ և նրանց փոխանցել, որ Ուկրաինայի խնդրի լուծման հարցում խաղաղությունը պետք է հիմք հանդիսանա, իսկ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:
Նա կարևորել է հանդիպումից 2 օր անց Պուտինի կողմից պատերազմի դադարեցման վերաբերյալ կետ առ կետ Ռուսաստանի պայմանների ներկայացումը ևս:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ առաջիկայում Պուտինին սպասում են տեսնել Թուրքիայում և տեղեկացրել, որ այդ առումով Էրդողանը հրավեր է ուղարկել նրան:
«Կարծում եմ առաջիկա օրերին կհանդիպեն և կզրուցեն այս հարցերի շուրջ»: