«Հիմա Հայաստանն ունի՞ մեջից ինքն իրեն հարգող քաղաքացի, պետականության համար կռվելու կրակ ունեցող քաղաքացի». Aravot.am-ի հետ զրուցելիս հռետորական հարց է հնչեցնում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը
Հարցազրույցի սկիզբը՝ այստեղ
– Պարոն Մանուկյան, «Քաղաքացիական պայմանագրի» և Փաշինյանի խոսույթում շատ ենք նկատում Վանո Սիրադեղյանի եզրույթաբանությունը՝ «Իրական Հայաստան», «Պատմական Հայաստան» և այլն։ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում մեջբերել է Վանո Սիրադեղյանին։ Ահա դրա հիմնական շեշտը․
1994-ին Սիրադեղյանը հայտարարել էր․ «Ղարաբաղը դե ֆակտո միացված է Հայաստանին և դրանից նահանջելու տեղ չկա»։
Կարդացեք նաև
2002-ին «Գյադաների ժամանակը» աշխատանքում նա գրել է․ «Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն» և «քանի կա Ղարաբաղի հարցը, օդում կախված է մնում Հայաստանի Հանրապետության պետական սուվերենության հարցը»։
Իշխանությունը ներկայացնում է, որ նրանք ընդամենն անում են այն, ինչ չհաջողվեց ՀՀՇ-ին։ Արդյոք դա այդպե՞ս չէ։
– Գլուխները քարին են տալիս, տենց բան են ասում։ Նրանք ո՛չ դիվանագիտություն գիտեն, ո՛չ պատմություն, ո՛չ էլ քաղաքականություն։
Վանո Սիրադեղյանը երկու հայտարարություններում էլ ճիշտ է։ Նա երկրորդում ասում է այն, ինչ միշտ ասել է ՀՀՇ-ն, հետագայում էլ Կոնգրեսը։ Արցախի խնդիրը պետք է լուծել։ Խնդրի չլուծումը կարող է բերել և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի կորստին։
Մենք հաղթել էինք և ունեինք հաղթական քարտեր։ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ աշխարհը կողմնակից չէ ղարաբաղյան խնդրի լուծման մեր տեսլականին, ուստիև առաջարկում էր ընդունել աշխարհի կողմից առաջարկվող փոխզիջման վրա հիմնված լուծումը։ Այդ փոխզիջումը պետք է իրականացվեր։ Խնդիրը պետք է լուծվեր։ Աշխարհը այդ հարցում միասնական էր։ Հայաստանում դրան դեմ էին մի քանի հոգի, ինչի արդյունքում տեղի ունեցավ իշխանագողություն և հեղաշրջում, բայց ինչպես Տեր-Պետրոսյանն է ասել իր հրաժարականում, այդ իշխանափոխության պատճառը Ղարաբաղի հարցը չէր։ Հարցը վերաբերում էր հայկական պետականությանը։ Չապացուցվե՞ց այդ դառը ճշմարտությունը։
– Փաստորեն, Առաջին նախագահը փիս խասյաթ ունի՞․ միշտ ճի՞շտ է դուրս գալիս։
– Դա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Դա իր ասած ամենախելոք խոսքն է։ Բա լսեի՛ր։ Չէ որ քո իշխանության գալուց մեկ ամիս հետո այդ ամենը քեզ ասվել է։
Բացեք «Հայկական ժամանակը» և տեսեք, թե նա ինչ դիրքորոշում ուներ առաջ։ Գովերգում էր Վանո Սիրադեղյանին։ Վանո Սիրադեղյանը եղել է նրա ամենամեծ պաշտպանը ժուռնալիստ աշխատած ժամանակ։
Ի՞նչ փոխվեց։ Եկար, որ ամեն ինչ ոչնչացնե՞ս։
Ի՞նչ վիճակում է մեր հասարակությունը։ Մենք ունե՞նք սեփական երկրի անվտանգության համար պայքարող, զոհաբերությունների գնացող, երկրին տեր կանգնող հասարակություն։ Հայաստանի քաղաքական դաշտում, մեծ մասամբ, տեր են փնտրում, մի մասը Արևմուտքում, մի մասը Ռուսաստանում։ Իսկ ո՞ւր է Հայաստանի քաղաքացին, այն քաղաքացին, որը 1991-ին գիտակցաբար ձայն տվեց մեր անկախությանը։ 2 միլիոն մարդ ոչ միայն կողմ քվեարկեց անկախությանը, այլ տեր կանգնեց այդ անկախությանը՝ իրականացրեց բարեփոխումներ, ազատագրեց Ղարաբաղ։
Դրսում տեր փնտրում են նրանք, որոնց ուժերը ներսում չեն հերիքում։ Երբ հիվանդը չի հավատում, որ կապաքինվի, հույսը դնում է Աստծո և բժշկի վրա, մինչդեռ բուժվելու համար առաջնային պայմանը բուժվել ցանկանալն է։ Մենք դա ենք կորցրել՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի և, իհարկե, իր նախորդների։
– Անդրադառնանք ՀԱԿ-ի հայտարարությանը, որը տարածվեց հունիսի 13-ին և հակադարձում էր վարչապետի հայտարարություններին։ Դուք նշում եք, որ Փաշինյանը «դիմել է հեշտությամբ հերքվող ստերի և մանիպուլյացիաների»։ Բայց չէ որ ժողովրդի մի զգալի մաս ընդունում է, Ձեր բնութագրմամբ, այդ ստերն ու մանիպուլյացիաները։
– Մեր դժվարություններից մեկը հենց դա է։ Ռուսական մի անեկդոտ կա։ Մեկը մյուսին ծանր հայհոյանք է տալիս բոլորի ներկայությամբ, իսկ հետո մոտենում, ասում է՝ Извини, друг:
Հիմա ստացվում է, որ մասսայաբար, ամբողջ հանրապետությունում նա կեղծիք է գցել, հիմա էլ մենք փորձում ենք այդ կեղծիքի տակից դուրս գալ։ Նա գիտակցաբար գնում է ինտրիգների, շառլատանության, ստախոսության, ուրացման, կեղծիքի։
– «Ալիք մեդիա»-ի հոդվածագիր Դավիթ Հովհաննիսյանը Ֆեյսբուքում մեկնաբանել է Ձեր հայտարարությունը՝ շեշտելով․ «Հայ Ազգային Կոնգրեսը կետերով անդրադարձել ա Նիկոլի վերջին ասածներին և բացահայտել/ցուցադրել նրա բոլոր ստերը: Բայց խնդիրն այն է, որ կուսակցական հայտարարություն ոչ մեկ չի կարդում: Շատ կուզեի Լևոնը ելույթով հանդես գար ու էս բոլոր պատմական կեղծիքներին պատասխաներ, որպեսզի դրանք չսերմվեն սովորական հայաստանցու ուղեղում»։
Ի՞նչ կասեք։ Վաղուց չենք տեսել Տեր-Պետրոսյանին մեր էկրաններին։
– Տեր-Պետրոսյանը ինքն է որոշում երբ խոսել և ինչ ասել։
Ամեն դեպքում, մենք չենք նահանջելու։ Ճշմարտությունն ու պետականությունը մեզ համար բարձր են ամեն ինչից՝ կուսակցություններից, իշխանությունից, տարբեր գաղափարախոսություններից։
Մենք կանք, դեռ առողջ ենք, և կփորձենք հակազդել։ Իրականությունը պետք է տարանջատել ստից։ Դառը ճշմարտությունն ասելու պատճառով ենք մենք ցածր տոկոսներ հավաքել, բայց դա մեզ չի խեղճացրել։ Հույներն ասում են՝ «Պլատոնին շատ ենք սիրում, բայց ճշմարտությունից շատ չենք սիրում»։
Մեզ համար էլ է այդպես։ Իշխանությունից բարձր պետականությունն ու ճշմարտությունն է։
– Հայտարարության մեջ նաև նշում եք, որ «երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ»։ «Ներքին» բառն եք օգտագործում։ Դուք քաղաքացիական կոնֆրոնտացիաների և բախումների վտա՞նգ եք տեսնում։
– Չի բացառվում։ Ներքին լարումն ու անտագոնիզմն անթույլատրելի են։ Քանդվում են կրթական և մշակութային համակարգերը, բանակը, հավատքը։ Սա չի կարող անհետևանք մնալ։
Հունիսի 12-ին Նիկոլը մի հատ էլ կարմիր գիծ անցավ՝ ժողովրդավարությունը։ Ցուցարարները ոչ մի վտանգ չէին ներկայացնում, Ազգային Ժողովին, վարչապետին վտանգ չէր սպառնում։ Իշխանությունն, այդ առումով, խեղաթյուրել և մանիպուլացրել է փաստերը։
Իշխանությունը գնաց սրման։ Միտինգը ցրելով՝ նրանք քայլ արեցին դեպի բռնապետություն։ Շարունակում են մարդկանց բերման ենթարկել։ Հետապնդում են տնտեսական գործունեություն ծավալող այն մարդկանց, որոնք փորձել են օգնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Սրանով նշմարվում է, որ Փաշինյանը պատրաստ է գնալ ներքին ճնշումների և բախումների՝ թքած ունենալով ժողովրդավարության վրա։ Այսինքն, մենք կորցնում ենք մեր գործիքներից մեկը, որի անունն է՝ ժողովրդավարություն։
Փոքր ազգերը իրավունք չունեն չլինել ժողովրդավար։ 1994-ին մենք և՛ հաղթում էինք պատերազմում, և՛ համարվում էինք ժողովրդավարության կղզյակ։ Դա աշխարհի գնահատականն էր։
Ներքին կայունության համար հանդուրժողականությունը խիստ անհրաժեշտ է։ Դա թթվածնի նման մի բան է։ Մեզ հիմա կարող ենք զրկել նաև այդ թթվածնից, ինչը կարող է հանգեցնել ներքին բախումների։
Փաշինյանին հո դա չի հետաքրքրում։ Նրա համար կարևորը իշխանությունը պահելն է։ Խելոք մարդը պարտությունից հետո իշխանությունից չէր կառչի։ Կգնար, որպեսզի շանս տար նոր բանակցողին փորձել խոսել Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ՝ սահմանելով կարմիր գծեր։ Իսկ Փաշինյանը ամենը տալիս է՝ ստեղծելով կոնֆլիկտներ և ավելացնելով թշնամիների քանակը։ Քաղաքացիական կոնֆրոնտացիաների վտանգը, տեսականորեն, չի բացառվում։ Դա կբերի նաև արտաքին ուժերի կողմից ճնշման ավելացմանը։
– Նշեցիք, որ Ձեր պայքարը չի դադարելու։ ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է որևէ շարժում սկսել կամ ավելի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։
– Չի բացառվում։
Զրույցը՝ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԻ