Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունների ձեռամբ, ՀՀ-ն Ադրբեջանին տալու է լեգիտիմ իրավունք՝ հարձակվելու Իրանի վրա. Ձյունիկ Աղաջանյան

Հունիս 25,2024 16:57

«Հայաստանն էապես վտանգված է, որովհետեւ մեր չարաբաստիկ իշխանությունների ձեռամբ զետեղվել ենք ինչ-ինչ ծրագրերի հանգուցակետում: Արդեն Արցախը զոհաբերվել է այդ ծրագրերին, հիմա հերթը Հայաստանինն է»,- «Հայելի» ակումբում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Այսօր Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ Բոսֆորով անցնող ուղիները փակելուն ուղղված որեւէ գործողություն, որովհետև իր համար էական է տնտեսական այդ ուղու պահպանումը, լոգիստիկայի ճանապարհի գործելը: Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չափված քաղաքականություն տանել՝ առանց հարվածելու նրանց…

Մյուս կողմից, եկեք հիշենք, որ անցյալ տարի մայիսին էր, երբ թուրքական կողմից թմբկահարվում էր, թե Պուտինն այցելելու է Թուրքիա եւ Էրդողանի հետ հանդիպելու է, ինչը այդպես էլ տեղի չունեցավ: Հետո Էրդողանը գնաց Պուտինի հետ հանդիպելու…Վերջերս էլ խոսույթը փոխեցին, թե նրանք հանդիպելու են Աստանայում՝ միջազգային ֆորմատով անցկացվող հանդիպումների շրջանակում; Իսկ դա իրենից ոչինչ չի ներկայացնում»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով. «Դեպի ռուսական շեղման, հակման դրսեւորում էր վերջերս Թուրքիայի կողմից սիրիական խնդրի շուրջ Ռուսաստանի հետ ավելի պրոսիրիական մոտեցումներով բանակցությունների անցկացումը, անգամ հայտարարությունը, թե պատրաստ են իրենց զորքերը դուրս բերել Սիրիայից: Բայց ոչ մեկը չի հավատում, որ թուրքերը հենց այնպես իրենց իրերը կհավաքեն ու դուրս կգան: Պատմությունը փաստում է, որ թուրքական ոտքը երբեք դուրս չի գալիս այն տարածքից, որտեղ հայտնվել է՝ առանց ուժի սպառնալիքի կամ ուժի միջոցով դուրս վռնդման:

Սա պետք է դաս լինի մեր իշխանություններին ու բոլոր այն ուժերին, որոնք ենթադրում են, որ սեփական հայրենիքի հատվածները հանձնելով թուրքին՝ կարող են ինչ-որ թղթեր ստորագրելով կամ արեւմտյան կենտրոնների կողմից խոստումների արդյունքում հետ ստանալ հայապատկան տարածքները…Եթե ուժ չլինի երբեւէ վռնդելու այդ տարածքներից, նրանք երբեւէ չեն լքելու, այլ ընդհակառակը՝ էլ ավելի տարածքներ են գրավելու… Կիպրոսը վկա, Սիրիան վկա, Իրաքը վկա…

Նորից կրկնեմ, որ շատ հետաքրքիր զարգացումների փուլ ենք մտնում: Արեւմտյան կենտրոնները շտապում են այդ չարաբաստիկ Խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրվելուն՝ անկախ տեսքից ու բովանդակությունից, զուտ այն պատճառով, որ դրան պետք է հաջորդի Ադրբեջանի կողմից իր ստանձնած հանձնառությունների իրականացումը հակաիրանական ճակատ բացելու առումով: Այս ճակատի բացման մասով էական դերակատարում ունի նաեւ Թուրքիան:

Թուրքիայի միջոցով ծանր զինատեսակները պետք է հասնեն Ադրբեջան…Իսկ Ռուսաստանի՝ տեղում լինելու պարագայում իրենք հեշտ ու հանգիստ հակաիրանական գործողություններ չեն կարողանալու իրականացնել:

Հայաստանը դառնալու է այն հարձակման օջախը, որը Ադրբեջանին տալու է լեգիտիմ իրավունք՝ հարձակվելու Իրանի վրա: Պատահական չէ, որ Իրանը բազմիցս է հայտարարել, որ չի ընդունելու ոչ սահմանների, ոչ ժողովրդագրական փոփոխություն այս տարածաշրջանում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930