«Փաստինֆո». Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ «News.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը դեռևս գտնվում է համալսարանական առաջին հիվանդանոցում։
Լրատվական կայքի խմբագիր Անահիտ Սարգսյանից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Վազգենի մոտ ախտորոշվել է բաց, չտեղաշարժված կոտրվածք և բաց մեկ այլ վերք՝ լուսաձայնային նռնակից առաջացած։
Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից արձակված լուսաձայնային նռնակը պայթել է օպերատորի ոտքերի մոտ։ Այս պահին նա կարողանում է շարժվել քայլակով՝ առանց կոտրված ոտքը գետնին դնելու, բայց վերքը դեռ բուժման կարիք ունի, նա պարբերաբար ջերմում է և, բժիշկների որոշմամբ, առաջիկա մեկ շաբաթը ևս նա կմնա իրենց հսկողության տակ՝ համալսարանական թիվ 1 հիվանդանոցում։
Բարեբախտաբար՝ Վազգեն Եթումյանի արյան լաբորատոր ստուգումը ցույց է տվել, որ վարակ չի տարածվել, ինչից բժիշկները եզրակացնում են, որ նրա ջերմելու պատճառը ոտքին առաջացած հեմատոման է։