«Երբ ոստիկանական պատը կանգնած է Դեմիրճյան փողոցի վրա եւ մի քանի օր այդ դիրքում կանգնած է, ցուցարարներն էլ Բաղրամյան պողոտայի վրա էին: Հետո ցուցարարները հայտնվում են Դեմիրճյան փողոցի վրա: Այսինքն` ստացվում է, որ ոստիկանությունը շարժ չի արել, իսկ ցուցարարները եկել են դեպի ոստիկանություն եւ ուզեցել են մտնել Ազգային ժողովի շենք: Ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետական պահպանության շենքը պաշտպանելու համար: Այդ ընթացքում, բնականաբար, բախում է առաջանում եւ լրագրողներն էլ, որպեսզի մաքսիմալ լավ լուսաբանեն, բախմանը մոտիկ են լինում, հետեւաբար, մեծ է հավանականությունը, որ թե՛ ոստիկաններից, թե՛ ցուցարարներից, թե՛ լրագրողներից կարող են լինել մարդիկ, որոնք վնասվածքներ կստանան»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին կիրառած ոստիկանական հատուկ միջոցներին՝ լուսաձայնային նռնակներին։
Հարցին՝ քաղաքապետի որոշմամբ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը ոսկե մեդալ է ստացել, ցուցարարներին ծեծելու համա՞ր է ստացել Գալջյանը պատասխանեց․ «Ես չեմ տեսել, որ տվյալ ոստիկանը մարդ ծեծի։ Բարձրաստիճան ոստիկաններն ունեն իրավունք ենթականերին հրամաններ տալու, դա նորմալ է»։
Արդյոք իրավաչա՞փ է համարում լուսաձայնային նռնակների կիրառումը, Գալջյանը պատասխանեց. «Դե եթե ցուցարարները գնում են բախման, որ ոստիկանական պատնեշն անցնեն, կներեք, բա ոստիկանությունն ի՞նչ անի»:
Լրագրողի դիտարկմանը, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հակառակ գործողություններ են կատարվել, Գալջյանը պատասխանեց՝ հակառակ բաներ չեն. «2018-ին երբ մենք Բաղրամյան պողոտայով գնում էինք առաջ, մենք կանխատեսում էինք, որ ոստիկանությունը միջոց է ձեռնարկել եւ չէինք զարմանում դրանից»:
Կարդացեք նաև
Մեկ այլ դիտարկմանը, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում փշալարն ուզում էր անցնել, ասում էր՝ ես պատգամավոր եմ, կարող եմ գնալ ԱԺ, քաղաքացիներին էլ ընդունելություն եմ կազմակերպում, հունիսի 12-ին էլ պատգամավորներն ուզում էին գնալ ԱԺ, Գալջյանն այսպես պատասխանեց․ «Քաղաքական գործունեության մեջ դու պետք է հաշվարկ անես՝ եթե դու ուզում ես իշխանափոխություն կամ հեղափոխություն, դու պետք է հաշվարկես, որ խոչընդոտներ ունենալու ես քո առաջ: Ոստիկանությունը պահպանելու է պետական պահպանության ենթակա շենքերը: 2018-ին մենք չէինք զարմանում, ասում՝ վայ, ոստիկանները մեզ ինչո՞ւ չեն թողնում մեր ուզած փողոցը փակենք։ Նորմալ է»։
Ինչո՞ւ կիրառվեց լուսաձայնային նռնակ, իրավապաշտպաններն ասում են, որ կան այլ միջոցներ՝ ջրցան, արցունքաբեր գազ, բայց ոչ լուսաձայնային նռնակներ, արդյոք տեղի՞ն էր հունիսի 12-ին լուսաձայնային նռնակ կիրառելը ցուցարարների վրա, Գալջյանն այս առնչությամբ ասաց՝ ես չեմ ուզում գնահատական տալ՝ տեղին էր, թե ոչ, որովհետեւ տեղում չեմ եղել, բայց երբեմն իրավիճակը կարող է հասնել այնտեղ, որ ոստիկանությունը ստիպված լինի որոշակի կոշտ միջոցներ ձեռնարկել․«Դա կախված է տվյալ իրավիճակից: Չեմ կարող գնահատել՝ տեղին էր, թե՝ ոչ, տեղում չեմ եղել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ