Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն՝ բռնատեղահանում. «Ապառաժ»

Հունիս 25,2024 17:01

«Ապառաժ». Նինել Գաբրիելյանը Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում։ Որպես մշակութային հարցերի կազմակերպիչ հունվարից աշխատանքի է անցել Արտաշատի «Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում։

Արցախում նա բազմաբնույթ աշխատանքներ էր իրականացնում։ 7 տարի աշխատել է մշակութային ոլորտում, իսկ վերջին 4 տարին ԱՀ բնապահպանության նախարարության մամլո խոսնակն էր։ Նինելը զբաղվում էր նաև հանդիսավարությամբ։

-Ինչպե՞ս եք հարմարվում արցախցու նոր կարգավիճակին։

-Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն՝ բռնատեղահանում․․․ Երբ Արցախից տեղահանվեցինք ու բնակություն հաստատեցինք Արտաշատում, շատ էինք ճնշված։ Հատկապես այն, որ մարդկային կորուստներով ենք դուրս եկել, ավելի էր դժվարացնում հարմարվել իրականությանը։ Հետզհետե կյանքի վերադարձանք, և հունվարին մտա աշխատանքի, ինչի համար շնորհակալ եմ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին, համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանին՝ ինձ վստահելու համար։ Դա մեծ օգնություն էր մեր ընտանիքի համար դժվար ժամանակահատվածում։ Միաժամանակ աշխատանքի մեջ խորասուզվելով, մի փոքր կտրվեցի մտատանջող մտքերից ու խնդիրներից։ Քանի որ Արտաշատը խոշորացված համայնք է և իր մեջ ներառում է 38 բնակավայր, ապա կարևոր է մշակութային կյանքն ակտիվ պահել բոլոր բնակավայրերում։ Իմ աշխատանքն ու շփվող բնավորությունս թույլ են տալիս ծանոթանալ գյուղերի մշակույթին, սովորույթներին։ Արտաշատի համայնքում բնակվում են շատ արցախցի ընտանիքներ, բոլորս իրար հետ ունենք հաստատուն կապ, այստեղ պահպանում ենք մեր արցախյան բոլոր ավանդույթները։

Սեպտեմբերի 25-ի առավոտյան, երբ պատրաստվում էինք դուրս գալ, մտածում էի՝ ինչ վերցնել։ Խուճապի մեջ էինք։ Մի քանի հագուստ ու փաստաթղթեր վերցնելուց հետո աչքովս ընկավ իմ բարձրախոսը։ Այդ պահին չէի պատկերացնում, որ կարող է այն ինձ պետք գալ, սակայն 10 տարի իմ հետ ճանապարհ անցած բարձրախոսս չէի կարող թողնել թշնամուն։ Տեղավորեցի իրերիս մեջ ու հետս բերեցի Արտաշատ։ Այժմ աշխատանքիս հետ մեկտեղ զբաղվում եմ նաև հանդիսավարությամբ։ Այստեղ հաստատվելուց մի քանի ամիս անց մեծ էր ուրախությունս, երբ արցախցիները սկսեցին դիմել ինձ՝ իրենց տոնակատարությունները վարելու համար։ Անկախ ամեն ինչից՝ չէի կարող մերժել։ Ես հասկացա, որ արցախցիներս մի մեծ ընտանիք ենք, որտեղ բոլորը պարտավոր են սիրել ու ընդառաջել իրար։ Հետո սկսեցին իմ ծառայություններին դիմել նաև հայաստանաբնակները։ Հանդեսներում երբեմն ասմունքում եմ ու ինձ թվում է, թե Արցախիս բեմերում եմ։ Շատ եմ կարոտում Արցախի իմ գործընկերներին, մտերիմներին։ Ճակատագիրն անգթորեն մեզ հեռացրեց իրարից, սակայն չեմ ուզում կորցնել հույսս, որ Արցախի էջը դեռ փակված չէ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930