Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչա այցելելով ցույց է տվել ոչ միայն իր վերաբերմունքը, նաեւ՝ քաղաքային իշխանությունների․ Սամվել Հակոբյան

Հունիս 25,2024 16:10

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հայտարարեց՝ վերջերս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այցելել է Ուկրաինա, Բուչա քաղաք ու արել հայտարարություններ, որոնք վնասում են մեր անվտանգային համակարգին, հայ-ռուսական հարաբերություններին, որոնք արդեն Նիկոլ Փաշինյանի ջանքերի շնորհիվ աննախադեպ վատ վիճակում են:

Հակոբյանի խոսքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երեւանի իշխանության կոալիցիոն ուժերից մեկի ներկայացուցիչն է, նրա հայտարարությունները ներքաշում են Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք կոնֆլիկտի մեջ՝ մեր երկիրը սարքելով հակառուսական կողմ․ «Ես կուզենայի իմանալ, թե արդյոք Բուչա այցը եւ արված հայտարարությունները դրական են գնահատվում Տիգրան Ավինյանի կողմից եւ համաձայնեցված է եղել նրա հետ: Ավինյանը տեղյա՞կ է եղել այդ այցից, եւ եթե ոչ, ապա ի՞նչ կարծիք ունի այդ ամենի մասին: Եթե այո, ապա այդ ինչպե՞ս է, որ Ուկրաինան ամեն կերպ պաշտպանում է Ադրբեջանին, ողջունում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի, ֆոսֆորային զենք է մատակարարում Ադրբեջանին, որից հայ զինվորներ են մահանում, իսկ Հայաստանի իշխանությունը պրոուկրաինական կողմ է բռնում եւ նույնիսկ օգնություն է հասցնում մեր երկրի դեմ թշնամաբար տրամադրված։ Ուկրաինային։ Բուչայի թեմայով կա մի բլեֆ քարոզչություն, որի մեջ մենք ավտոմատ մաս ենք դառնում, երբ վարչական շրջանի ղեկավարը գնում է այդտեղ։ Չէ որ ՀՀ իշխանությունը գոնե ֆորմալ առումով ընտրել է չեզոք դիրք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ»։

Ի պատասխան այս հարցի` քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ ունենք վարչական շրջանի ղեկավարներ, որոնք «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, ունենք վարչական շրջանի ղեկավարներ, որոնք ՔՊ-ի անդամներ են, ունենք անկուսակցական ղեկավարներ․ «Ես վարչական շրջանի ղեկավարների, որպես քաղաքապետի ներկայացուցիչներ, տեղաշարժից տեղյակ եմ, տեղեկացված եմ: Եթե ձեզ հետաքրքրում է, թե արդյոք ես տեղեկացված եղել եմ, ապա այո: Իսկ եթե ձեզ այլ մանրամասներ եւ աշխարհաքաղաքական ենթատեքստեր են հետաքրքրում, ինձ թվում է՝ քաղաքային մեր իշխանությունների եւ այս դահլիճում քննարկման շրջանակից դրանք դուրս են»:

Հակոբյանն էլ արձագանքեց, որ պարզապես ուզում էր իմանալ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ինքն իրենով է գնացել այնտեղ՝ որպես իր կուսակցության ներկայացուցիչ, թե՞ քաղաքային իշխանությունը ներկայացնող․ «Եթե գնում է, դրանով նա ցույց է տվել ոչ միայն իր վերաբերմունքը, այլ նաեւ քաղաքային իշխանությունների, ես այդպես հասկացա ձեր պատասխանից»։

Հիշեցնենք, որ հունիս սկզբին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ այցելել էր Բուչա, ինչի կապակցությամբ ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Бучанська міська рада-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930