Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը մի ոտով գնում է Եվրոպա, մյուս ոտով՝ ԵԱՏՄ-ում նախագահում․ դրա համար էլ էս օրն ընկանք»․ Էդուարդ Շարմազանով

Հունիս 25,2024 16:00

«Այն հանրահավաքները, որոնք Արեւմուտքը արեց Վրաստանում, «ռեպետիցիան» էր, իրական իրավիճակը կլինի նոյեմբերին՝ ընտրությունների ժամանակ, որպեսզի Ռուսաստանի սահմաններին թեժ լինի»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տարածաշրջանային արտաքին քաղաքական զարգացումներին։

Սպասվելիք իրադարձությունների համատեքստում, խոսելով Ժողովրդավարական ուժերի հարթակի՝ Հայաստանին ԵՄ-ին անդամակցության հանրաքվե անցկացնելու մասին էլ, բանախոսն ասաց․ «Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող ԵՄ անդամակցություն ունենալ․ ԵՄ որեւէ պաշտոնյա ակնարկ անգամ չի արել, որ պատրաստ են Հայաստանին ԵՄ-ում տեսնել։ Տեսեք՝ ինչքա՜ն երկրներ կան ԵՄ անդամության հերթում։ Հայաստանի այլընտրանքը այս տարածաշրջանում ՌԴ-ին՝ Թուրքիան է։ Երրորդը չկա։ Իրանը մեր բարեկամն է եւ լրացնում է Մոսկվայի հետ մեր հարաբերությունները։ Արեւմուտքի ճանապարհները Անկարայով ու Ստամբուլով են, իսկ Ստամբուլում հարիֆ չեն՝ իրենք չլինեն ԵՄ անդամ, քեզ՝ իրենց քթի տակ, թույլ տան լինես»։

Էդուարդ Շարմազանովը նաեւ տարակուսեց․ «Գնում ենք Եվրոպա ինչի՞ համար՝ ժողովրդավարությա՞ն․ Աշոտյան Արմենը մեկ տարի կալանքի տակ է, Եվրոպան ձայն հանե՞լ է, 30 հոգով ԱԺ պատգամավորին օրը ցերեկով ծեծեցին, մեկը ձայն հանե՞ց»։

Ըստ բանախոսի, Հայաստանի լավագույն անելիքը ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրն է, որը գործող իշխանությունը չիրագործեց՝ «Հայաստանը դարձրեցին թնդանոթի միս»։

Բանախոսը նկատում է, որ տնտեսական առումով էլ Հայաստանին ձեռնտու է ԵԱՏՄ-ում լինել եւ հղում կատարելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ ասում է, որ միայն մեկ տարվա ընթացքում, միայն ՌԴ-ից 34 միլիարդ դոլար է եկել Հայաստան։ Միաժամանակ հեգնում է․ «Նիկոլը մի ոտով գնում է Եվրոպա, մյուս ոտով՝ ԵԱՏՄ-ում նախագահում․ դրա համար էլ էս օրն ընկանք»։

«Ինքնիշխանությունից են խոսում․ թքեմ այն ինքնիշխանության վրա, որի ժամանակ, բացի ՀՀ-ի ու Արցախի դրոշներից, ԱԺ ամբիոնի վրա այլ դրոշ է հայտնվելու։ Պատկերացրեք՝ ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի դրոշը դրվեր։ Իրենք ԱԺ ամբիոնից հեռացնում են Արցախի դրոշը, բայց խնամքով տեղադրում են ԵՄ դրոշը»,- վրդովվեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930