Լրահոս
Օրվա լրահոսը

«34 տարվա մեջ մենք չկարողացանք ձեւակերպել պարզ նախադասություն՝ ո՞րն է մեր երկրի զարգացման տեսլականը, ունե՞նք տեսլական»․ Թաթուլ Մանասերյան

Հունիս 25,2024 15:46

«Այս կարծրատիպերից մի քիչ հրաժարվեք՝ քաղաքական, թե՞ տնտեսական ընտրություն։ Ասում ենք՝ Եվրամիություն, թե ԵԱՏՄ, այդ ի՞նչ բան է։ Մենք ունեցել ենք լավ շրջան մեր պատմության մեջ՝ եւ-եւ է եղել, ոչ թե կամ-կամ։ Ինչո՞ւ ենք դա մոռացել, ինչո՞ւ ենք տեղը զիջում տկարամտությանը։ Եվրոպան այնքան ազնիվ է, որ չի ասում՝ կամ-կամ»,- այսօր «ԵՄ-ԵԱՏՄ․ քաղաքական, թե՞ տնտեսական ընտրություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ դիմելով քննարկմանը մասնակցող մյուս մասնագետներին։

Մանասերյանը հավելեց․ «Ասում եք՝ եկեք քաղաքական խնդիր դնենք ու իշխանափոխություն անենք։ Եղբայր, 34 տարվա մեջ ծայրահեղությունից ծայրահեղություն ենք գնացել՝ կամ պետք է փորձել շողոքորթել իշխանությանը, տեղավորվել ինչ-որ տեղ, կամ պետք է ասել՝ իշխանափոխություն ենք անում։ Ե՞րբ պետք է մենք սովորենք աշխատեցնել կառավարությանը։ Երբեւէ մեզ ներողություն տվե՞լ ենք՝ աշխատելու։ Ոչ, անընդհատ գնացել ենք ցնցումների։

Մեզնից որեւէ մեկը չի պատկերացնում, թե վաղն ինչ է լինելու, ինչպես ենք մենք որպես պետություն եւ ազգ շարժվելու առաջ։ Եվ գիտե՞ք ինչու՝ 34 տարվա մեջ մենք չկարողացանք ձեւակերպել պարզ նախադասություն, ո՞րն է մեր երկրի զարգացման տեսլականը, ունե՞նք տեսլական։ Եթե մենք մեր անունը դրել ենք փորձագետ, չպե՞տք է հուշենք կառավարությանը, եղբայր, մի բան ձեւակերպենք, նոր դուրս գանք այս լսարանից։ Չի կարելի ամեն օր արթնանալ՝ ձախ ոտքի վրա կամ աջ եւ ըստ այդմ որոշել՝ Եվրամիություն, թե՞ ԵԱՏՄ։ Տեսլականը պետք է հստակ լինի՝ ազգային օրակարգ, ազգային առաջնահերթություններ։ Ունե՞նք դա։

Մեկ-մեկ մեզ նայենք կողքից՝ ո՞վ ենք դարձել մենք։ Րաֆֆին ժամանակին ասում էր՝ մեզ ոչ ոք բարեկամ չեղավ, որովհետեւ մենք ինքներս մեզ բարեկամ չեղանք։ Մենք դարձել ենք մուննաթի ազգ՝ իսկ ի՞նչ կտա ԵՄ-ն, ի՞նչ կտա ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան էլ չի տա, շարժվեք տեղից, աշխատեք, կոնկրետ տնտեսական ու քաղաքական նպատակներ դրեք ու գնացեք դեպի դա՝ քայլ առ քայլ։ Ու կապ չունի, թե որ կառավարությունն է այնտեղ նստած»։

Նա նշեց, որ Հայաստանում մարդկային ռեսուրսներն ուսումնասիրված չեն, պարզ չէ՝ քանի՞ մասնագետ ունենք։ Եթե այդ հաշվառումը չկա, ո՞ւմ համար են այդ ծրագրերն իրականացվելու։

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն արձագանքեց Թաթուլ Մանասերյանին․ «Ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ հանրության ընդդիմադիր հատվածի հիմնական մտահոգությունը գահավիժող պետականության գործընթացը կասեցնելը կամ բեկանելն է, իշխանափոխությունը նպատակ չէ, պարոն Մանասերյան, սա ես ուզում եմ հատուկ ընդգծել»։

«Խիստ կասկածում եմ»,- արձագանքեց Թաթուլ Մանասերյանը։

Խոսրով Հարությունյանը շարունակեց․ «Այն թեզերը, որոնք ընդդիմադիր շարժման կողմից դրված են շրջանառության մեջ, խոսում են դրա մասին։ Հետեւաբար, եկեք արձանագրենք՝ այսօր ով ինչպես է գնահատում, ինչպես է մեկնաբանում շարժումը, հիմնական նպատակը պետականությունը կործանումից փրկելն է»։

Թաթուլ Մանասերյանին արձագանքեց նաեւ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ «Այսօր մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վտանգված է հայոց լեզուն։ Ուղղակի չմտածեք, թե ես ըմբոստ հայացքներ ունեմ, ես արտահայտվում եմ պարզ։ Եթե ուզում ես մի ազգի սպանել, սպանիր լեզուն, մշակույթը, գրականությունը, այդ երկիրը կգնա կործանման։ Եկեք ընդունենք այն փաստը, որ այսօր ՀՀ-ում ապրող քաղաքացին այլեւս նախկինը չէ, այսօր ՀՀ-ում սկսված է ազգային ազատագրական պայքար՝ հայոց պետականության պահպանման համար։ Այդ պայքարի արդյունքում ինչպիսի պետություն կձեւավորվի, այդ պետությունն արդեն իր ստրատեգիական քաղաքականությամբ կձեւավորի տնտեսական քաղաքականությունը»,- ասաց Աշոտ Հարությունյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930