«Մենք թեւակոխում ենք բավականին ծանր ժամանակահատված՝ միջազգային զարգացումների առումով, եւ այս ամենը նախերգանքներն են նախապատրաստվող գործողությունների»,- «Հայելի» ակումբում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Ամեն անգամ, երբ ուկրաինական ճակատում ձախողումների շարքը սկսում է մեծանալ, արեւմտյան ուժերն իրենց թուրքական գործակալների միջոցով ստեղծված ցանցերի օգտագործմամբ սկսում են ահաբեկչական տարատեսակ գործողություններ իրականացնել, դա մենք տեսել ենք դեռեւս չեչենական պատերազմի ժամանակներից սկսած: Այս անգամ էլ հերթական դրսեւորումներն են, մտածում են, որ նմանատիպ քայլերով կարող են իշխանությունների դեմ հանրային ընդվզում առաջացնել:
Հետաքրքիր տարրն այս անգամ նաեւ այն էր, որ փորձեցին օգտագործել կրոնական հանգամանքը: Միտումնավոր էր հարձակումը թե սինագոգի, թե ուղղափառ եկեղեցու վրա եւ նման վայրագ կերպով հոգեւոր սպասավորի հետ հաշվեհարդար տեսնելը: Սրանք հատուկ մտածված գործողություններ էին: Չեչնիայում չի հաջողվում ներքին խլրտումներ իրականացնել, իսկ Դաղստանը դեռ խոցելի է, որովհետեւ այն կապված է նաեւ ադրբեջանական սահմանի հետ: Այնտեղից են ներթափանցումները ամենատարբեր հոգեորսների, որոնք ահաբեկչական նպատակներով մարդկանց հավաքագրում են եւ ժամանակին փոխանցում էին Իսլամական պետության շարքերում կռվելու՝ Սիրիայում, իսկ հետագայում այլ ահաբեկչական գործողություններ իրականացնելու:
Թուրքիան այս տարիների ընթացքում ամբողջ թուրքախոս լեզուների շրջանում, այսպես կոչված, մշակութային համագործակցության ներքո՝ իրականացրել է իր շոշափուկները տարածելու եւ նրանց վրա իր ներգործությունն ունենալու քաղաքականություն: Այսօր փորձ է արվում այդ քնած բջիջներն արթնացնել, եւ մի տեղում հաջողության հասնելու պարագայում ամբողջ Ռուսաստանով մեկ դա կարող է բռնկման օջախներով իրականություն դառնալ: Նույն քաղաքականությունն է Էրդողանն իրականացրել վերջին 10-12 տարիների ընթացքում Եվրոպայում, նման բջիջներ կան նաեւ եվրոպական երկրներում: Ցավոք սրտի, այդ բջիջների գործունեությունը խրախուսվել է անգլոսաքսոնական ուժերի կողմից. Մատաղացու զինվորի սկզբունքով՝ որպես հավաքագրման աղբյուրներ, այդտեղով է նաեւ գումարների շրջանառություն իրականացվել»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Կարդացեք նաև
Արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով. «Այդ բջիջները քնած օջախներ են գորշ գայլերի համար, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործել այդ երկրներում անկայունություն ու խնդիրներ առաջացնելու համար: Նաեւ դրանով է պայմանավորված, որ մենք եվրոպական հարթակներում տեսնում ենք էթնիկ պատկանելությամբ կուսակցությունների ստեղծում եւ դրանց առաջ մղում տարբեր խորհրդարաններում: Դրա առաջին դրսեւորումը տեսանք Հոլանդիայում, երբ առաջին անգամ հոլանդական խորհրդարանում ընտրվեց թուրքական ծագումով էթնիկ բաղադրությամբ կուսակցություն: Վերջերս Բուլղարիայում է նման կուսակցություն ընտրվել եւ բավականին մեծ թվով ձայներ ստացել…
Այս զարգացումները մի կողմից խոսում են Եվրոպայում ազգային ուժերի առաջ գալու եւ գլոբալիստական դաշտում խաղացողներին հակադրվելու մասին, մյուս կողմից ազգայնական ուժերի ֆոնի մեջ կա այս վտանգավոր էլեմենտը՝ թուրքական դրսեւորմամբ: Սա քնած վառոդի տակառն է, որ ցանկացած պահի կարող է պայթել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ