Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները հուլիսի 15-ից կարող են դիմել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար

Հունիս 25,2024 15:24

Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը հաստատվելուց հետո` հունիսի 15-ից սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։  Առցանց եղանակով (https://housing.socservice.am) դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուներն, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տուն: Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, ինչպես նաև ցանկացած այլ կազմի ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։

Հուլիսի 15-ից մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիմում ներկայացնել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար։

Ի պատասխան հաճախ տրվող հարցի՝ որո՞նք են համարվում ցանկացած այլ կազմի ընտանիքներ, և կարող են բանկից ստանալ աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ, տեղեկացնենք, որ՝ 

Դիցուք, ընտանիքը բաղկացած է 4 անդամից և նրանք նախընտրում են բնակարանը ձեռք բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5 մլն դրամ արժեքով բնակավայրերից որևէ մեկում։ Այս դեպքում ընտանիքին հասանելիք աջակցության չափը կկազմի 20 մլն դրամ, և եթե գործընկեր ֆինանսական կազմակերպությունն այդ ընտանիքի վարկունակության գնահատման արդյունքում կորոշի ընտանիքին տրամադրել ևս առնվազն 10 մլն դրամ վարկ իրենց կողմից մարումներն իրականացնելու նպատակով, ապա այս դեպքում ընտանիքը կարող է ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, արդյոք ընտանիքում կա 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված, կերակրողին կորցրած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, թե ոչ։

Ծրագրի առաջին փուլի շրջանակում օգոստոսի 1-ից կարող են դիմել նաև մեր այն հայրենակիցները, ովքեր 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ։ Այս դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափն է (բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում)։

2024 թ․ մայիսի 16-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքները չեն կարող օգտվել ծրագրից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930