Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտահերթ ընտրություն պետք է անցկացվի, այս Ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները»․ Միքայել Մելքումյան

Հունիս 25,2024 15:18

Հայաստանում արտահերթ ընտրություն պետք է անցկացվի, որովհետեւ այսօրվա Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանում եղած ուժերի հարաբերակցությունը։ Այս մասին «ԵՄ-ԵԱՏՄ․ քաղաքական, թե՞ տնտեսական ընտրություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Կառավարությունը, իշխանությունը պետք է ճկուն քաղաքականություն վարեն, դրա համար գրագետ ուժ է պետք, որ իրենց ուղղորդենք, որպեսզի մեր պետականությունն ապահովող ավելի էֆեկտիվ քայլերով գնան առաջ։ Առաջ անցնելով ասեմ, որ հարց է ծագում՝ դրա համար քաղաքական փոփոխություննե՞ր են պետք։ Այո, քաղաքական փոփոխություններ են պետք, եւ իմ անձնական կարծիքն այն է, որ անպայման արտահերթ ընտրություն է պետք, որովհետեւ այսօրվա Ազգային ժողովը, պառլամենտի կազմը չի արտահայտում Հայաստանում եղած ուժերի հարաբերակցությունը եւ տրամադրությունները։ 2021 թվականից հետո անցել է ուղիղ երեք տարի, իմ կարծիքով՝ այսօրվա պառլամենտը չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները։ Որպեսզի պետությունն ուժեղանա, պետք է նոր քաղաքական ձեւաչափ առաջանա»,- ասաց Մելքումյանը։

Անդրադառնալով ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմանը՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ վեկտորների հարցով ցաքուցրիվ քաղաքականություն է վարվում։

«Պետք է հասկանալ՝ իսկ եթե կտրուկ փոփոխություն ես անում, ի՞նչ ռիսկեր են առաջանում, ռիսկեր կան, թե՞ չկան, թե՞ կարող ենք այս դռնից դուրս գալ, մտնել մյուս դռնով։ Մենք հարմարեցված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործելուն։ Մեր առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ կազմում է 7,7 մլրդ դոլար, երբ մեր ընդհանուր առեւտրաշրջանառությունը 20,5 մլրդ դոլար էր 2023 թվականին։ Եթե նայենք առեւտրաշրջանառության մյուս գործընկերոջը՝ ԵՄ-ին, մենք կտեսնենք, որ ծավալը 3,6 մլրդ է, այսինքն՝ կրկնակի քիչ է։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով այս ֆինանսական հոսքերը, որոնք գալիս են, որոշ չափով ստատուս քվո են ապահովում։ Հենց դու կտրուկ բաներ ես անում մեկ այլ ուղղությամբ, հարց է առաջանում՝ քեզ սպասո՞ւմ են ԵՄ-ում կամ դու տնտեսական պոտենցիալ ունե՞ս՝ Եվրամիության շուկա գնալու»,- նշեց Մելքումյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930