Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցադրումը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, արհեստական է, չի բխում ՀՀ շահերից, հանրաքվեի նպատակը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն է»․ Խոսրով Հարությունյան

Հունիս 25,2024 14:48

«Ոչ թե պետք է հարցադրում անել՝ ԵԱՏՄ կամ ԵՄ, այլ մենք պետք է առաջնորդվենք Հայաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերով»,- այսօր հրավիրված «ԵՄ-ԵԱՏՄ․ քաղաքական, թե՞ տնտեսական ընտրություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Երբ մենք ստորագրում էինք CEPA-ն (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.), եթե հիշում եք, նույնիսկ արձանագրվեց, որ այդ փաստաթուղթը մենք ստորագրում ենք այն ակնկալիքով, որ այն երբեւէ չի կարող որեւէ կերպ անդրադառնալ Հայաստանի եւ այլ երկրների, այդ թվում՝ ՌԴ հետ փոխհարաբերությունների վրա։ Եվ սա էր իմաստուն քաղաքականությունը։ Մենք շահում էինք, որովհետեւ ունեինք ելք դեպի ռուսական, կարելի է ասել՝ եվրասիական ընդլայնված սպառողական շուկա, դրանով մենք ապահովում էին անհրաժեշտ եկամուտներ, որպեսզի հետագայում ԵՄ հետ համագործակցության ճանապարհով փորձեինք ձեւավորել դինամիկ զարգացման համար ավելի անշրջելի նախադրյալներ։

Ըստ էության՝ ԵՄ հետ այն ժամանակվա համագործակցության էությունը կայանում էր հետեւյալում՝ փորձել օգտվել այդ համագործակցության խորությունից, ներգրավել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններ, կարողություններ, ապահովել նոր արժեքներ ու արդյունք ստեղծելու համար անհրաժեշտ տնտեսական նախադրյալներ եւ փորձել դառնալ ավելի մրցունակ պետություն։ Արդյոք այս հարցադրումն այսօր այլեւս ժամանակավրե՞պ է, բացարձակապես ոչ։

Ես չեմ ընդունում այն թեզը, որ մենք խոսում ենք ԵՄ հետ ինտեգրման մասին։ Ոչ, ԵՄ-ին ինտեգրվելուց մենք շատ հեռու ենք, մենք խոսում ենք ԵՄ հետ խորը ու համապարփակ համագործակցություն ձեւավորելու մասին։ Եվ եթե CEPA-ի ձեռք բերածը, այն, ինչ մենք ունեինք, փորձենք համեմատել այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած խորհրդակցության  հետ, ապա որեւէ համեմատություն չկա։ Բրյուսելում ոչ ոք չի քննարկել ՀՀ տնտեսական այնպիսի կարողություններ ձեւավորելու անհրաժեշտությունը, որը կերաշխավորի նոր համախառն արդյունք ստեղծելու կարողությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Նա նշեց, որ հարցադրումը՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, արհեստածին է, չի բխում ՀՀ շահերից։ «Հետեւաբար, այդ ընտրությունը քաղաքական է։ Մի պահ ենթադրենք, որ եվրոպացիները մեզ սպասում են, այդ գործընթացը բավական տեւական ժամանակ կպահանջի, մասնագիտական խորը վերլուծություններ են անհրաժեշտ մի շարք ոլորտներում։ Սա լուրջ աշխատանք է, այդ պահանջը ներկայացվում է անդամակցության ձգտող երկրի նկատմամբ։ Հանրաքվեի գաղափարը առաջ քաշելով՝ ըստ էության փորձում են արհեստական քաղաքական լուծումներ գտնել։

«Պատկերացրեք, վաղը անցկացնենք հանրաքվե, Եվրախորհրդարանը իսկույն հարց կբարձրացնի՝ բայց, կներեք, դուք այնպիսի անվտանգային պրոբլեմներ ունեք, մասնավորապես, ձեզ մոտ գտնվում է ռուսական ռազմաբազան, մենք ձեզ չենք ընդունում։ Հետեւաբար, սրա հաջորդ քայլը մինչ անդամակցելն ու ռեալ գործընթաց սկսելը, լինելու է հենց ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հանելու վերաբերյալ շարժումը։ Այդ հանրաքվեի ամբողջ նպատակը դա է։ Այսինքն՝ սրա նպատակը Եվրամիության անդամակցությունը չէ, բայց հանրաքվեի անցկացման արդյունքում ռեալ հիմք է առաջանում՝ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից»,- հավելեց Հարությունյանը։

Նա նշեց, որ ռուսական քաղաքականությամբ հիացած չէ․ «Բայց ես գիտեմ մի պարզ բան՝ Թուրքիան այն պետությունն է, որն իր նպատակներին հասնելու համար երբեւէ չի խորշել հարեւան պետությունների տարածքներ ներխուժել։ Սիրիան, Կիպրոսը, Լիբիան լավագույն օրինակներն են։ Հիմա հարց՝ բոլորը խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին, Թուրքիայի աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնելու համար ռազմավարական այդ կետն ունի կարեւոր նշանակություն։ Ի՞նչն է խանգարում նրանց՝ սադրել ռազմական գործողություն եւ ուժով մտնել Սյունիք։ Մեկ գործոն կա՝ Ռուսաստանը։ Այն Ռուսաստանը, որն այսօր ամեն ինչով աջակցում է Թուրքիային, այն ՌԴ-ն, որն աջակցում է Ադրբեջանին, շատ լավ գիտակցում է, որ Սյունիքը Հարավային Կովկասի ամենակարեւոր ռազմավարական կետն է։ Եվ նա չի կարող զիջել։ Հետեւաբար, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանը, եթե մեզ ոչ մի բանով չի օգնում, ապա նաեւ չի խանգարում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Շատ շուտով Հայաստանն ու հայաստանցիները խորապես թքած կունենան նման իմաստակների «խիստ իմաստուն տեսքով» արված՝ իրենցից բացի արդեն ոչ մեկին բացարձակապես չհուզող, նմանատիպ կարծիքների վրա, հասկանալի է, որ այս անգամ էլ չեն ալարելու մեջտեղ բերել՝ «սխալ կատարված ընտրության» սնանկ թեզը, բայց դա արդեն մեջտեղ բերողների խնդիրը կլինի, ինչպես եղավ նախորդ փորձի ժամանակ, թեև արդեն խիստ թուլացած մտավոր կարողությունների պատճառով վերջիններս արդեն խնդիրն իբրև խնդիր դժվար թե կարողանան ընկալել։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930