Հայաստանն այսօր բոլոր առումներով պատրաստ չէ ինտեգրվել Եվրամիությանը։ Այս մասին այսօր հրավիրած «ԵՄ-ԵԱՏՄ․ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Եկեք մենք մեզ չխաբենք, Եվրամիությունը հաստատ մեզ չի սպասում։ Թուրքիան 27 տարի է՝ ուզում է ԵՄ անդամ դառնալ, Վրաստանը՝ 10 տարի։ Տեսեք, թե Վրաստանն ինչի միջով անցավ, նույնը Մոլդովան։ Այսինքն՝ այդ դառը փորձերը մեզ պետք է հուշեն, որ սթափվենք։ Պատուհան կամ ճանապարհ դեպի Եվրամիություն, դա խաբկանք է, լկտի սուտ է։ Նամանավանդ, երբ մենք տեսնում ենք, թե ովքեր են քարոզում, այդ քարոզողները նախկինում ովքեր են եղել, ինչ խմորից հունցած հաց են, եւ հիմա ինչ են առաջարկում մեր երկրին»,- հավելեց նա։
«Ես ու իմ նման շատ քաղաքացիներ կարծում են, որ տնտեսական աճի առումով մեզ համար վատ չէր լինի, եթե մենք չունենայինք 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը։ Թեկուզ 5 տարի ՀՀ-ում, այդ թվում՝ մայրաքաղաք Երեւանում հացը վաճառեին կտրոնով։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ համար առաջինը մեր ֆիզիկական անվտանգության խնդիրն է։ Անունն ինչ ուզում է դնեն՝ ԵԱՏՄ, թե ԵՄ ինտեգրացիա, համար առաջին խնդիրը հայի տեսակի պահպանման խնդիրն է այնպիսին, ինչպիսին կա։ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, եթե դրանք զուտ տնտեսական առումով վերլուծենք, մի տեղ պարզ երեւում է, մյուս տեղում քողարկված է, որ բոլոր տնտեսական բլոկների հետեւում կան ռազմական բլոկներ, եւ մեկը մյուսին լրացնում են։ Եվ պետք է հասկանանք, թե այդ ռազմական բլոկները ինչ են տվել մեր երկրին, ինչ են տալիս։ Եվ քանի որ խոսք է գնում Եվրոպական միության մասին, այդ հարցն անընդհատ բոլոր ժամանակներում քննարկվել է, որ, ճիշտ է, մենք պետք է ԵՄ հետ ունենանք բարիդրացիական, տնտեսական կապեր՝ չվնասելով այն մեծ կապերը, որը մենք ունենք ԵԱՏՄ-ում»,- ասաց նա։
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին եվրոպական բոլոր երկրներում տնտեսական անկում է, սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է։ Եվրոպական զարգացած երկրներում արդեն գյուղատնտեսական շարժումներ են սկսել։ «Հիմա նույն ԵՄ-ն, Արեւմուտքը տնտեսական սահմանափակումներ է դրել, պատժամիջոցների 14-րդ փաթեթն է արդեն հաստատել ՌԴ դեմ։ Ինչքան Արեւմուտքն այդ փաթեթները ԵՄ-ն շատացրեց, այնքան Ռուսաստանում տնտեսությունն աճ է արձանագրում։ Այսինքն՝ մենք պետք է այսօր ընտրություն կատարենք վատի ու վատագույնի միջեւ։
Կարդացեք նաև
Ի՞նչ է տվել մեզ ԵԱՏՄ-ն, փորձեմ 4 կետ նշել։ Առաջինը՝ տարեկան 450 հազար տոննայի կարգի արտոնյալ գներով հացահատիկը ՌԴ-ից ներմուծվում է ՀՀ այնպես, ինչպես Ախուրյանից կբերվեր Երեւան։ Երկրորդը՝ վառելիքային խնդիրները, գազի գինը։ Եթե ՌԴ-ից այսօր գազ չներկրվի ՀՀ, մենք կհայտնվենք սարսափելի իրավիճակում։ Մենք ունենք նաեւ ռազմական բլոկ, որը լավ, թե վատ, կա։ Ինչո՞ւ ենք Ռուսաստանին մեղադրում, որ մեզ չի օգնում, ՌԴ-ից ասում են՝ դուք ձեզ ե՞րբ օգնեցիք, որ մենք չօգնեցինք։ Ասում է՝ դու, ղեկավար, եթե քո երկրի ժողովրդին խաբում ես, ինձ չես կարող խաբել։ Հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ թեկուզ ուշացած, միշտ ռուսի «սապոգը» մեզ փրկել է թուրքի յաթաղանից»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։
Նա անդրադարձավ հարցին, որ Թուրքիան ու Ադրբեջանը պահանջ են ներկայացնում՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի իշխանությունն էլ կրկնում է, որ պետք է փոխել Սահմանադրությունը։ «Ինչո՞ւ, Սահմանադրությունը լավ էլ ձեր հագով կարած է, ինչո՞ւ եք փոխում, եթե հետին մտքեր չկան։ Քանի որ ՀՀ անկախ պետության Սահմանադրությունը խարսխված է, եւ կարմիր գիծն Անկախության հռչակագիրն է, Անկախության հռչակագրի մեջ էլ կարեւոր կետերից մեկը Հայոց ցեղասպանության հետեւանքներին տեր կանգնելն է, մյուսը՝ Արցախն է, Սահմանադրությունը փոփոխելով, այսինքն՝ կորցնելով հայի քո անձնագիրը, անունը դնում են Եվրամիություն։ Ժողովրդի լեզվով ասած՝ դու պատրաստվում ես քավոր լինել մի հարսանիքի, որին նույնիսկ չեն պատրաստվում քեզ հրավիրել»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ