Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը հարց ուղեց մայրաքաղաքի հեղեղատար համակարգի մասին։
Նա նշեց, որ 2023 թվականին նախատեսված 1 մլրդ 102 մլն դրամից 992 մլն դրամը տրամադրվել է ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը, սա ավելի շատ է, քան 2022-ին է տրամադրվել․ «Վերջին շրջանի անձրեւները կաթվածահար արեցին քաղաքը, համակարգը պատրաստ չէր կատարել իր գործը, բազմաթիվ քաղաքացիների գույքը վնասվեց, մեքենաներն ամբողջությամբ ջրի տակ մնացին»։
Ավետիսյանն ասաց, որ բազմաբնակարան շենքերի տանիքներ են վնասվել, ինչի հետեւանքով քաղաքացիների բնակարաններ են վնասվել։
Հարցին պատասխանեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, նա ասաց, որ Ավետիսյանի նշած գումարը կոյուղատար համակարգին է վերաբերում, որը եւս ջրահեռացում է, եւ գումարն ուղղված է ոչ թե հեղեղատար համակարգին, այլ կոյուղատար ցանցի վերակառուցմանը, թարմացմանն ու նոր համակարգ կառուցելուն։
Կարդացեք նաև
«Հեղեղատար համակարգը կատարյալ չէ։ Այսօր գործող 167 կիլոմետրն է հանձնվել «Վեոլիա ջրին»՝ շահագործման։ Ի սկզբանե կան թաղամասեր, որոնք չունեն հեղեղատար համակարգեր, կան վերակառուցման ենթակա համակարգեր, նոր կառուցապատումները հանգեցրել են նոր ծավալների։ Որքան քաղաքը բարեկարգվում եւ կառուցապատվում է, այնքան մեծանում է մակերեւութային ջրերի քանակը, որովհետեւ գրունտը հողն իր մեջ է քաշում, նոր կառուցապատումը, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում է մակերեւութային ջրերի ծավալի ավելացման, որը հանգեցնելու է նոր հեղեղատար համակարգի կառուցման անհրաժեշտությանը»,-ասաց Արեյանը։
Արեյանն ասաց, որ վերջին տեղումները նորմայից բարձր էին, անձրեւընդունիչ համակարգը չէր կարող այդքան ծավալ ընդունել․ «Մենք ունենք շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, կիսանջատ է մեր համակարգը, այն միացված է կոյուղատար համակարգին նաեւ եւ մեծ ծավալի անձրեւների դեպքում համակարգը ծանրաբեռնվում է, ու ջրերի քանակը փողոցներում մեծանում է»։
Արեյանն ասաց, որ այս համակարգում լուրջ ներդրումների կարիք կա։
«Գույքագրել ենք, պետք է ծավալային գնահատականը կազմենք, ներկայացնենք կառավարությանն ու հիմնադրամներին, որպեսզի կառուցվի նոր հեղեղատար համակարգ»,-ասաց Արեյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ տվյալ ոլորտում Երեւանի քաղաքապետարանն երբեւէ նման խոշոր ծրագիր չի իրականացրել, 2022-2023-ին են սկսել․«Հիմնականում կենտրոնացել ենք այն թաղամասերի վրա, որտեղ առհասարակ ենթակառուցվածք չկա։ Ենթակառուցվածքները մաշված են, համակարգային լուծում պետք է տանք, գույքագրել ենք, պետք է հասկանանք, թե ինչպես ենք լուծելու խնդիրը, շատ տեղերում կոյուղիները շարքից դուրս են գալիս»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ