«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում ստացված դրամաշնորհային հայտերն ուսումնասիրելու և հաղթողներին պարզելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է աշխատանքները։
«Նիստի արդյունքներով կիմանանք, ովքեր են այն 42 սկսնակ կին գործարարները Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր ստանում են 1-ական մլն դրամ դրամաշնորհ, որի համար մենք ունեցանք բավականին աղմկոտ ընթրիք կին գործարարների հետ և որի արդյունքով շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները 42 կանանց»,- եզրափակիչ նիստի բացման խոսքում արձանագրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
7 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որի կազմում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և աշխատակազմի անդամներ, անկախ փորձագետներ ու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ էին, ուսումնասիրել են երկրորդ փուլում ստացված բոլոր 95 հայտերը և գնահատել յուրաքանչյուր հայտ՝ 8 չափորոշիչով։ Քվեարկությունը եղել է անկախ, համատեղ քննարկումներ չեն եղել։ Աշխատանքային խումբը 42 հաջողակներին չի ընտրել կամայականորեն, խմբի անդամների անհատական գնահատականների հանրագումարի արդյունքում ամենից շատ միավորներ հավաքած 42 սկսնակ կին գործարարները դարձել են ծրագրի շահառու՝ մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Թևոսյանը:
«Անձամբ ինձ համար շատ դժվար աշխատանք էր, որովհետև հայտերի առնվազն 90 տոկոսի մեջ կային շատ հետաքրքիր առաջարկներ ու գաղափարներ, ընտրություն կատարելը շատ դժվար էր, մանավանդ երբ տեսնում ես, թե որքան շատ ունեն ծրագրին դիմած կանայք այդ 1 մլն դրամի կարիքը իրենց բիզնեսն արագ զարգացնելու համար։ Կարծում եմ, որ խորհուրդը նախաձեռնողական կլինի և կառաջարկի գործադիր մարմնին շարունակական դարձնել այս ծրագիրը և նաև օգնել կանանց, որ իրենք կարողանան ճիշտ կազմել իրենց բիզնես պլանները, ճիշտ ներկայացնել իրենց գաղափարները, որովհետև հայտերի մի զգալի հատված, ցավոք, հենց այդ պատճառով է իմ կողմից ստացել փոքր ինչ ցածր գնահատական», – ընդգծել է Վահագն Թևոսյանը։
Կարդացեք նաև
Աշխատանքների առաջին փուլում ստացված 166 հայտերից առանձնացվել էին այն բոլորը, որոնք համապատասխանում էին ծրագրին մասնակցելու երկու պարտադիր պայմանի՝ գործունեություն էին ծավալում ՀՀ մարզերից որևէ մեկում և ունեին իրավաբանական անձի կարգավիճակ։ Երկրորդ փուլում, սակայն, աշխատանքային խումբը որոշել էր բացառություն անել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար և չկիրառել պարտադիր պայմանները, ինչի արդյունքում երկրորդ փուլ էին անցել 106 հայտ։
«Հայտատուներին ուղարկվել է աշխատանքային խմբի կողմից մշակված հայտերի լրացման նոր ձևաչափ։ Իրենք պետք է այս հայտը լրացնեին և մեկ շաբաթվա ընթացքում հետ ուղարկեին հիմնադրամ՝ ուսումնասիրության և գնահատման համար։ 106 հայտից հետ ենք ստացել 95 հայտ, որոնք շարունակել են պայքարը։ Աշխատանքային խումբը մշակել էր նաև գնահատման թերթիկ, որտեղ հիմք էինք վերցրել 8 չափորոշիչ՝ գաղափարի մրցունակությունից մինչև ֆինանսական ազդեցությունը բիզնեսի զարգացման ու ընդլայնման տեսակետից»,- ծրագրի ամբողջ ընթացքն ամփոփել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։
Երկրորդ փուլի արդյունքներով ստացված 95 հայտերի հանրագումարային միավորները:
Գնահատման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 42 սկսած կին գործարարների ցանկը:
«Իմ քայլը» հիմնադրամն առաջիկա օրերին կկնքի նվիրաբերության պայմանագրեր բոլոր 42 հաջողակների հետ ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Փարպիում։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ