Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրենքի նախագիծը պարունակում է որոշակի կարևոր սահմանափակումներ, և անորոշություն կա դրա շրջանակի վերաբերյալ»․ Վենետիկի հանձնաժողովը՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

Հունիս 25,2024 12:18

Հունիսի 21-22-ին կայացած նիստի ընթացքում Վենետիկի հանձնաժողովը նոր կարծիք է ընդունել ազգային փոքրամասնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Այն պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարի խնդրանքով ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության հետ համատեղ։

Վենետիկի հանձնաժողովը «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ողջունելի օրենսդրական նախաձեռնություն է համարում, որը, ըստ հանձնաժողովի՝ ամենայն հավանականությամբ կնպաստի Հայաստանում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը կիրառելի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն:

Կարծիքում ամրագրված է․ «Վենետիկի հանձնաժողովը և ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինությունը ողջունում են ՀՀ ջանքերը՝ վերսկսելու ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության դեմ նոր իրավական ակտերի նախապատրաստումը, որոնք երկար տարիներ մշակման փուլում են»:

Նրանք, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս Հայաստանի իշխանություններին «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների և ապահովել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք, չսահմանափակվելով Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամներով, հնարավորություն ունենան ակտիվորեն մասնակցել նման խորհրդակցություններին»։

Կարծիքում նաև նշված է, որ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է համապատասխանի այլ իրավական ակտերին, որոնք, սակայն, չեն ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին։

Վենետիկի հանձնաժողովը նաև նշում է, որ օրենքի նախագիծը պարունակում է որոշակի կարևոր սահմանափակումներ, և անորոշություն կա դրա շրջանակի վերաբերյալ, ինչը հավանաբար կխանգարի դրա գործնական իրականացմանը։

Կարծիքում նաև ամրագրված է․ «Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն «Հայաստանի Հանրապետությունում պատմական կազմավորման» պահանջը՝ որպես ազգային փոքրամասնությունների սահմանման մաս»։

Նաև Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ օրենքի նախագծի 9(3) և 14 հոդվածներով նախատեսված շեմը պետք է հիմնված լինի իրավիճակի վերլուծության վրա՝ ներքին մակարդակում հաշվի առնելով փոքրամասնությունների բնակչության վերաբաշխումը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930