Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազանը երբ եկավ, փշալարը կար, ուղղակի չէր երեւում». Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանին պատ են շարում. «Հրապարակ»

Հունիս 25,2024 11:37

Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանին պատ են շարում ու փշալար քաշում, որ կիրանցեցիների անվտանգությունն ապահովեն։

«Փշալարն արդեն քաշել են, գրեթե գյուղ են հասնում։ Պատն էլ են շարում։ Այլընտրանքային նոր կառուցվող ճանապարհին համահունչ պետք է անեն, ճանապարհի արդեն 70 տոկոսը սարքել են»,- մեզ պատմեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

Փաստացի Կիրանցի հիմնական ճանապարհից հայ ժողովուրդն այլեւս չի օգտվում, այն հանձնվեց Ադրբեջանին։ Օրեր առաջ Կիրանց էր մեկնել Բագրատ սրբազանը, համոզվելու՝ ճի՞շտ են արդյոք Փաշինյանի ցույց տված նկարները՝ Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին փշալար, ցանկապատ սարքելու վերաբերյալ։ Բագրատ սրբազանը լրատվամիջոցների հետ միասին շրջել էր սահմանային գյուղերում ու ոչ մի փշալար էլ չէր գտել։ Մինչդեռ Կիրանցի գյուղապետն այլ բան է պատմում․ «Սրբազանը երբ եկավ, փշալարը կար, ուղղակի չէր երեւում։ Հիմա արդեն դիմացից լավ, պարզ երեւում է»։

Տավուշի մարզում՝ Բաղանիս-Կիրանց հատվածում արդեն տեւական ժամանակ է՝ բանակի զինծառայողների փոխարեն ԱԱԾ սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնում։ Շահինյանն ասում է` սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանին իրենք չեն կարողանում մոտենալ։ Կիրանցի գյուղապետը ենթադրում է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին էլ թույլ չեն տվել սահմանին մոտենալ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ Տավուշ կատարած այցի ժամանակ փշալարը չի եղել, իրենցից հետո են բերել։ «Մեր գնալուց հետո զանգեցին, ասացին, որ փշալար են բերել գյուղ։ Դա տեղի է ունեցել մեր գնալուց անմիջապես հետո։ Այս մարդիկ խնդիր ունեն՝ ցույց տալու, թե գործ են անում։ Փաստացի մեր՝ այնտեղ գտնվելու ժամանակ չի եղել»,- ասաց Դանիելյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930