Մինչ քաղաքը քնած է, փողոցները` դատարկ, Նիկոլ Փաշինյանն արդեն 4-րդ անգամն է առավոտ ծեգին դուրս գալիս հեծանվային զբոսանքի։ Նախորդ հոդվածներից մեկում գրել էինք, որ նրա հետ զբոսնում են ոչ թե սովորական քաղաքացիներ, այլ ՔՊ-ականներ, ՔՊ աջակիցներ, պետական պաշտոն զբաղեցնողներ, ՊՊԾ աշխատակիցներ։ 4 օր առաջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հեծանվային զբոսանքի հերթական լուսանկարն էր հրապարակել։ Այդ լուսանկարում Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի ֆեդերացիայի մի քանի տասնյակ անդամներ կային, այդ թվում էր նաեւ ֆեդերացիայի հիմնադիր անդամ Արման Անտոնյանը, ով մինչեւ 2021 թվականը եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հեծանվային զբոսանքից։
– Ինչո՞ւ որոշեցիք Փաշինյանի հետ հեծանիվ վարել։
– Հայաստանում տեղի ունեցող ցանկացած հեծանվային միջոցառմանը կա՛մ մեզ հրավիրում են, կա՛մ մենք ենք գնում, քանի որ մենք ենք հեծանվային մշակույթի լոկոմոտիվը։ Հեծանվային մշակույթը տարածելու մի նախաձեռնություն էլ սա է, ուստի ես մեծ ցանկություն եմ ունեցել մասնակցելու։ Վարչապետի կողմից առաջին պայմանը եղել է զրո քաղաքականություն։ Ասեմ ավելին՝ մի քանի հոգի պայմանը խախտելու պատճառով նկատողություն են ստացել։
– Ձեզնից բացի, ֆեդերացիայի անդամներից քանի՞ հոգի են մասնակցում առավոտյան հեծանվավազքին։
Կարդացեք նաև
– Անուն-ազգանուններով չեմ կարող ասել, մոտ 50-70 հոգի։ Ես բոլորին ճանաչում եմ։
– Դուք վարչապետին հեծանիվ վարելիս խորհուրդներ տալի՞ս եք, օրինակ՝ իր ֆիզիկական տեսքի, քաշի վերաբերյալ։
– Միայն վարչապետին չէ, հեծանիվ վարող ցանկացածին, որը սխալ է վարում, խորհուրդներ եմ տալիս։ Այո, վարչապետին էլ եմ խորհուրդներ տալիս։ Մեր ֆեդերացիայում սիրողական մակարդակի հեծանվորդներն են, եւ նպատակ ունենք ցանկացածին վարակել հեծանիվով։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: