Լրահոս
Օրվա լրահոսը

3 տասնյակ հարցերն առանց քննարկման 1 հարցի տակ անցկացնելն անարգանք է երեւանցիների եւ ավագանու ինստիտուտի հանդեպ․ Երեւանի ավագանու նիստի օրակարգի 32 հարցից 30-ը չզեկուցվող են

Հունիս 25,2024 10:48

3 տասնյակ հարցերն առանց քննարկման 1 հարցի տակ անցկացնելն անարգանք է երեւանցիների եւ ավագանու ինստիտուտի հանդեպ, ովքեր գործող իշխանության թեթեւ ձեռքով այլեւս հնարավորություն չունեն նախապես ծանոթանալու ավագանու քննարկվող որոշումներին եւ լսելու դրանց վերաբերյալ իրենց ընտրած ներկայացուցիչների դիրքորոշումները։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու հերթական նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը։

Այսօրվա նիստի օրակարգում ներառված է 32 հարց, որից 30-ը՝ չզեկուցվող։

Գրիգոր Երիցյանն ասաց, որ չզեկուցվող հարցերի մասին խնդիրը քննարկել են Երեւանի քույր-քաղաքների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցիչների հետ․ «Հստակ է, որ իշխող կոալիցիայի այս գործելաոճը հակաժողովրդավարական է եւ ոչ թափանցիկ։ Այս մասին է վկայում «Ֆրիդոմ Հաուսի»՝ «Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազումը» զեկույցը, որտեղ ութ անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը՝ մեծամասամբ բացասական լույսի ներքո՝ շահերի բախում, պաշտոնական դիրքի չարաշահում եւ այլն»։

Երիցյանի խոսքով՝ ավագանու անդամները զրկված են իրենց մանդատներն իրացնելու հնարավորությունից, քանի դեռ չկա ամեն հարցի վերաբերյալ առանձին-առանձին քվեարկության միջոցով դիրքորոշում հայտնելու հնարավորություն։ Ընդ որում, ըստ Երիցյանի, պարզ չէ, թե ինչ սկզբունքով են հարցերը դառնում զեկուցվող կամ չզեկուցվող:

«Ազգային առաջընթացն» առաջարկեց 3 հարց դարձնել զեկուցվող։

«Մայր Հայաստանն էլ առաջարկեց օրակարգի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող։

«Հանրային ձայն» խմբակցությունն էլ առաջարկեց սեպտեմբերի 10-ի հաջորդ նիստից սկսած չզեկուցվող հարցերի քանակը կրճատել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ օրակարգից հանում են 11, 17, 27 հարցերը, սրանց վերաբերյալ հանձնաժողովներում տրվել է բացասական եզրակացություն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հավելեց, որ այն հարցերն են չզեկուցվող, որոնք հանրային մեծ նշանակություն չունեն։ Նա ասաց, որ առաջարկել էին մյուս խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել ու համաձայնության գալ, թե որ հարցերը լինեն զեկուցվող կամ չզեկուցվող, սակայն ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները ձախողեցին այդ քննարկումը․ «Եվ հիմա նման պահանջները հնչեցնելը չեմ կարծում, որ տեղին է, հատկապես այս խմբակցության ղեկավարի կողմից, որը հանձնաժողովի գրեթե ոչ մի նիստի չի մասնակցում»։

Նա առաջարկեց առաջիկայում նորից քննարկել հարցը, իսկ այսօր ընդդիմության առաջարկին դեմ են քվեարկելու։

«Ազգային առաջընթացի» եւ «Մայր Հայաստանի» առաջարկներին ավագանու մեծամասնությունը դեմ քվեարկեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930