Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզապես ապրելու» «գաղափարախոսությունը» կործանման նշան է

Հունիս 25,2024 10:00

Առաջ ես կարծում էի, որ գաղափարախոսությունը ձեւակերպվում է ազգի մտավոր, հոգեւոր վերնախավի կողմից, որի ոգեշնչման աղբյուրն են բարձր արժեքները, սկզբունքները, եթե ուզում եք՝ «ձեւերը» (հիշելով Պլատոնին):

Բայց քանի որ Հայաստանում, ըստ պաշտոնական քարոզչության եւ դրան հավատացող զանգվածի, ոչ մի վերնախավ չկա, իսկ նրանք, ովքեր հավակնում են վերնախավի անվան, բոլորը «սրիկա են ու ծախված», գաղափարախոսությունը ձեւավորում է «ժողովուրդը», եւ դրա առաջնորդ Փաշինյանին մնում է միայն այդ թեզերը բարձրաձայնել:

Եվ այստեղ Պլատոնի կամ որեւէ այլ խոշոր մտածողի կարիքը չկա, ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ «ուզում ենք պարզապես ապրել»: Այսինքն՝ որպես ազգ եւ պետություն չունենք որեւէ նպատակ, տեսլական, նույնիսկ շարժման ուղղություն, ամեն մեկս բավարարենք մեր փոքրիկ «էգոն», եւ կյանքն ինքն իրեն հրաշալի կդառնա: Եթե ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն այդպես է մտածում (ինչին հակված եմ հավատալու), ուրեմն, մոտենում է մեր պետության վախճանը: Ոչ մի պետություն այդ «գաղափարախոսությամբ» չի կարող գոյատեւել:

Դրան դուք գուցե առարկեք, որ մենք արդեն կռվել ենք, արդեն մաքառել ենք, հիմա արդեն ունենք պետություն ու ցանկանում ենք նորմալ ապրել:

Նման (ընդունենք՝ շատ տարածված) կարծիքին ես ունեմ երեք առարկություն:

1/ Այս պահին աշխարհում ստեղծված վիճակը վկայում է, որ գոյություն ունեցող բազմաթիվ պետություններում մարդիկ չեն կարողանում «պարզապես ապրել»: «Անհանգիստ ապրելու» վերջին ալիքը սկսվեց «արաբական գարունով» ու շարունակվում է Պաղեստինով եւ Ուկրաինայով:

2/ Որպեսզի «պարզապես ապրես», հարեւաններդ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ դու պետություն ունես: Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան, իրականում նպատակ ունեին եւ ունեն՝ ոչնչացնել հայկական պետականությունը:

3/ Նույն Փաշինյանը պնդում է, որ մենք ոչ թե կռվում էինք ու մաքառում, այլ պարզապես խանգարում էինք, որ Ադրբեջանն ապրի: Այլ կերպ ասած, հազարավոր ազատամարտիկների, հայտնի ազգային հերոսների, Հայաստանում զրկանք կրող մարդկանց ամբողջ կյանքը եւ մահը իմաստավորվում են միայն ադրբեջանցիներին նեղություն պատճառելով:

Դա ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի կողմից պետականության 30 տարին ջնջելը ու դրա վրա մի մեծ գերեզմանաքար դնելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փաշինյանին խնդրոյ առարկայ խօսքերը, ուղղակի նկարագրութիւնն են՝ հաւաքական
    ընկճախտի:

    Հոգեկան ծանր խորտակում մը, որու պատճառը սակայն ընթացիկ Հայոց Աղէտը չէ, միայն:

    Այդ անկումը նաեւ ամենասովորական հետեւանքն է՝ գինովութեան յաջորդող օրուայ հոգեվիճակին (դժբախտաբար, փորձառութեամբ եմ խօսում… մի դատէք զիս, ոեւէ մարդկային էակ ունի իր թերութիւնները…) :

    Այս պարագային, հաւաքական ծանր գինովութիւնը՝ 2018ի գարունն էր:

    Խնդիրը այն է որ սակայն, թէ՛ էն վախտ, եւ թէ՛ հիմա, այս հաւաքական հիւանդագին երկու վիճակներն ալ տնօրինում է՝ միեւնոյն անձը:

    Որպէսզի դարմանումի յոյս մը գոյանայ, անհրաժեշտ է որ գոնէ… թամադա-ն, փոխուի:

    Հայդուկ Շամլեան

    Յ.Գ. Իսկ Փաշինյանի եւ իր շրջապատի ծայրագոյն սխալը, խորքային թիւրըմբռնումը, այս հանգրուանին, չհասկնալն է՝ հենց այն ժողովուրդը, որու անունով տեւաբար խօսում են:

    Բոլոր ձայն չհանողները, իրենց համակիրները չեն: Այդ լռութիւնը, լրիւ, համազօր չէ՛ վարչակարգի ուղեգիծի նկատմամբ հաւանութեան:

    Անշարժացած, սառած-մնացածերին մէկ մասը այդպէս են, վերոնշեալ ընկճախտի պատճառով: Այդ հիւանդութեան ամենասովորական ախտանշան է, դա:

    Ի դէպ, կրնայ նոյնիսկ անձը ժպտիլ, խնդալ, զուարճանալ, սրամիտ կատակներ անել, թէկուզ ամէն վայրկեան կը գտնուի՝ ինքնասպանութեան շեմին: (Այս մէկը, բարեբախտաբար անձնական փորձառութեամբ չեմ ասում. սակայն բազմաթիւ օրինակներ կան դժբախտաբար, որոնք կը հաստատեն որ դա, այդպէս է: )

  2. Aha says:

    Honestly, the editor should write an article on the similarities between our leader and Yervand Odyan’s Panjuni.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930