Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաշխարհային բրենդը հասավ Գյումրի․ քաղաքի սրտում գտնվող հյուրանոցներից մեկը կգործի Radisson Hotel Group-ի ներքո

Հունիս 24,2024 23:44

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող երկու շքեղ ու ինքնատիպ կառույցներ՝ «Շիրազ պլազա հոթելն» և պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող ալեքպոլյան բաղնիքը՝ «Ալեքսանդրա SPA»-ն, որոնց սեփականատերերը գործարարներ Արման Սահակյանն ու շվեյցարահայ Վարտան Սիրմակեսն են, շուտով կմիավորվեն մեկ համալիրի մեջ՝ գործելով հյուրանոցային համաշխարհային ցանցի՝ «Ռեդիսսոն հոթել գրուպի» (Radisson Hotel Group) ներքո ու կրելով Radisson Hotel & Spa Gyumri անունը:

Գյումրիում համագործակցության պայմանագիր ստորագրվեց աշխարհի առավել քան 115 երկրներում մոտ 1400 բարձրակարգ հյուրանոցներ ունեցող Radisson Hotel Group-ի Բիզնեսառաջխաղացման գլխավոր տնօրեն Մարիա Զնովայի և «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» (Alecpol Projects Management) ընկերության տնօրեն Արման Բարսեղյանի միջև։

Մարիա Զնովան այս իրադարձությունը համարեց անչափ կարևոր Հայաստանի, առավել ևս գեղեցիկ քաղաք համարվող Գյումրիի համար։ Նա, մանրամասնելով իրենց բրենդի պատմությունը, տարբեր երկրներում կատարած ներդրումները, նշեց, որ «Շիրազ պլազա հոթելն» իր հարմարություններով՝ շքեղ շենքային պայմաններով, դիզայնով ու որակով լիարժեք համապատասխանում է համաշխարհային հյուրանոցային ցանց մտնելու չափանիշներին։

Radisson Hotel Group-ի տարածաշրջանային գլխավոր ինժեներ Պավել Ստելմաչենկոն էլ առանձնացրեց հյուրանոցի տեղը, դիրքը, անվտանգային համակարգը, ժամանակակից տեխնիկական միջոցներն ու ենթակառուցվածքները, որոնք բավարարում են իրենց պահանջներին։

Այսպիսով՝ համաշխարհային բրենդի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ իրենց մուտքը Գյումրի վարակիչ օրինակ կդառնա մյուս բրենդների համար՝ զբոսաշրջային այս քաղաքում ներդրումներ կատարելու ու տնտեսությանը զարկ տալու առումով։

Նշենք, որ Գյումրին Երևանից հետո երկրորդն է, որի հյուրանոցային աշխարհ մուտք է գործում համաշխարհային այս բրենդը։

5 հարկանի «Շիրազ պլազա հոթելը» (հասցեն՝ Շահումյան 105) կարելի է ասել Գյումրու ամենամեծ հյուրանոցն է․ ունի 64 սենյակներ՝ տարբեր դասերի՝ ստանդարտ, ընտանեկան, պատշգամբով, դեպի բակ նայող, քաղաքի տեսարաններով, լյուքս ու կիսալյուքս դասի սենյակներ, անգամ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված սենյակ ու վերելակ։

«Շիրազ պլազա հոթելը» հանրությանը հայտնի է ևս մեկ շատ կարևոր առավելությամբ․ բազմաթիվ տեղական ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՄԱԿ-ը, ՀՀ-ում տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ իրենց կոնֆերանսներն այստեղ են անցկացնում․ հատուկ գալիս են Գյումրի այս նպատակով։ Հյուրանոցն ունի հարմարավետ կոնֆերանսի դահլիճ և երկու հանդիպումների սրահներ՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած։ Այն նաև ունի նախաճաշի սրահ ու ժամանակակից խոհանոց, մարզասրահ։

«Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» ընկերության տնօրեն Արման Բարսեղյանն էլ իր հերթին խոսեց ընկերության ստեղծման պատմության ու ծրագրերի մասին։

Նա նշեց, որ «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» ընկերությունը ստեղծվել է 5 տարի առաջ՝ 2019 թվականին, գործարարներ Արման Սահակյանի և Վարտան Սիրմակեսի կողմից, որոնք որոշել են միավորել Գյումրիում իրենց ունեցած գույքը ու ստեղծել դրանց կառավարմամբ զբաղվող պրոֆեսիոնալ ընկերություն։ Ընկերության անվանումն արդեն իսկ հուշում է, որ այն զբաղվում է ալեքպոլյան նախագծերի կառավարմամբ։

«Իսկ ինչո՞ւ ալեքպոլյան, որովհետև խնդիր էր դրվել վերականգնել ոչ թե Գյումրիի, այլ ավելի շատ Ալեքսանդրապոլի մշակութային ժառանգությունը, և այդ բոլոր գույքերը գտնվում էին Ալեքսանդրապոլում։

Առաջին նախագիծը, որը իրականացրեցինք, Ռուսթավելի փողոցում պատմության, մշակույթի հուշարձան համարվող մի քանի գույքերի միավորումն էր մեկ համալիրի մեջ։ Մոսկվայից հրավիրեցինք երիտասարդ ճարտարապետների, որոնք ներկայացրեցին նախագիծ։ Այն ստացավ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությունը, և մենք մեծ հաջողությամբ իրականացրեցինք, և այնտեղ բավական երկար ժամանակ երեք ռեստորան է գործում ՝ «Բաստուրման»«Միրոն»«Ալ Ահուազը»,-ասաց բանախոսը։

Նախագծերից մեկն էլ Գյումրու սրտում՝ Աբովյան կամ որ առավել հայտնի է՝ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում գտնվող «Ալեքսանդրա Պլազայի» հիմնումն է․ քաղաքի հայտնի կառույցներից մեկը՝ ԿԳԲ-ի շենքը վերանորոգելով՝ այստեղ հիմնեցին յուրօրինակ ճարտարապետություն ունեցող «Ալեքսանդրովսկի» ռեստորանը և գրասենյակներ,որոնք վարձակալությամբ են տրվում տարբեր կազմակերպությունների ու անհատների։

«Ալեքսանդրովսկի» ռեստորանում մշտապես բացօթյա միջոցառումներ են կազմակերպվում, հայտնի բենդեր են ելույթ ունենում, որն էլ մեծ թվով հյուրերի է Գյումրի բերում։

Մի խոսքով՝ այս ներդրումների շնորհիվ Գյումրու պատմական միջուկում կոլորիտային, հաճելի միջավայր է ստեղծվել, որը նոր շունչ է հաղորդում քաղաքին, բազում զբոսաշրջիկների է գրավում։

Նախագծերից մեկն էլ ալեքսանդրապոլցի մեծահարուստ Գևորգ աղայի` Գևորգ Կոստանյանի կողմից 1860 թվականին կառուցված բաղնիքի շենքի վերանորոգումն ու տեղում Ալեքսանդրա բաղնիքի (Alexsandra Spa կենտրոն) հիմնումն է: 164 տարի անց հայ արհեստավորների օգնությամբ ռեստավրացիայի ենթարկված այս կառույցը դարձել է ամենաշատ այցելվող կամ որ ավելի ճիշտ է ասել՝ ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերից մեկը։

«Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» տնօրենն, անդրադարձ կատարելով ստորագրված պայմանագրին, տեղեկացրեց, որ «Ալեքսանդրա SPA»-ն ու «Շիրազ պլազա հոթելը» մեկ համալիրի մեջ կմիավորվեն սեպտեմբերից՝ դառնալով մեկ ընդհանուր համալիր՝ Radisson Hotel & Spa Gyumri անվամբ։

«Այն, որ Radisson Group-ը ընդունել է մեր իրականացրած նախագիծը, և մեր սպասարկման որակը եղել է համապատասխան իրենց չափանիշներին, դա շատ մեծ ուրախություն է, բայց առավել մեծ ուրախության և հպարտության առիթ է այն փաստը, որ մենք դրան հասել ենք բացառապես գյումրեցի կադրերով, գրեթե բոլոր աշխատակիցները՝ բացի խիստ մասնագիտացում պահանջող գործերից, տեղի կադրեր են, և մենք դրա համար շատ ուրախ ենք։ Սա այն նպատակներից մեկն է, ինչին մեր բաժնետերերի մտահղացմամբ միտված է մեր ընկերությունը։

Մի քանի բառով էլ ներկայացնեմ մեր ապագա ծրագրերը․ մի քանի նախագծեր են առկա, դրանցից առավել ծավալունը «Կինո Հոկտեմբերի» վերակառուցումն է։ Մենք կազմել ենք նախագիծ, այն ստացել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությունը և ներկայացվել է Գյումրու քաղաքապետարան` շինթույլտվություն ստանալու համար։ Նշված շինթույլտվությունը ստանալուն պես՝ այդ աշխատանքները կմեկնարկեն։ Եվ ուզում եմ հավատացնել, որ այդ ծրագիրը կլինի ճիշտ ձևավորված, ինչպես մեր մնացած բոլոր ծրագրերը»,-ասաց Արման Բարսեղյանը։

Նշենք, որ համալիրի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն դոլար, ավելի քան 50 աշխատատեղ է ստեղծվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930