Aravot.am-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որ հունիսի 12-ին «Կենտրոն» հեռուստաընկերության յութուբյան ալիքում հրապարակվել է «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ էլ կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ, որի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին դուրս հրավիրում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով:
Ըստ ՀԿ-ի հաղորդման՝ անհայտ անձը ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղեկություններ չունի, արդյոք իրենց ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնվել է, թե՝ ոչ. «Երբ ԱԺ-ում տեղի ունեցավ պատգամավորների միջեւ հրմշտոցը, պետական պահպանության ծառայության աշխատակիցը լրագրողներին օթյակից զոռով, ուժով հանեց դուրս: Դա, մեր ընկալմամբ, լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտում էր, այդ մասով հանցագործության մասին հաղորդում ենք տվել:
Կարդացեք նաև
Ով էր այդ անձը, մենք չգիտենք, դա պարզելը իրավապահների գործն է: Բայց ակնհայտ էր, որ ՊՊՇԾ աշխատակից էր, համազգեստն էլ էր պարզ երեւում:
Իրենք միշտ են այդպես անում: 2021-ի օգոստոսին էլ, երբ պատգամավորների միջեւ կրկին հրշմշտոցներ էին լինում, հենց սկսվում էր հրմշտոցը, ՊՊԾ աշխատակիցները միանգամից օթյակից հանում էին լրագրողներին: Սա ապօրինի, հանցավոր մոտեցում է: Այն ժամանակ էլ ենք պնդել, որ դա հանցավոր է, հիմա էլ ենք պնդում: Այն ժամանակ էլ ոչ մեկ չպատժվեց, ես ենթադրում եմ, որ այս անգամ էլ ոչ մեկ չի պատժվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ