Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղ անհնազանդության արտահայտման իրավունքի հարգումը և բողոքի ակցիաներին իրավապահների արձագանքը մտահոգություններ են առաջացրել». ԵԽԽՎ

Հունիս 24,2024 21:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում հունիսի 24-28-ը անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը։

Նստաշրջանի հունիսի 26-ի լիագումար նիստի ընթացքում կանցկացվի «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկում։ Այս թեմայով զեկույց կներկայացնեն համազեկուցողներ Կիմո Կիլյունեն (Ֆինլանդիա, սոցիալիստների խումբ) և Բորիանա Աբերգը (Շվեդիա, ԵԺԿ)։

Պատրաստված զեկույցում Մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգություն է հայտնում քաղաքական բևեռացման առումով։ Մասնավորապես ամրագրված է․ «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է ընտրական օրենսդրության բարեփոխումները և իրար հաջորդող երեք ընտրությունների անցկացումը՝ առանց լուրջ խախտումների։ Միևնույն ժամանակ հանձնաժողովը ցավում է, որ այս բարեփոխումները չեն օգնել նվազեցնել քաղաքական բևեռացումը։ Կոչ ենք անում քաղաքական մեծամասնությանը և ընդդիմությանն ուսումնասիրել միջկուսակցական կոնսենսուս ստեղծելու ուղիները։ Բոլոր դիտորդական առաքելությունները զեկուցել են քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման մասին: Փոխադարձ հանդուրժողականությունը և քաղաքական հակառակորդների լեգիտիմության ճանաչումը անհրաժեշտ տարրեր են ժողովրդավարական հասարակությունների համար և ամրացնում են ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմությունը»։

Մոնիտորինգի կոմիտեն ողջունում է դատական ​​իշխանության անկախության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված շարունակական ջանքերը և խրախուսում է Հայաստանին շարունակել իր ջանքերը օրենսդրության, պետական ինստիտուտների և մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխանության առումով։ Նաև նշվում է, որ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակելու է ՀՀ-ում մոնիտորինգի իրականացումը՝ հատկապես արդարադատության ոլորտի բարեփոխումների, ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում։

Անդրադառնալով 2023-ին Երևանի ավագանու ընտրություններին՝ թեև նշվում է, որ դրանք հիմնականում ընթացել են առանց խախտումների, միևնույն ժամանակ կա մտահոգություն կապված հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման հետ։

Համազեկուցողները զեկույցում անդրադարձել են նաև ՀՀ իրենց կատարած այցին և Արցախից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպմանը․ «Ընտանիքները, որոնց մենք հանդիպեցինք, հակամարտության պատճառով արդեն երրորդ անգամ էին տեղահանվում։ Նրանց մեծ մասը ՀՀ էր գաղթել հյուծված, քաղցած ու հոգեկան ծանր վիճակում, քանի որ ինը ամիս նրանք ունեցել էին սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս»։

Զեկույցում անդրադարձ կա նաև բանտային պայմաններին՝ մտահոգություն հայտնելով, որ բանտերի շենքային պայմանները շարունակում են մնալ հիմնականում մտահոգիչ։

Անդրադառնալով խաղաղ հավաքների ժամանակ իրավապահների գործողություններին՝ զեկույցում ամրագրված է․ «Խաղաղ անհնազանդության արտահայտման իրավունքի հարգումը և բողոքի ակցիաներին իրավապահների արձագանքը մտահոգություններ են առաջացրել»։ Այս համատեքստում անդրադարձ կա Ավետիք Չալաբյանին։ Մասնավորապես նշված է․ «136-րդ հոդվածի դրույթներն օգտագործվել են ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանին պատժելու համար՝ ուսանողներին 2022 թվականին ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու «նյութական մոտիվացիայի» համար, սակայն Չալաբյանը զրկվել է հանրահավաքներ կազմակերպելու և այլ հրապարակային միջոցառումներին կամ հավաքներին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև երկուսուկես տարով զրկվել բնակության վայրը փոխելու իրավունքից»։

Թեև ոստիկանության  բարեփոխումներն ուղղված էին «ոստիկանությանը քաղաքացիներին ավելի մոտ դարձնելուն», սակայն զեկույցում մի շարք խնդիրներ են ամրագրված ոստիկանության վարքագծի հետ կապված․ «ՀՀ այցելած պատվիրակությունը լսել է ոստիկանության կողմից վերջերս բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին որոշ պնդումներ։ Դրանց մեծ մասը  վերաբերում էին բերման ենթարկելու պահին անհամաչափ ուժի կիրառմանը (բռունցքներով, ոտքեր, մահակով հարվածներ, հրում, մարդկանց գետնին տապալում, ոստիկանական մեքենա նետելը), դիմադրություն չցուցաբերող անձանց ձեռնաշղթաներ հագցնելը և այլն։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930