Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականի և մասնավորի ճկուն համագործակցություն, ուսուցում աշխատավայրում. ուժի մեջ է մտել ՄԿՈՒ նոր օրենքը

Հունիս 24,2024 18:50

Ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, այսօր կայացել է օրենքի պաշտոնական ներկայացումը։

Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի Համադաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար/փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Օրենքի մշակման շուրջ աշխատանքներն ընթացել են ավելի քան երեք տարի՝ տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է օրենքի ընդունման կապակցությամբ՝ կարևորելով այդ ընթացքում գործադրած համատեղ ջանքերն ու նվիրվածությունը: Նրա խոսքով՝ նոր օրենքը լիովին համահունչ է ՀՀ կառավարության պատկերացումներին և այն թիրախներին, որոնք դրված են կրթության ռազմավարության մեջ:

«Վստահ եմ՝ նոր օրենքն օգնելու է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ վերադարձնելու այն նշանակությունն ու օգտագործելու այն ներուժը, որն այդ համակարգը կարող է բերել երկրի զարգացման համար: Առջևում շատ բարդ և երկարատև աշխատանք է սպասվում, բայց՝ ճիշտ ուղղությամբ: ՄԿՈՒ ոլորտի ներուժը մեր երկրում ամբողջությամբ օգտագործված չէ. մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում, բայց այն պետք է դարձնել ավելի արդյունավետ: Օրենքը տալիս է աշխատելու նոր գործիքակազմ, մասնավորի հետ համագործակցության ճկունություն, մեթոդներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդել, որոնք արդյունքները բազմապատկելու հնարավորություն կտան»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տեղացի և միջազգային գործընկներներին թիմային մեծ աշխատանքի համար: Հիշեցնենք՝ օրենքի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից, ներառյալ Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվել են թիրախներ, այդ թվում՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և շրջանավարտների առնվազն 90%-ի մասնագիտական զբաղվածությանը:

«Այսպիսի արդյունք ունենալու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթություն, որը համապատասխանում է աշխատաշուկայի պահանջներին: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքն առանցքային փոփոխություններ է առաջարկում, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձևը: Սա, առաջին հերթին, նշանակում է սերտ համագործակցություն մասնավոր ոլորտի, գործատուների հետ: Ինչ-որ առումով գործատուները դառնում են կրթության կազմակերպման գործընթացի մաս, ավելին՝ կրթության մի մասը կարող է կազմակերպվել հենց գործատուների մոտ՝ աշխատավայրում: Սա օգնում է, որ մենք բարելավենք մեր շրջանավարտների գործնական հմտությունները, և նրանք ամբողջությամբ պատրաստ լինեն մուտք գործելու աշխատաշուկա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ  թիրախներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում մարդկային կապիտալի և տնտեսական զարգացմանը:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը կարևորել է կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները՝ որպես գործողությունների հաջորդ քայլ:

«Փոփոխություններ նպատակն է ստանալ հանրային մի ոլորտ, որը կառավարվում է պետականի և մասնավորի ճկուն համագործակցությամբ, արձագանքում է ժամանակի փոփոխություններին և բավարար ներառական է: Այս ամենի իրագործման դեպքում խոսելու ենք ուսանողների, այդ թվում նաև օտարերկրյա սովորողների թվի աճի, ինչպես նաև հաստատությունների մրցունակության ու գրավչության բարձրացման մասին»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ևս շնորհակալություն է հայտնել այն կազմակերպություններին, որոնք տևական ժամանակ իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման գործում:

«Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգն այն զգայուն և հզոր լծակն է, որն ուղղակիորեն ազդում է տնտեսության զարգացման մեխանիզմների վրա, ինչպես նաև համարվում է ցանկացած երկրի տնտեսության շարժիչ ուժն ու զարգացման նախապայմանը: Ակնհայտ է՝ ոլորտը գործել և գործելու է միջազգային զարգացումների տրամաբանության մեջ»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ մասնագիտական ուսուցում կազմակերպող բոլոր հաստատությունները, նոր օրենքի կիրարկմամբ պայմանավորված, կկոչվեն քոլեջ՝ իրականացնելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցն ընդգծել է՝ Գերմանիայի կառավարությունն ուրախ է աջակցել Հայաստանում «Մասնագիտական ​​կրթության և ուսուցման» (ՄԿՈՒ) բարեփոխումների իրականացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր հատվածի կարիքների և ՄԿՈՒ կրթական համակարգի միջև կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտությունների բացահայտմանը և շուկայական ուղղվածություն ունեցող կրթության ապահովմանը:

«Մենք արդեն աշխատել ենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, ՏՏ-ն, լոգիստիկան, գինին և տեքստիլը՝ երկակի ՄԿՈՒ-ի ներդրման ուղղությամբ: Խրախուսել ենք ավանդաբար տղամարդկանց կողմից գերակշռող ոլորտներում կին ուսանողների ներգրավվածությունը, ինչն իր արտացոլումն է ունեցել նաև նոր օրենքում։ Սա կօգնի հաղթահարել գենդերային անհավասարությունը մի շարք ոլորտներում, ինչը կարևոր է Գերմանիայի կառավարության համար: Անցյալ շաբաթ ընթանում էին հայ-գերմանական միջկառավարական հերթական խորհրդակցությունները։ Ես ուրախ եմ նշել, որ ապագայում մենք նույնպես շարունակելու ենք աջակցել ՄԿՈՒ ոլորտին՝ ենթաօրենսդրական ակտերի մշակում և այլ կարևոր գործողություններ, ինչը կնպաստի ոլորտի կայացման ու կատարելագործմանը»,- ասել է Կատրին Բուդեր-Փելցը։

Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի փոխտնօրեն, Շվեյցարիայի փոխդեսպան Ուրսուլա Լյոբլին ևս ողջունել է ներկաներին և ասել. «ՄԿՈՒ նոր օրենքի ընդունումը կարևոր հանգրվան է, որը ստեղծում է շրջանակային պայմաններ և փոխում է նաև ՄԿՈՒ հաստատությունների դերը: Այս նոր իրողություններում քոլեջները պետք է լինեն նաև ավելի նախաձեռնող՝ շուկայում դրանց համապատասխանությունը ապահովելու համար: Սա պահանջում է նոր մտածելակերպ և կարողություններ, որտեղ մենք տեսնում ենք MAVETA-ի աջակցության կարևորությունը»:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են այն հիմնական գործողությունները և քայլերը, որոնք պետք է հաջորդեն օրենքի ընդունմանը. մինչև 2026 թվականի հունվարի 31-ը նախատեսվում է ենթաօրենսդրական ակտերի ընդունում: Ներկայացվել են ինստիտուցիոնալ նոր բարեփոխումները, այդ թվում՝ դուալ ուսուցման համակարգի տարածման, վերապատրաստումների իրականացման, տնօրեններին աջակցող խորհրդատվական և ռազմավարական կարողությունների զարգացման, դասավանդող մասնագետներին ներկայացվող որակավորման նոր չափանիշների վերաբերյալ: Որպես հիմնական նորույթ նշվել, որ ընդլայնվում է հաստատությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, սահմանվում են իրավակարգավորումներ սովորողի՝ աշխատանքի մեջ ներգրավման վերաբերյալ և այլն: Սահմանված գործողությունների մեջ շեշտադրվում են թիրախ խմբերի իրազեկումը, մասնագիտական կողմնորոշման զարգացումը և այլն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930