Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակցի գերազանցիկները կմեկնեն Դուբայ․ ցուցակից դուրս են մնացել գյումրեցիներն ու անեցիները

Հունիս 24,2024 17:33

Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ «առաջադիմությամբ աչքի ընկնող շիրակցի դպրոցականները «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» «Գերազանցիկը» ծրագրի շրջանակներում՝ որպես խրախուսանք, հուլիսի 5֊ին կմեկնեն Դուբայ»։

Մարզպետարանի էջում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ ճանապարհորդելու պատրաստ դպրոցականները հորդորում են մյուսներին լավ սովորել, քանի որ երազանքներն իրականանում են։ Տեսանյութից ակնհայտ է, որ Դուբայ մեկնողների շարքում Ախուրյանի, Արթիկի, Աշոցքի և Ամասիայի դպրոցականներն են։ Նրանք մեկնում են կրթական-մշակութային և ժամանցային շրջագայության։

Այս տեղեկատվության տակ հրապարակվել են բողոքներ առ այն, որ անտեսվել են Գյումրիի ու Անի խոշորացված համայնքի գերազանցիկները։

Օրինակ՝ ծնողներից մեկը գրել է․ «Իսկ Գյումրու դպրոցների գերազանցիկներին առաջ քաշեցիք, ոգևորեցիք ու մերժեցիք… այդ թվում նաև իմ երեխային։ Հիմա ինչ, այդ ծրագիրը, որ «100 գերազանցիկներ» է կոչվում,մերոնց մերժելուց հետո էլ է նույնը մնո՞ւմ։

Բա ու՞ր են գյումրեցի երեխաները»։

Մեկ այլ օգտատեր էլ հարց է տվել․ «Շատ կներեք, իսկ Անի ու Գյումրի համայնքները դուրս են եկե՞լ Շիրակի մարզից»։

Aravot.am-ը Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ծրագրից դուրս մնացել Գյումրիի և Անիի դպրոցականները։

Մարզպետարանի պաշտոնյայի պարզաբանմամբ, ծրագրին պարտադիր ֆինանսական մասնակցություն պիտի ունենա նաև համայնքը։

Հրայր Կարապետյանի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը մեծ աշխատանք են տարել Շիրակի մարզի բոլոր համայնքների գերազանցիկներին ընդգրկելու համար․ բանակցություններ են վարել համայնքային իշխանությունների հետ։

Նախնական պայմանավորվածություն եղել է նաև Գյումրու ու Անիի համայնքապետարանների հետ, սակայն նրանք հետագայում հրաժարվել են մասնակցություն ունենալ ծրագրին, հետևաբար և այս համայնքների առաջադեմ սովորողները դուրս են մնացել ցուցակից։

Ըստ Հրայր Կարապետյանի, թեև քննադատության սլաքներն ուղղվում են իրենց կառույցին, սակայն Շիրակի մարզպետարանի աշխատակազմը բյուջե չունի, որպեսզի դառնար ծրագրի համաֆինանսավորող ու կազմակերպեր դուրս մնացող երեխաների ճանապարհորդությունը։

Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ 100 աշակերտի փոխարեն, կճանապարհորդեն մոտ 65-ը։

«Հակոբյաններ Համահայկական կենտրոնը», ըստ մեր զրուցակցի, ակտիվ կառույց է, կրթական-երիտասարդական բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում, Դուբայ ճանապարհորդություն կազմակերպել էր նաև Արմավիրի մարզի գերազանցիկների համար, այս տարի հերթը Շիրակինն է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930