Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Նիզամին իրապես «ադրբեջանցի» է, ապա ինչո՞ւ չի ստեղծագործել «թյուրքերենով», ավելին՝ «թյուրքերենով» ստեղծագործելը համարել է անպատիվ՝ համեմատած իր մայրենի լեզվի՝ ֆարսիի. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հունիս 24,2024 17:37

Ադրբեջանի նախագահը շարունակում է իրականության բազմաշերտ խեղաթյուրման և միջազգային հանրությանը ցանկալի քաղաքակրթական լույսի տակ ներկայանալու քստմնելի քաղաքականությունը։ Վերջինս «Ճանապարհ դեպի COP29. կայուն և շարունակական ապագա» թեմայով բարձր մակարդակի 29-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում, խոսելով Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի գործունեության մասին, նշել է, որ այն առաջնորդվում է «Ադրբեջանի հանճարեղ բանաստեղծ և մտածող Նիզամի Գյանջևիի փիլիսոփայական մտքերով, առաջադեմ գաղափարներով, համամարդկային արժեքներով և սկզբունքներով»։ Ադրբեջանի նախագահը նաև հավատացած է, թե միջազգային կենտրոնի նախաձեռնությունները և համաշխարհային օրակարգի արդի խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկվող նոր մոտեցումները բարձր են գնահատվում աշխարհում։

Մինչդեռ ինչպես շատ այլ պարագաներում, այժմ էլ որոշ հարցադրումներ են առաջանում։ Մասնավորապես արդյո՞ք Նիզամի Գյանջևին «ադրբեջանցի» պոետ է և արդjո՞ք Ադրբեջանի նախագահին կից ստեղծված միջազգային կենտրոնը կարող է առաջնորդվել «առաջադեմ գաղափարներով, համամարդկային արժեքներով և սկզբունքներով»։

Այսպես, պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևին, որը ծնվել է Գանձակ քաղաքում և իր ողջ ստեղծագործական կյանքում ստեղծագործել բացառապես պարսկերենով, Խորհրդային իշխանության ջանքերով միայն 1938 թ․ «վերածվեց» «ադրբեջանական փայլուն բանաստեղծի» այն պարզ նպատակադրմամբ, որ Ադրբեջան պետության ընթացիկ սահմաններում անհրաժեշտ էր «հորինել» պատմական անցյալ՝ քաղաքական և մշակութային համապատասխան գործիչների առկայությամբ։ Հակառակ դեպքում անհնար էր դառնում «ապացուցել» Ադրբեջան պետության գոյությունն անցյալում, ինչը օրակարգային էր։ Չէ՞, որ ո՛չ խորհրդային կենտրոնական իշխանությունը, ո՛չ էլ խորհրդային Ադրբեջանի ազգայնական վերնախավը պատրաստ չէին խոստովանելու, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է միայն 1918 թ․՝ առանց բնակչության էթնիկ ինքնագիտակցության որոշակի մակարդակի։ Եթե Նիզամին իրապես «ադրբեջանցի» է, ապա ինչո՞ւ չի ստեղծագործել «թյուրքերենով», ավելին՝ «թյուրքերենով» ստեղծագործելը համարել է անպատիվ՝ համեմատած իր մայրենի լեզվի՝ ֆարսիի։ Ավելին՝ Encyclopedia Britannica-ն, World History Encyclopedia-ն, Encyclopaedia Iranica-ն և այլ հեղինակավոր հանրագիտարաններ, առաջադեմ գիտնականներ Նիզամիին համարում են միջնադարյան նշանավոր պարսիկ բանաստեղծ։ Պատմական մեծ գիտելիքներ հարկավոր չեն հասկանալու համար, որ 12-րդ դարում ապրած բանաստեղծը չէր կարող լինել միայն 20-րդ դարում արհեստականորեն ստեղծված ազգի ներկայացուցիչ։

Մեկ այլ ծիծաղաշարժ միտք է այն, որ խեղաթյուրման վրա հիմված մի կազմակերպություն, որը ստեղծվել է առնվազն երեք պատերազմ հրահրած, քնած հային կացնահարածին հերոսացնող, ավելի քան 120 հազար էթնիկ հայերի հումանիտար աղետի հասցրած, էթնիկ զտում իրականացրած նախագահին կից, կարող է «առաջադեմ գաղափարներով, համամարդկային արժեքներով և սկզբունքներով» առաջնորդվել և «համաշխարհային օրակարգի արդի խնդիրների լուծման ուղղությամբ նոր մոտեցումներ առաջարկել»։ Ո՞րն է այդ «համաշխարհային օրակարգը»։ Արդյո՞ք այսօր համաշխարհային օրակարգի մաս չէ ռասայական խտրականության դեմ պայքարը, էթնոցիդը, որի իրականացման մեծ փորձ ունի հենց Ադրբեջանը, խոսքի, խղճի և առհասարակ մարդու իրավունքների պաշտպանությունը, հումանիտար աղետների կանխարգելումը։ Նման համաշխարհային օրակարգը կարող է ենթադրել միայն ու միայն պատասխանատվության ենթարկում հենց Ադրբեջանին՝ իր նախագահով հանդերձ՝ որպես մարդկության դեմ իրականացված հանցանքների գլխավոր ճարտարապետի։ Հետևապես Ադրբեջանի նախագահի հնչեցրած գաղափարները տրամագծորեն հակառակ են այն իրականությանը, որում արդեն մի քանի տասնամյակ է ապրում է տարածաշրջանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական հայտարարությունները, որոնց աղերսն իրականության հետ ուղիղ համեմատական է Ադրբեջանում մարդու իրավունքների նկատմամբ համակարգային հարգանքին՝ զրոյական է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և վերոնշյալ կենտրոնի հետ համագործակցած և համագործակցող բոլոր անհատներին և կազմակերպություններին հետամուտ լինել միջազգային արդարադատության սկզբունքներին և նորմերին՝ մասնակից չդառնալու համար այն հանցավորությանը, որը հեղինակում է Ադրբեջանի նախագահը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930